Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Նորածնին թողել են ծառի տակ. մեղադրանք է առաջադրվել մորը

30.07.2018 14:31

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է նորածին երեխային վտանգի մեջ թողնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչը 2017 թվականի օգոստոսի 12-ին իրենց տան բակում գտնվող սալորի ծառի տակ հայտնաբերել էր իգական սեռի նորածին երեխայի։ Փոքրիկն անմիջապես շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, և ժամանակին ձեռնարկված միջոցառումների արդյունքում բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում: Միջոցներ են ձեռնարկվել՝ երեխայի՝ ծառի տակ հայտնվելու հանգամանքները պարզելու, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, նշանակվել բազմաթիվ փորձաքննություններ:

Արդյունքում՝ պարզվել է նորածնի մոր ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակչուհի է՝ ծնված 1981 թվականին։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս 2017թ. օգոստոսի 12-ին տնային պայմաններում ծննդաբերել է իգական սեռի երեխա և, ցանկանալով նորածնի գոյության փաստը քողարկել հանրությունից, թողել է նրան Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի տներից մեկի հետնամասում գտնվող անմշակ այգում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի