Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հրաման՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին

17.11.2014 16:18




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հրաման
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 15-րդ հոդվածի 1-ին մասով ՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
 

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը՝ համաձայն հավելվածի:

2.Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին: 

 

               Ա.Գ.ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

    «17» նոյեմբերի 2014թ.

                                                                                                                                                                                                                                                                                                       ք. Երևան    

 

Հավելված
Հաստատված է  Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի « 17»-11- 2014թ.
թիվ 12Ա  հրամանով
 

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 I. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության կազմակերպման կարգն ու պայմանները:

2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է մշտական հիմունքներով՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք), սույն կարգով, ինչպես նաև` այլ իրավական ակտերով։

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

3. Հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, որի կազմում են Կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ Կոմիտեի նախագահի որոշմամբ,  Կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 ծառայող, Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից նշանակված երկուական ներկայացուցիչ: Հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով:

4. Հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է:

5. Հանձնաժողովն ունի նախագահ և քարտուղար:

6. Հանձնաժողովը ղեկավարում է Հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահն ընտրվում է Հանձնաժողովի անդամների թվից՝ Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովի նախագահի թեկնածու կարող է առաջադրել Հանձնաժողովի անդամը: Հանձնաժողովի նախագահն ընտրվում է բաց քվերակությամբ: Հանձնաժողովի նախագահի թեկնածուի քվերակության ձայների հավասարության դեպքում՝ որոշիչ է համարվում Հանձնաժողովի կազմում ընդգրկված Կոմիտեի նախագահի տեղակալի ձայնը:

7. Հանձնաժողովում նոր անդամների նշանակումներն օրենքով սահմանված կարգով կատարվում են Հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան նախորդող օրը:

8. Հանձնաժողովի ընտրվող երեք ծառայողները վիճակահանությամբ ընտրվում են Կոմիտեի ծառայողների թվից, բացառությամբ Կոմիտեի նախագահի և նրա տեղակալների:

9. Վիճակահանություն անցկացնելուց մեկ օր առաջ Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության կողմից վիճակահանությանը մասնակցող Կոմիտեի ծառայողների անուն-ազգանունները և պաշտոնները լրացվում են միատեսակ թերթիկների վրա, բոլոր թերթիկները ծալվում են այնպես, որ միմյանցից չտարբերվեն: 

10. Վիճակահանության թերթիկները վիճակահանության թափանցիկ արկղի մեջ են տեղավորվում վիճակահանության հանձնաժողովի նախագահի կողմից, հիշյալ հանձնաժողովի անդամների ներկայությամբ՝ հավաստիանալով վիճակահանությանը մասնակցող ծառայողների և վիճակահանության թերթիկների թվաքանակի համապատասխանության մեջ:   

11. Վիճակահանության հանձնաժողովի նախագահը վիճակահանության արկղից երեք անգամ հանում է  մեկական  թերթիկ, որոնք հերթականությամբ բացում է և բարձրաձայն ընթերցում դրանցում գրառված ծառայողների անուն-ազգանունները և պաշտոնները:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 

12. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) նպաստել կոմիտեի ծառայողին ներկայացվող բարոյական բարձր չափանիշների ձևավորմանը.

2) նպաստել ծառայողական կարգապահության ամրապնդմանը.

3) նպաստել կարգապահական խախտումների կանխարգելմանը և այդպիսիք ծնող պատճառների վերացմանը.

4) ապահովել Կոմիտեի ծառայողի անկախությունը և իրավունքների պաշտպանությունը.

5) կանխել Կոմիտեի ծառայողին անհիմն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:
 

13. Հանձնաժողովը՝

1) քննարկում է կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդագրերը.

2) տալիս է եզրակացություններ.

3) ընդունում է ընթացակարգային և ըստ էության որոշումներ.

4) իրականացնում է Օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորություններ:
 

14.  Հանձնաժողովի նախագահը՝

1) կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

2) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.

3) իր իրավասության սահմաններում հանձնարարականներ է տալիս Հանձնաժողովի անդամներին.

4) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, եզրակացությունները, որոշումներն ու Հանձնաժողովի կողմից կազմված այլ փաստաթղթերը.

5) որոշում է նիստերի օրակարգը, հարցերի քննարկման հերթականությունը.

6) Հանձնաժողովի անդամների կողմից կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդություն ներկայացնելու դեպքում՝ նախնական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով, այն ուղարկում է Կոմիտեի ներքին անվտանգության վարչություն.

7) կարիքն առաջանալու դեպքում՝ պահանջում է առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր.

8) հարցեր է տալիս նախնական ուսումնասիրություն իրականացրած Կոմիտեի ներքին անվտանգության վարչության ծառայողին (այսուհետ՝ Զեկուցող).

9) հանձնարարում է Հանձնաժողովի քարտուղարին միջնորդությունների վերաբերյալ հավաքել նյութեր, Հանձնաժողովի նիստին ներկայացնել դրանք և կազմել որոշումների, եզրակացությունների ու այլ փաստաթղթերի նախագծեր.

10) Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում, իր լիազորությունների իրականացումը հանձնարարում է Հանձնաժողովի անդամներից մեկին.

11) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված լիազորություններ:
 

15. Հանձնաժողովի անդամը՝

1) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին.

2) առաջարկություններ և կարծիքներ է ներկայացնում Հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ.

3) հարցեր է տալիս Զեկուցողին.

4) ստորագրում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները, կազմված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը.

5) Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդագրեր.

6) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված լիազորություններ:
 

16. Հանձնաժողովի քարտուղարին Կոմիտեի դեպարտամենտի ծառայողների թվից նշանակում է Կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը:
 

17. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

2) Հանձնաժողովի նիստի օրակարգի, տեղի և ժամանակի մասին նիստից առնվազն երեք օր առաջ գրավոր կամ կապի միջոցներով տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին, Կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը, իսկ Կոմիտեի այն ծառայողին, ում նկատմամբ քննվելու է կարգապահական խախտման հարցը՝ Հանձնաժողովի նիստի տեղի և ժամանակի մասին.

3) Հանձնաժողովի անդամներին տրամադրում է Հանձնաժողովի կողմից քննության առնված հարցերի վերաբերյալ համապատասխան նյութեր, նախնական ուսումնասիրության արդյունքում կազմված եզրակացության օրինակներ.

4) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` միջնորդությունների վերաբերյալ հավաքում է նյութեր, Հանձնաժողովի նիստում ներկայացնում է դրանք և կազմում որոշումների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի նախագծեր.

5) իրականացնում է Հանձնաժողովի նիստերի նախապատրաստման հետ կապված աշխատանքներ.

6) Կոմիտեի դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանմանը պահպանության և հաշվառման է հանձնում Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և մյուս նյութերը.

7) կատարում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները.

8) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

9) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված լիազորություններ:
 

18. Հանձնաժողովի նախագահի և անդամների լիազորությունները դադարեցվում են.

1) Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո.

2) Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Կոմիտեի նախագահի կողմից նշանակված, ինչպես նաև վիճակահանությամբ ընտրված Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամ դադարեցմամբ.

3)  անձնական դիմումի համաձայն:
 

19. Հանձնաժողովի լիազորությունների լիարժեք իրականացումն ապահովում է Կոմիտեի դեպարտամենտը:

         

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

20. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են Հանձնաժողովի  առնվազն 5 անդամ: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ՝ Հանձնաժողովի անդամներից մեկը: Հանձնաժողովի անդամը նիստին ներկայանալու անհնարինության դեպքում՝ այդ մասին նախօրոք տեղյակ է պահում Հանձնաժողովի նախագահին:
 

21. Հանձնաժողովի անդամը չի մասնակցում այն որոշման կայացմանը, որը վերաբերում է նրա մերձավոր ազգական հանդիսացող Կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, իսկ Կոմիտեի ծառայողների թվից վիճակահանությամբ ընտրված Հանձնաժողովի անդամը՝ նաև իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելուն վերաբերող որոշման կայացմանը:
 

22. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական շենքում: Հանձնաժողովի նախագահի որոշմամբ կարող են անցկացվել նաև արտագնա նիստեր:  
  

23. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Հանձնաժողովի որոշմամբ նիստերը կարող են ձայնագրվել և տեսագրվել: Ձայներիզներն ու տեսաերիզները կցվում են արձանագրությանը՝ որպես հավելված: Հանձնաժողովի նիստի արձանագրությունը, որը ներառում է նաև քննարկված բոլոր հարցերի քվեարկությունների անվանական արդյունքները, ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:
 

24. Նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են`

1) նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) նիստը սկսելու և ավարտելու ժամը.

3) նիստին ներկա Հանձաժողովի անդամների և   քարտուղարի անունը.

4) տեղեկություններ Հանձնաժողովի կողմից քննվող հարցի վերաբերյալ.

5) տեղեկություններ` նիստին մասնակցող անձանց ներկայանալու վերաբերյալ.

7) նիստին մասնակցող անձանց հայտարարությունները, միջնորդությունները և բացատրությունները.

8) Կոմիտեի ծառայողների, այլ անձանց բացատրությունները.

9) տեղեկություններ` նյութերի հրապարակման, զննման և հետազոտման վերաբերյալ.

10) ընթացակարգային որոշումների տեսքով ձևակերպվող որոշումների բովանդակությունը:
 

25. Հանձնաժողովը կայացնում է ընթացակարգային և ըստ էության որոշումներ, տալիս է եզրակացություններ: Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում կարող է կայացնել նաև սույն կարգին և Օրենքին չհակասող այլ որոշումներ:

26. Հանձնաժողովի՝ ըստ էության որոշումները պետք է լինեն  պատճառաբանված և համապատասխան տեղեկություններ պարունակեն Օրենքի 29-րդ հոդվածում նշված կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության (բացակայության) վերաբերյալ։

 

ԲԱԺՆԻՆ 2. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

  V. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ

ՓՈՒԼԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

27. Ծառայողական քննությունը բաղկացած է հետևյալ փուլերից՝ նախնական ուսումնասիրություն և կարգապահական վարույթ:

28. Կարգապահական վարույթը բաղկացած է կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդության քննարկման, հիմնական լսումների և լրացուցիչ լսումների փուլերից:

 

VI. ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

 

29. Նախնական ուսումնասիրություն կատարելու առիթներն են Կոմիտեի ծառայողի կողմից առերևույթ իրավախախտում կատարելու մասին տեղեկություններ պարունակող հետևյալ աղբյուրները՝

1) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց գրավոր հաղորդումները, դիմումները.

2) դատախազի հաղորդումը կամ միջնորդագիրը.

3) լրատվության միջոցի հաղորդումը.

4) Կոմիտեի ծառայողի կողմից վարչական իրավախախտում կատարելու փաստով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն կազմված արձանագրությունները.

5) Հանձնաժողովի անդամի միջնորդությունը.

6) Կոմիտեում հայտնաբերված իրավախախտման մասին Կոմիտեի ստորաբաժանման ղեկավարի զեկուցագիրը:
 

30. Նախնական ուսումնասիրության առիթների առկայության դեպքում Կոմիտեի նախագահը, ինչպես նաև՝ Հանձնաժողովի անդամների կողմից կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդություն ներկայացնելու դեպքում՝ Հանձնաժողովի նախագահը, նախնական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով, Կոմիտեի ծառայողի կողմից առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող նյութերն ուղարկում են Կոմիտեի ներքին անվտանգության վարչություն:
 

31. Նախնական ուսումնասիրության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքներն են՝

1) իրավախախտման օբյեկտիվ հատկանիշները (արարքը, հետևանքը, պատճառական կապը, տեղը, ժամանակը, եղանակը).

2) իրավախախտման սուբյեկտիվ հատկանիշները (մեղքի առկայությունը, շարժառիթը, նպատակը).

3) իրավախախտումներ ծնող պատճառները և դրանց նպաստող պայմանները:


32. Նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողը լիազորված է՝

1) սահմանված ժամկետներում անցկացնել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախնական ուսումնասիրություն՝ կատարված գործողություններին տալով համապատասխան փաստաթղթային ձևակերպում.

2) Կոմիտեի նախագահի և անմիջական ղեկավարի պահանջով պարբերաբար ներկայացնել նախնական ուսումնասիրության նյութերը և զեկուցել ընթացքի մասին.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ մարմիններից և կազմակերպություններից սահմանված կարգով պահանջել փաստաթղթեր, նյութեր և տվյալներ, որոնք կարող են տեղեկություններ պարունակել իրավախախտման և դրան առնչվող անձանց մասին.

4) ուսումնասիրել առերևույթ իրավախախտման փաստին առնչվող քրեական, քաղաքացիական, կարգապահական կամ վարչական վարույթի նյութեր և Կոմիտեի տնօրինության տակ գտնվող այլ փաստաթղթեր, անհրաժեշտության դեպքում դրանց կրկնօրինակները կցել նախնական ուսումնասիրության նյութերին.

5) վերցնել բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ) առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողից, նախնական ուսումնասիրությանն աջակցող այլ անձանցից.

6) կատարել զննություն.

7) իր իրավասության սահմաններում լուծել կարգապահական խախտում կատարած Կոմիտեի ծառայողի միջնորդությունները.

8) պարզաբանել առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողի, մասնագետի, թարգմանչի, այլ անձի իրավունքներն ու պարտականությունները:
 

33. Նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողի անմիջական ղեկավարը լիազորված է՝

1) նախնական ուսումնասիրությունը հանձնարարել ներքին անվտանգության վարչության ծառայողին,  տալ պարտադիր կատարման ենթակա ցուցումներ առանձին գործողություններ կատարելու վերաբերյալ.

2) նախնական ուսումնասիրության ընթացքում դրա իրականացումը գրավոր հանձնարարել ստորաբաժանման այլ ծառայողի.

3) մասնակցել նախնական ուսումնասիրության ընթացքում առանձին գործողությունների կատարմանը, անձամբ կատարել նախնական ուսումնասիրություն.

4) գրավոր հաստատել նախնական ուսումնասիրության արդյունքներով կազմված եզրակացությունը, իսկ դրա հետ համաձայն չլինելու դեպքում՝ ներկայացնել անհամաձայնությունը պատճառաբանող զեկուցագիր:
 

34. Առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողն իրավունք ունի՝

1) նախնական ուսումնասիրությանը մասնակցելու պահից ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին.

2) իմանալու, թե ինչում է կասկածվում և բացատրություն տալ դրա վերաբերյալ.

3) բացարկ ներկայացնելու, եթե կան հանգամանքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողն ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է նախնական ուսումնասիրության ելքով: Բացարկը լուծում է Կոմիտեի նախագահը:

4) Նախնական ուսումնասիրության ցանկացած փուլում միջնորդություններ ներկայացնելու առանձին գործողություններ կատարելու, ինչպես նաև նախնական ուսումնասիրության նյութերին իր դիմումը հիմնավորող փաստական տվյալներ կցելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ.

5) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու առաջարկություններ, միջնորդություններ ու դիտողություններ.

6) մինչև նախնական ուսումնասիրության ավարտը ծանոթանալու նյութերին (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների), ներառյալ` նախնական ուսումնասիրության արդյունքներով կազմված եզրակացությանը:
 

35. Առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողը պարտավոր է. 

1) նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողի պահանջով ներկայանալու նախնական ուսումնասիրության իրականացման վայր, մասնակցելու անհրաժեշտ գործողությունների և ստորագրությամբ հաստատելու դրանց կապակցությամբ կազմված արձանագրությունների (տեղեկանքների) ճշտությունը, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում ներկայացնելու գրավոր պատճառաբանություն.

2) նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողի պահանջով ներկայացնելու իր մոտ եղած` նախնական ուսումնասիրությանն անհրաժեշտ առարկաները և փաստաթղթերը:
 

36. Նախնական ուսումնասիրությունն իրականացվում է հնարավոր սեղմ ժամկետներում, բայց ոչ ավելի, քան դրա նշանակումից սկսած 15 օրվա ընթացքում: Այդ ժամկետը նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա կարող է երկարաձգվել ևս մինչև 15 օրով, եթե.

1) նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողից անկախ պատճառներով ձգձգվում են այլ մարմին կատարված հարցումների պատասխանները.

2) նախնական ուսումնասիրության նյութերով էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ փաստական տվյալներ:
 

37.  Նախնական ուսումնասիրությունը կարող է կասեցվել, եթե՝

1) Հայաստանի Հանրապետության դատախազության և նախաքննության մարմինների քննարկմանն է ուղարկվել նախնական ուսումնասիրության նյութեր՝ մինչև համապատասխան որոշում կայացնելը կամ մինչև Կոմիտեի ծառայողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը.

2) նախնական ուսումնասիրություն նշանակելուց հետո պարզվել է, որ փաստի առթիվ նախաքննության մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ՝ մինչև համապատասխան որոշում կայացնելը կամ մինչև Կոմիտեի ծառայողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը.

3) նախնական ուսումնասիրության ժամկետն ավարտվելուց հետո հայտնի չէ այն ծառայողը, ով պետք է ենթարկվի կարգապահական տույժի.

4) առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողը ծանր հիվանդ է կամ գտնվում է արձակուրդում (գործուղման մեջ)` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, և առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուծել նախնական ուսումնասիրության վերջնական ընթացքը.

5) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է նախնական ուսումնասիրության կատարմանը:
 

38. Սույն կարգի 37-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում նախնական ուսումնասիրությունը կասեցվում է այն իրականացնող ծառայողի կամ վերջինիս անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա` Կոմիտեի նախագահի, իսկ Հանձնաժողովի անդամի միջնորդության հիման վրա իրականացված նախնական ուսումնասիրության դեպքում՝ Հանձնաժողովի որոշմամբ:
 

39. Սույն կարգի 37-րդ մասով նախատեսված հիմքերը վերանալու դեպքում նախնական ուսումնասիրությունը վերսկսվում է սույն կարգի 38-րդ մասով սահմանված կարգով:
 

40. Նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողը պարտավոր է սեղմ ժամկետում գրավոր տեղեկացնել նախնական ուսումնասիրության վերսկսման մասին այն քաղաքացուն, կազմակերպությանը կամ պաշտոնատար անձին, ումից ստացվել է Կոմիտեի ծառայողի կողմից իրավախախտում կատարելու վերաբերյալ դիմումը, հաղորդումը կամ միջնորդությունը:
 

41. Նախնական ուսումնասիրության ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում այն կասեցվել է:
 

42. Նախնական ուսումնասիրությունը վերսկսելուց հետո այն ավարտվում է 15-օրյա ժամկետում:
 

43. Սույն կարգի 37-րդ մասով նախատեսված հիմքերով նախնական ուսումնասիրությունը կարող է կասեցվել կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո առավելագույնը 12 ամիս ժամկետով:
 

44. Նախնական ուսումնասիրությունը դադարեցվում է, եթե՝

1) իրավախախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողը մահացել է, և կարգապահական պատասխանատվության ենթակա այլ ծառայողներ չկան.

2) իրավախախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողի լիազորությունները դադարել են Օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով.

3) իրավախախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողի արարքում բացակայում են կարգապահական խախտման հատկանիշները.

4) իրավախախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողի մասնակցությունը կարգապահական խախտման կատարմանն ապացուցված չէ և սպառված են նոր փաստական տվյալներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները.

5) նախնական ուսումնասիրություն նշանակելու առիթ հանդիսացող փաստերի վերաբերյալ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ կամ համաներման ակտ:

6) լրացել է սույն կարգի 43-րդ մասով նախատեսված նախնական ուսումնասիրության կասեցնելու առավելագույն ժամկետը:
 

45. Նախնական ուսումնասիրությունը դադարեցնելու վերաբերյալ այն իրականացնող ծառայողը կամ վերջինիս անմիջական ղեկավարը կազմում է եզրակացություն, որը համապատասխան որոշում կայացնելու նպատակով ներկայացվում է Կոմիտեի նախագահին, իսկ Հանձնաժողովի անդամի միջնորդության հիման վրա իրականացված նախնական ուսումնասիրության դեպքում՝ Հանձնաժողովի քննարկմանը:
 

46. Նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Կոմիտեի վարչական շենքերում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ վայրերում:
 

47. Նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողը վարույթ իրականացնելիս սահմանափակվում է նախնական ուսումնասիրություն նշանակելու առիթ հանդիսացող փաստաթղթերում նշված հանգամանքների ստուգմամբ և պարզաբանմամբ, իսկ ուսումնասիրության ընթացքում նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում դրանք նույնպես ստուգվում և պարզաբանվում են` այդ մասին նախապես զեկուցելով Կոմիտեի նախագահին:
 

48. Նախնական ուսումնասիրության ընթացքը և արդյունքները վարույթ իրականացնող ծառայողը պետք է գրանցի արձանագրություններում և գրավոր այլ փաստաթղթերում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` դրանց կցված հավելվածներում: Նախնական ուսումնասիրության ընթացքն ու արդյունքները պարունակող փաստաթղթերը պետք է կազմվեն այնպես, որ ապահովվի դրանց բովանդակության հստակ ընկալումը: Նախնական ուսումնասիրության հիմքում չեն կարող դրվել Օրենքի և սույն կարգի պահանջների խախտմամբ ձեռք բերված փաստական տվյալներ:
 

49. Նախնական ուսումնասիրության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում նյութերը համապատասխան զեկուցագրով ներկայացվում են Կոմիտեի նախագահին:
 

50. Նախնական ուսումնասիրության արդյունքում կազմվում է եզրակացություն՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ:
 

51. Եզրակացությունը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ հետևյալ մասերից.
 
1) ներածական մասում նշվում են տվյալներ` եզրակացությունը կազմելու վայրի, նախնական ուսումնասիրություն սկսելու առիթի, հիմքի և ժամկետի մասին.

2) նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են տվյալներ`

- նախնական ուսումնասիրության ընթացքում պարզված հանգամանքների և դրանց հիմնավորումների վերաբերյալ.

- Կոմիտեի ծառայողի մեղավորությունը կամ անմեղությունը հաստատող փաստական տվյալները.

- Կոմիտեի ծառայողին բնութագրող այլ հանգամանքներ.

- Կոմիտեի ծառայողի վերջին մեկ տարում ստացած գործող կարգապահական տույժերի վերաբերյալ տվյալներ.

3) եզրափակիչ մասում շարադրվում են կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ  հետևությունները, նախնական ուսումնասիրություն իրականացրած անձի անվան, ազգանվան, զբաղեցրած պաշտոնի, դասային աստիճանի, ինչպես նաև եզրակացությունը կազմելու տարվա, ամսվա և ամսաթվի մասին:
 

52. Կոմիտեի ծառայողի կողմից կարգապահական խախտման առերևույթ հատկանիշների առկայության դեպքում Կոմիտեի նախագահը կամ տեղակալը կարող են Կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությամբ դիմել Հանձնաժողովին:
 

53. Հանձնաժողովի անդամի միջնորդության հիման վրա իրականացված նախնական ուսումնասիրության եզրակացությունը և նյութերը ներկայացվում են Հանձնաժողովի նախագահին և միջնորդություն ներկայացրած անդամին: Նախնական ուսումնասիրության եզրակացությունը պարտադիր չէ միջնորդություն ներկայացրած Հանձնաժողովի անդամի համար: 
 

54. Հանձնաժողովի նախագահը կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության դեպքում կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է Հանձնաժողովին:
 

55. Հանձնաժողովի անդամը նախնական ուսումնասիրության եզրակացության և նյութերի հիման վրա որոշում է կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնելու հարցը:
 

 

VII. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

 

56. Կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության առկայության դեպքում Հանձնաժողովի նախագահը բացում է Հանձնաժողովի նիստը` հայտարարելով, թե ինչ հարց է ենթակա քննության, ինչպես նաև սահմանում է նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննության կարգը: Մինչև օրակարգի հրապարակումն այլ հարցեր չեն քննարկվում:
 

57. Հանձնաժողովի նախագահը հրապարակում է կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը և կից ներկայացված նյութերը: Հանձնաժողովի անդամները և առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողն իրավունք ունեն ծանոթանալու կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությանը և կից ներկայացված փաստաթղթերին:
 

58. Զեկուցողը ներկայացնում է կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացությունը և նախնական ուսումնասիրության նյութերը: Հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն ծանոթանալու նախնական ուսումնասիրության նյութերին և հարցեր տալ Զեկուցողին:
 

59. Կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության քննարկման արդյունքում հանձնաժողովը որոշում է կայացնում կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը բավարարելու և կարգապահական վարույթ հարուցելու կամ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը մերժելու մասին:
 

60. Հանձնաժողովը որոշումն ընդունում է փակ քվեարկությամբ՝ նիստին ներկա Հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Հանձնաժողովի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալ քվեարկությունից: Հանձնաժողովի նախագահը քվեարկում է վերջինը: Հանձնաժողովի անդամների ձայները կիսվելու դեպքում ընդունված է համարվում Կոմիտեի ծառայողի համար առավել բարենպաստ որոշումը։
 

61. Եթե մինչև կարգապահական վարույթ հարուցելը պարզվել է, որ առկա է Կոմիտեի տվյալ ծառայողի մասնակցությամբ կամ նրա կատարած ենթադրյալ հանցագործության դեպք, ապա կարգապահական վարույթի հարուցումը հետաձգվում է մինչև համապատասխան նյութերի նախապատրաստման կամ քրեական գործի քննության ավարտը:

 

VIII. ՀԻՄՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ

 

62. Կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելու դեպքում Հանձնաժողովը  քննարկում է հիմնական լսումներ անցկացնելու հարցը:
 

63. Կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում Հանձնաժողովը կարող է միջնորդել Կոմիտեի նախագահին կասեցնելու առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողի լիազորությունները, եթե նրան վերագրվում է այնպիսի խախտում, որը կարող է նրա լիազորությունների դադարեցման հիմք հանդիսանալ` մինչև տվյալ հիմքով հարուցված կարգապահական վարույթով վերջնական որոշման ընդունումը:
 

64. Մինչև իրավախախտման վերաբերյալ փաստական տվյալների հետազոտումը սկսելը բացման խոսքով հանդես է գալիս Զեկուցողը, ով ներկայացրել է կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության վերաբերյալ եզրակացությունը, կամ Հանձնաժողովի անդամը, ում միջնորդության հիման վրա հարուցվել է կարգապահական վարույթը: Զեկուցողը կամ հանձնաժողովի անդամը բացման խոսքում ներկայացնում է Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի այն կետը, որի առերևույթ խախտման մեջ կասկածվում է Կոմիտեի ծառայողը, ինչպես նաև իրավախախտում կատարելու փաստական հիմքը: Հանձնաժողովի նախագահը և անդամներն իրավասու են Զեկուցողի կամ Հանձնաժողովի՝ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացրած անդամի դիրքորոշումը ճշտող հարցեր տալ:
 

65. Առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող ծառայողը, նիստին մասնակցելու դեպքում, իրավունք ունի բացման խոսքում ներկայացնել իրեն վերագրվող իրավախախտման վերաբերյալ դիրքորոշումը: Հանձնաժողովի նախագահը և անդամներն իրավասու են ծառայողիդիրքորոշումը ճշտող հարցեր տալ:
 

66. Բացման խոսքերը ներկայացնելուց անմիջապես հետո Հանձնաժողովն անցնում է նախնական ուսումնասիրության նյութերի կամ Հանձնաժողովի՝ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն հարուցած անդամի ներկայացրած նյութերի հետազոտմանը:
 

67. Զեկուցողը կամ Հանձնաժողովի՝ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն հարուցած անդամը Հանձնաժողովին ներկայացնում է յուրաքանչյուր վերաբերելի նյութի հակիրճ բովանդակությունը, ինչպես նաև տվյալ նյութով հիմնավորվող իրավախախտման հատկանիշները: Հանձնաժողովի նախագահը կամ անդամներն իրավասու են յուրաքանչյուր ներկայացված նյութի վերաբերյալ տալ հարցեր:
 

68. Կոմիտեի ծառայողն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ: Հանձնաժողովի նախագահն իր նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի անդամի միջնորդությամբ բացատրություն տալու նպատակով նիստին կարող է հրավիրել առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողին կամ այլ անձի:
 

69. Հանձնաժողովը նյութեր չի հետազոտում, եթե առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողը Հանձնաժողովի նիստին ընդունում է իրեն վերագրվող իրավախախտումը կատարելու հանգամանքը, իր մեղավորությունը և գրավոր միջնորդում է առանց նյութեր հետազոտելու անցնել լրացուցիչ լսումների:
 

70. Հանձնաժողովի նախագահը և անդամներն իրավասու են առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողին առանց նյութեր հետազոտելու լրացուցիչ լսումների անցնելու մասին միջնորդության վերաբերյալ հարցեր տալ:
 

71. Նյութերը հետազոտելուց կամ առանց նյութեր հետազոտելու լրացուցիչ լսումների անցնելու մասին առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողի միջնորդությունը բավարարելուց հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է հիմնական լսումների ավարտը, և որոշում կայացնելու համար Հանձնաժողովը հեռանում է առանձին uենյակ:
 

72. Հանձնաժողովն առանձին սենյակում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) կարգապահական խախտման փաստի բացակայության մասին.

2) կարգապահական խախտման փաստի առկայության և Կոմիտեի ծառայողի մեղավորության մասին.

3) կատարված իրավախախտման մեջ Կոմիտեի ծառայողի մեղքի բացակայության մասին:
 

73. Հանձնաժողովը որոշումն ընդունում է առանձին սենյակում՝ փակ քվեարկությամբ՝ նիստին ներկա Հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Հանձնաժողովի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալ քվեարկությունից: Հանձնաժողովի նախագահը քվեարկում է վերջում: Հանձնաժողովի անդամների ձայները կիսվելու դեպքում ընդունված է համարվում Կոմիտեի ծառայողի համար առավել բարենպաստ որոշումը։
 

74. Հանձնաժողովի որոշումները ստորագրում են Հանձնաժողովի նախագահն ու անդամները: Դեմ քվեարկած անդամն իրավունք ունի չստորագրել որոշումը, սակայն պարտավոր է ներկայացնել պատճառաբանված հատուկ կարծիք, որը կցվում է որոշմանը:
 

75. Սույն կարգի 72-րդ մասով սահմանված որոշումներն անհապաղ ուղարկվում են Կոմիտեի նախագահին։
 

76. Եթե կարգապահական վարույթ հարուցելուց հետո պարզվել է, որ առկա է Կոմիտեի տվյալ ծառայողի մասնակցությամբ կամ նրա կատարած ենթադրյալ հանցագործության դեպք, ապա կարգապահական վարույթը կասեցվում է մինչև համապատասխան նյութերի նախապատրաստման կամ քրեական գործի քննության ավարտը:
 

77. Կարգապահական խախտման փաստի առկայության և անձի մեղավորության մասին որոշում կայացնելու դեպքում Հանձնաժողովն անցնում է լրացուցիչ լսումների, եթե Կոմիտեի նախագահը Զեկուցողի միջոցով ներկայացնում է Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված տույժերի կիրառման հարցը:
 

IX. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԼՍՈՒՄՆԵՐ

 

78. Լրացուցիչ լսումների ընթացքում Հանձնաժողովը քննարկման առարկա է դարձնում Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված տույժերի կիրառման հարցը:
 

79. Զեկուցողը լրացուցիչ լսումների ընթացքում ներկայացնում է Կոմիտեի նախագահի դիրքորոշումը` 4-6 կետերով նախատեսված կոնկրետ տույժի կիրառման մասին:
 

80. Կոմիտեի նախագահի կողմից «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տույժի կիրառման հարցը քննարկման ներկայացնելու դեպքում, Հանձնաժողովը եզրակացություն է տալիս կամ «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով», կամ «կոչումի իջեցում` մեկ աստիճանով» տույժի կիրառման նպատակահարմարության մասին: Եթե Հանձնաժողովը եզրակացություն է տալիս «կոչումի  իջեցում` մեկ աստիճանով» տույժի կիրառման նպատակահարմարության մասին, ապա Կոմիտեի նախագահը կիրառում է «կոչումի իջեցում` մեկ աստիճանով» տույժը:
 

81. Կոմիտեի նախագահի կողմից «կոչումի իջեցում` մեկ աստիճանով»  տույժի կիրառման հարցը քննարկման ներկայացնելու դեպքում, Հանձնաժողովը եզրակացություն է տալիս կամ «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով», կամ                «կոչումի իջեցում` մեկ աստիճանով» տույժի կիրառման նպատակահարմարության մասին: Եթե Հանձնաժողովը եզրակացություն է տալիս «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տույժի կիրառման նպատակահարմարության մասին, ապա Կոմիտեի նախագահ կարող է կիրառել «կոչումի իջեցում` մեկ աստիճանով» տույժը:
 

82. Կոմիտեի նախագահի կողմից «լիազորությունների դադարեցում» տույժի կիրառելու հնարավորության վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու դեպքում, եթե Հանձնաժողովը որոշում է կայացնում «լիազորությունների դադարեցում» տույժի կիրառման  անհնարինության մասին, ապա Կոմիտեի նախագահին առաջարկում է նրա հայեցողությամբ կիրառել «կոչումի իջեցում` մեկ աստիճանով» կամ «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տույժերից մեկը:
 

 

X. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

83. Կոմիտեի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն Օրենքով սահմանված կարգով բողոքարկելու  դատարանում: 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի