Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Արդարադատության ակադեմիայում ուսումնառություն անցած քննիչների թեկնածուներին հանձնվեցին դիպլոմները (Լուսանկարներ)

10.02.2016 19:41


Փետրվարի 10-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված Արդարադատության ակադեմիայի 15 ունկնդիր-շրջանավարտների՝ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմների հանձնմանը:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հատուկ ընդգծեց քննիչի աշխատանքում տեսական և հատկապես գործնական գիտելիքի անփոխարինելի դերը և շնորհակալություն հայտնեց Արդարադատության ակադեմիային` քննիչի թեկնածուների  մասնագիտական պատրաստման դասընթացները կազմակերպելու համար:

«Արդարադատության իրականացման ողջ գործընթացը, քննիչի բոլոր գործողությունները կարգավորված են միմիայն օրենքով: Յուրաքանչյուր հասարակությունում, պետությունում քննիչի աշխատանքն այնքանով է արժևորվում, որ նրա գործողությունները կանոնակարգվում են միայն ու միայն օրենքով: Մեզանում չկա քննչական գործողության, ապացույցների ձեռքբերման որևէ ընթացակարգ, որ կանոնակարգվի մեկ այլ նորմատիվ ակտով, առավել ևս՝ գերատեսչական կամ ենթաօրենսդրական ակտով: Միշտ պետք է գիտակցեք, որ յուրաքանչյուր խախտում, բացթողում օրենքի խախտում է: Դուք դա արդեն գիտեք, անցել եք համապատասխան վերապատրաստում և պատրաստ եք համալրելու քննչական բանակը», - խոսքն ուղղելով շրջանավարտներին՝ ասաց Ա.Հովսեփյանը և հույս հայտնեց, որ Ակադեմիայի այսօրվա շրջանավարտը վաղը կկարողանա առավել պրոֆեսիոնալ կատարել իր մասնագիտական առաքելությունը:

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն իր հերթին նշեց, որ ակադեմիան շահագրգիռ է՝ քննչական ոլորտում մրցունակ կադրեր պատրաստելու հարցում: Նրա խոսքով՝ ակադեմիայի ուսուցման ծրագրերը կազմելիս հաշվի են առնվել քննչական աշխատանքի առանձնահատկությունները:

Հանդիսավոր նիստի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանին պարգևատրեց «Համագործակցության համար» մեդալով,  դասախոս Արա Ղազարյանին` շնորհակալագրով, իսկ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի հրամաններով շնորհակալագրերով պարգևատրվեցին դասախոսներ Դավիթ Թումասյանը և Արման Բայադյանը:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի