Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննչական կոմիտեի հրավերով Երևանում է գտնվում միջազգային փորձագիտական խումբը

08.05.2015 21:18


ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ այսօր Երևանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Եվրամիության TAIEX  միջազգային փորձագիտական խմբի անդամների մասնակցությամբ, որի ժամանակ վերջիններս ներկայացրել են փորձագիտական առաքելության նախնական արդյունքները։

Շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի կապակցությամբ՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն արձանագրել է, որ անցած ամիսների ընթացքում զգալի քայլեր են ձեռնարկվել կոմիտեի կայացման, քննիչների աշխատանքային, նյութատեխնիկական պայմանների բարելավման, քննիչների մասնագիտական կարողությունները զարգացնելու ուղղությամբ՝ միաժամանակ նկատելով, որ կոմիտեի գործունեության անցած 7 ամիսների ընթացքում առավել տեսանելի են դարձել առկա խնդիրները, նախաքննության առջև ծառացած հարցերը։ Կոմիտեի նախագահը հատկապես կարևորել է նախաքննության ողջամիտ ժամկետների պահպանումը, քննիչների մասնագիտական ունակությունների զարգացումը,  քրեագիտական արդի տեխնիկական միջոցների կիրառումը, այդ թվում՝ առանձին քննչական գործողությունների կատարման ուղղությամբ վերապատրաստումները։

ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հատուկ ընդգծել է քննիչներին, նրանց վարքականոնին ուղղված պահանջները՝ նշելով, որ ընդհանուր քննչական մարմնի վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորման վրա էական նշանակություն ունեն յուրաքանչյուր քննիչի վարքագիծը, արժեհամակարգը, օրինականության պահպանումը։

«Օրինականության ապահովումն անշեղ պահանջ է՝ ուղղված բոլոր ծառայողներին, յուրաքանչյուր քննիչ պետք է գիտակցի, որ հենց ինքն է իր վարքագծով և աշխատանքով ձևավորում հանրային կարծիքն իր և իր գործընկերների վերաբերյալ»,- ասաց Ա.Հովսեփյանը և հույս հայտնեց, որ փորձագետների եզրակացությունը կնպաստի ինչպես կոմիտեի կարողությունների, այնպես էլ՝ ծառայողների մասնագիտական ունակությունները զարգացնելուն միտված աշխատանքային ծրագրերի իրականացմանը։

Միջազգային փորձագիտական խումբը Երևան է ժամանել ՀՀ քննչական կոմիտեի հրավերով և փորձագիտական առաքելության շրջանակներում մայիսի 4-8-ը  ծանոթացել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործունեության սկզբունքներին, պահանջներին, օրենսդրական դաշտի կարգավորումներին, նյութատեխնիկական, շենքային պայմաններին։

Փորձագետներն աշխատանքային հանդիպումներ են ունեցել ինչպես կենտրոնական մարմնում, այնպես էլ՝ տարածքային ստորաբաժանումներում, ծանոթացել  կոմիտեի տեխնիկական հագեցվածությանը, առկա կարիքներին, քննիչների նշանակման և վերապատրաստման ընթացակարգերին, ուսումնական ծրագրերին։

Նախատեսվում է, որ այցելության արդյունքներով փորձագետները կմշակեն և կներկայացնեն զեկույց՝ Քննչական կոմիտեի՝ որպես անկախ պետական մարմնի կայացման ուղղությամբ կատարված աշխատանքների, առկա խնդիրների և կարողությունների զարգացման վերաբերյալ։


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի