Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Տեղեկություն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերի վերաբերյալ

14.12.2015 20:31


2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում դեկտեմբերի 13-ի դրությամբ քննվում է 10 քրեական գործ, որոնք վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն կատարված քվեարկության ահազանգերին։ Եւս երկու քրեական գործ՝ հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով, ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Այսպես`

1.    Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Զառիթափ գյուղի բնակիչ Վ.Ստեփանյանը ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի ժամանակ նույն գյուղի թիվ 39/39 ընտրատեղամասում փորձել է քվեարկել իր եղբոր փոխարեն։
Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Զառիթափ գյուղի բնակիչ Վ.Ստեփանյանը 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում,  նույն գյուղում գտնվող թիվ 39/39 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեին։ Որոշ ժամանակ անց՝  ժամը 12:30-ի սահմաններում, նա կրկին այցելել է նույն ընտրատեղամաս՝ եղբոր փոխարեն քվեարկելու պատրվակով և քվեարկել։
Ուրիշի փոխարեն քվեարկելու հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում դեկտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ Վ.Ստեփանյանի նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

2.    2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:10-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհի Ս.Սողոմոնյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:50-ին, ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու նպատակով այցելել է Վանաձոր քաղաքի  Նիզամի 49 հասցեում գտնվող թիվ 30/21 ընտրատեղամաս՝ ընտրություն կատարելու, սակայն պարզել է, որ ինքնությունը չպարզված անձը քվեարկել է իր ծնողների և եղբոր փոխարեն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։
Կատարվում է քննություն։

3.    2015թ. դեկտեմբերի 6-ին ժամը 16:30-ին Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեյաի Վանաձորի գրասենյակի կողմից ՙhcav.am՚ ինտերնետային կայք էջում տեղադրվել է ատազանգ  այն մասին, որ նույն գրասենյակի դիտորդների կողմից Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թիվ 29/25 ընտրատեղամասում հայտնաբերվել է մեկից ավելի քվեարկության դեպք։
Նյութերի նախապատրաստման  ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Լիանա Դավթյանից գրավոր հաղորդում է ստացվել, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում նշված տեղամաս է մտել ինքնությունը չպարզված մի անձ և փորձել ձեռքում եղած թղթերը գցել քվեատուփի մեջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել. նկատել է հանձնաժողովի անդամ Լիանա Դավթյանը:
Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ,  ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:
Կատարվում է նախաքննություն:

4.    Դեկտեմբերի 6-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ինտերնետային կայքում հրապարակվել են լուսանկարներ և ահազանգ առ այն, որ թիվ 11/03 ընտրատեղամասում  «Լուսանկարում պատկերված ընտրողն երկու անգամ տարբեր հագուստներով քվեարկել էե:
Նշված առերևույթ խախտման դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը), որով նախաքննությունն իրականացվում է Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։

5. Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կայքում  դեկտեմբերի 6-ին հրապարակվել էր ահազանգ, որ Երևան քաղաքի թիվ 10/15 ընտրատարածքում ընտրողը ընտրացուցակում ստորագրելիս նկատել է, որ իր եղբոր և նրա կնոջ անվան դիմաց ցուցակում ստորագրված է, սակայն հանձնաժողովը հրաժարվել է արձանագրել խախտումը։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են թիվ 10/15 ընտրատեղամասի ընտրացուցակներում ընդգրված այն ընտրողների տվյալները, որոնց փոխարեն, ըստ ահազանգի հեղինակի, մեկ ուրիշը քվեարկել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։Պարզվել է, որ Լուսիկ և Ռուբեն Հարությունյանների անվան դիմաց ստորագրած, քվեարկությանը մասնակցած անձանց գրանցել է հանձնաժողովի անդամ Գոռ Թումանյանը: Նախաքննությունը շարունակվում է։

6.    2015 թվականի դեկտեմբերի 06-ին «newsbook» լրատվական կայքում հրապարակվել է  «Ընտրախախտում 10/14 ընտրատեղամասում. տարեց կնոջ անվան դիմաց նախապես ստորագրված է եղել» վերտառությամբ հրապարակումը։
Ահազանգի հիման վրա կատարված քննությամբ պարզվել է, որ թիվ 10/14 ընտրական տեղամասի ընտրող  Ժենյա Ղասաբօղլյանն, այցելելով ընտրատեղամաս, պարզել է, որ իր անվան դիմաց ընտրացուցակում առկա է այլ անձի ստորագրություն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։ Կատարվում է քննություն։

7.    2015 թվականի դեկտեմբերի 6-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին գրություն է ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը ՀՀ գլխավոր դատախազություն ահազանգել է՝ թիվ 10/20 ընտրատեղամասում մի ընտանիքի փոխարեն կատարված քվեարկության մասին։
Քննչական բաժնում  նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ահազանգում մատնանշված անձանց ինքնությունը՝ Երևան քաղաքի թիվ 10/20 ընտրատեղամասի ընտրողներ Լուսինե Վաչագանի Ասլանյան, Մարիամ Գրիգորի Դեմիրճյան և Անահիտ Սերոժի Հարությունյան, որոնց անվան դիմաց ընտրացուցակներում առկա են եղել ստորագրություններ և, ըստ ահազանգի, նրանց փոխարեն քվեարկել են  այլ անձինք։
Դեպքի առթիվ հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։ Կատարվում է քննություն։

8. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնակատարի կողմից հարուցված քրեական գործը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
2015 թվականի դեկտեմբերի 6-ին «armlur.am» տեղեկատվական հարթակում տեղադրվել է «Ժողովուրդե օրաթերթի լրագրողը քվեարկել է ուրիշի փոխարեն. Լրագրողական  հետաքննությունե վերտառությամբ հրապարարում և տեսանյութ, որի հիման վրա նախապատրաստված նյութերում, դատախազի գնահատմամբ, առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ։
Դատախազի կողմից քրեական գործ հարուցելու որոշման համաձայն՝ նշված դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները վկայում են, որ լրագրողը քվեարկել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների թիվ 9/12 տեղամասում։
Նախապատրաստված նյութերում և հիշյալ տեսանյութում «առերևույթ առկա են կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ  այլ եղանակով մեկից ավել անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու հանցակազմի հատկանիշներ», և դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-153-րդ հոդվածի հատկանիշներով։
Քրեական գործն ստացվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար։

9. 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել  թիվ 26/29 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանից, որ  Քասախ գյուղում տեղակայված թիվ 26/29 ընտրատեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կոտրել են քվեատուփը։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տեղամասային հանձնաժողովի անդամը, ենթադրելով, որ հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների կողմից կատարվում է ընտրախախտում, վրդովվել է դրանից, քվեատուփը հարվածել է գետնին և կոտրել այն, ինչի հետևանքով շուրջ 30 րոպե խոչընդոտվել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքը։
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

10. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
2015 թ.  դեկտեմբերի 6-ին թիվ 9/15  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 9/16   տեղամասի դիտորդ Վարդգես Գասպարին թիվ 9/15 տեղամասում պարբերաբար ամղկել է, հայհոյել և իր վարքագծով խոչընդոտել տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքին, մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը։
Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի առաջին մասով։ Քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

11. 2015 թվականի դեկտեմբերի 6-ին «hetq.amե տեղեկատվական հարթակում հրապարակվել է տեղեկույթ առ այն, որ քաղաքացի Հասմիկ Ռաֆայելյանն իր ընտանիքի անդամների՝ մայրիկի և քույրիկի հետ  գնացել է թիվ 8/08 ընտրատեղամաս՝ մասնակցելու հանրաքվեին, որտեղ պարզել են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են. նշված են եղել այլ անձանց անձնագրային տվյալներ ու ստորագրություններ:
Ըստ ահազանգի՝ հանձնաժողովի անդամների կողմից որևէ գործողություն չի ձեռնարկվել՝ ապահովելու իրենց սահմանադրական իրավունքի իրացումն ու  մասնակցությունը հանրաքվեին, թեև բարձրաձայնել են արձանագրված խախտման մասին՝ պահանջելով կազմել արձանգրություն։ Նկատի ունենալով, որ սույն նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ  հոդվածի հատկանիշներով։

12. 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի նույն բնակարանում հաշվառված անձինք զրկվել են հանրաքվեին մասնակցելու իրավունքից, քանի որ նրանց փոխարեն մեկ ուրիշն արդեն քվեարկած է եղել։
Ահազանգի հիման վրա՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում  նյութերի նախատապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն բնակարանում հաշվառված Մ.Փափազյանը, Հ.Դեմիրճյանը և Թ.Բարսեղյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, գնացել են թիվ 2/32 ընտրատեղամաս՝ մասնակցելու հանրաքվեին, որտեղ պարզել են, որ իրենց անվան դիմաց արդեն առկա են ստորագրություններ։ Նշված 3 ընտրողները հեռացել են ընտրատեղամասից՝ առանց մասնակցելու քվեարկությանը։
Դեպքի առթիվ  դեկտեմբերի 12-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրենք պարբերաբար։


Ծանուցում. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն՝ ընտրախախտումների  վերաբերյալ ՀՀ  քրեական օրենսգրքի 4 հոդվածներով՝  149-րդ  (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը),  150-րդ  (Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը), 154.1-րդ (Կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելը կամ իրացնելը), 154.2-րդ (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը),  քննությունը ենթակա է կատարման հատուկ քննչական ծառայության քննիչների կոմղից:

ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից քննության են ենթակա  հետեւյալ ընտրախախտումների վերաբերյալ քրեական գործերը՝
ՀՀ քրեական օրենսգրքի  151-րդ հոդված  (Ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը),
ՀՀ քրեական օրենսգրքի  152-րդ հոդված (Ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելը),  
ՀՀ քրեական օրենսգրքի  153-րդ  հոդված (Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը),
ՀՀ քրեական օրենսգրքի  154-րդ հոդված (Քվեարկության գաղտնիությունը խախտելը)
ՀՀ քրեական օրենսգրքի  154.3-րդ հոդված (Ընտրական հանձնաժողովի կնիքը չվերադարձնելը, կնիքի պահպանման սահմանված կարգը խախտելը)
ՀՀ քրեական օրենսգրքի  154.4-րդ հոդված (Զենքով` տեղամասային կենտրոն մուտք գործելը)
ՀՀ քրեական օրենսգրքի  154.5-րդ (Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճեններ չտալը)
ՀՀ քրեական օրենսգրքի  154.6-րդ հոդված (Ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը)




Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի