Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Սպառնացել է բռնություն գործադրել հարկային տեսչության բաժնի պետի նկատմամբ. առաջադրվել է մեղադրանք

20.05.2017 16:06

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՍՊԸ-ի տնօրենին՝ ՊԵԿ Վանաձորի տարածքային հարկային տեսչության հսկողության բաժնի պետի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար:

2017թ. փետրվարի 13-ին՝ ժամը 16:45-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ ՀՀ ՊԵԿ Վանաձորի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի պետի հասցեին ՍՊ ընկերության տնօրենը հնչեցնում է բռնություն գործադրելու սպառնալիքներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, դրդապատճառը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հարկային տեսչության հսկողության բաժնի աշխատակիցների կողմից հիշյալ ընկերությունում արձանագրվել են խախտումներ և կատարվել պետական բյուջե գումար վճարելու հաշվարկում: ՊԵԿ-ի իրավասու աշխատակիցների կողմից, սահմանված կարգով խախտումներն արձանագրվելուց հետո, ՍՊԸ-ի տնօրենը փետրվարի 13-ի առավոտյան, առանց համապատասխան թույլտվության, մուտք է գործել հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի պետի աշխատասենյակ և վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված տվել բռնություն գործադրելու  սպառնալիքներ։ Ժամեր անց ՍՊԸ տնօրենը կրկին վերադարձել է տեսչության վարչական շենքի մոտ ու պահանջել, որ բաժնի պետը դուրս գա՝ հակառակ պարագայում սպառնալով բռնություն գործադրել նրա նկատմամբ։

Ահազանգի հիման վրա դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և ՍՊԸ տնօրենին բերման ենթարկել։

Նախաքննության ընթացքում քննիչը որոշում է կայացրել՝ տուժողի նկատմամբ պաշտպանության միջոց ընտրելու մասին և ՍՊԸ տնօրենին պաշտոնապես նախազգուշացրել։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի