Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հրաման` ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին

27.12.2014 17:38





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄՒՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


Հրաման



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը, 35-րդ հոդվածի 18-րդ մասը և  ղեկավարվելով  12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ   ԵՄ`

 

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն  հավելվածի (կցվում է):

2.Հայաստանի  Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Թամազյանին` «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց տասնութ ամիս հետո ապահովել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների առաջին ատեստավորման անցկացումը:

3.Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:

 

Ա. Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

                               


 

 

Հավելված
Հաստատված  է   Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի «27» -12- 2014թ.
թիվ 18 Լ հրամանով

                                                                                   

                              

      

    ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ

ԿՈՄԻՏԵԻ   ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 

 

I.ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է  Հայաստանի Հանրապետության  քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)  որակավորման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության կարգը:

2.Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով, սույն կարգով և իրավական այլ ակտերով:

3. Հանձնաժողովին վերապահված լիազորությունների  լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովում է  Կոմիտեի  դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը:


II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) ապահովել Կոմիտեում ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման համար անցկացվող որակավորման տարեկան և լրացուցիչ ստուգումները,

2)ապահովել Կոմիտեում ատեստավորման ենթակա ծառայողների ատեստավորում անցկացնելու գործընթացը,

3)ապահովել Կոմիտեի ծառայողների ծառայողական առաջխաղացման ցուցակի ձևավորումը,

4)ապահովել «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-ից 19-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացումը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

 5.Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով:

6.Հանձնաժողովի նիստերն իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

7.Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:     

8.Հանձնաժողովի նիստերը սղագրման եղանակով արձանագրում է Հանձնաժողովի նիստերի քարտուղարը:

9.«Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-ից 19-րդ կետերով նախատեսված Հանձնաժողովի  լիազորությունների  իրականացումը կազմակերպում է  Կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչությունը:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

10.Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,

2) վարում է Հանձնաժողովի նիստերը,

3)կազմակերպում է Կոմիտեի թեկնածությունների ցուցակի համալրման, Կոմիտեի ծառայողների ատեստավորման  և ծառայողական առաջխաղացման ցուցակների  ձևավորման աշխատանքները,     

4)ամփոփում և հայտարարում է Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման, ծառայողների ատեստավորման արդյունքները,

5)իրականացնում է  սույն կարգով և իրավական այլ ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

11.Հանձնաժողովի անդամը`

1)Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ վարում է նիստերը,

2)մասնակցում է Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման համար անցկացվող գրավոր քննությանը և Կոմիտեի ծառայողների ատեստավորմանը, ստուգում է նրանց  գիտելիքները,

3) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ  կամ սխալ լինելու  մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում  տալիս է ճիշտ պատասխանը,

4)մասնակցում է գրավոր քննության և  ատեստավորման արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտատուի կամ ծառայողի համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ  կամ դեմ,

5) ծանոթանում է նիստերի արձանագրություններին,

6)իրականացնում է  սույն կարգով և իրավական այլ ակտերով  իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI.ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԿԱՐԳԸ  

 

12.Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը (այսուհետ` Թեկնածությունների ցուցակ)  համալրում է Հանձնաժողովը` տարին մեկ անգամ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին:

13.Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար տարվա ընթացքում  կարող է  անցկացվել հավակնորդների լրացուցիչ որակավորման ստուգում:

14.Հանձնաժողովը Թեկնածությունների ցուցակի  համալրման նպատակով  հայտերի  ընդունման մասին առնվազն մեկ ամիս առաջ, առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում, հրապարակային  ծանուցումների  պաշտոնական ինտերնետային կայքում /www.azdarar.am/ և Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հայտարարություն` թեկնածությունների ցուցակի  համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին` նշելով  դիմումների ընդունման ժամկետները, վայրը, որակավորման  գրավոր քննության օրը, համալրման ենթակա տեղերի քանակը:

15.Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

VII. ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

16.Թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող գրավոր քննության հարցաշարը կազմվում է նախօրոք, հաստատվում է Կոմիտեի նախագահի  կողմից և քննությունից առնվազն մեկ ամիս առաջ հրապարակվում Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում:

17.Հարցաշարը բաղկացած է երեք հարյուր հարցից, որոնք ընդգրկում են հետևյալ բնագավառները`

1)Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն՝ հիսուն հարց,

2)Հայաստանի Հանրապետության քրեական դատավարություն` հարյուր հարց,

3)Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք` հարյուր հիսուն հարց:

18.Հանձնաժողովը, մինչև գրավոր քննությունը, համակարգչում զետեղված կամ թղթային տարբերակով կազմված հարցաշարից, պատահական ընտրությամբ, ընտրում է գրավոր քննություն անցկացնելու համար հարցեր և կազմում հայտատուների քանակին համապատասխան հարցատոմսեր՝ հետևյալ չափաբաժիններով.

1)Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն՝ մեկ  հարց,

2)Հայաստանի Հանրապետության քրեական դատավարություն` մեկ հարց,

3)Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք` մեկ հարց:

 

VIII.ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

19.Գրավոր քննությունն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում, որն ապահովված է համապատասխան պայմաններով:

20.Հավակնորդը գրավոր քննությանը  մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել  քննասենյակ:

21.Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է գրավոր քննությունը  սկսելուց 10 րոպե առաջ:

22.Գրավոր քննության մասնակիցներին արգելվում է  քննասենյակ բերել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր:

23.Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է գրավոր քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, պատաս­խանում մասնակիցների  հարցերին:

24.Քննասենյակում յուրաքանչյուր հավակնորդ զբաղեցնում է առանձին գրասեղան։

25.Քննության տևողությունը երկու ժամ  է։ 

26.Մինչև  քննության   սկիզբը յուրաքանչյուր հավակնորդ Հանձնաժողովի քարտուղարից ստանում է ծրար, որը պարունակում է` 
1)հարցատոմս, 
2)Հանձնաժողովի կողմից  դրոշմված, ծածկագրված տետր,

 3)գրիչ:

Հանձնաժողովի քարտուղարը քննության ավարտից 10 րոպե առաջ մասնակիցներին հիշեցնում է մնացած ժամանակի մասին:

27.Աշխատանքն ավարտելուց կամ գրավոր քննության համար  հատկացված ժամանակը սպառվելուց հետո, մասնակիցը Հանձնաժողովի քարտուղարին է հանձնում ծածկագրված տետրը և  ծրարը:

28.Քարտուղարն աշխատանքը  պատճենահանման սարքի միջոցով պատճենահանելուց հետո  պատճենը հանձնում է մասնակցին, իսկ ծրարավորված բնօրինակը` Հանձնաժողովի նախագահին:

29.Սույն բաժնում նշված պահանջները խախտելու դեպքում Հանձնաժողովը դադարեցնում է հայտատուի մասնակցությունը քննությանը, աշխատանքը ճանաչում է անվավեր և գնահատում զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում մասնակցի գրավոր աշխատանքի վրա և կազմում համապատասխան արձանագրություն:

 

IX. ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՑՈՒՑԱԿԻ  ՀԱՄԱԼՐՄԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

30.Հանձնաժողովը հայտատուի գրավոր աշխատանքը ստուգելիս գնահատում է հայտատուի մասնագիտական պատրաստվածությունը:

31.Ստուգված գրավոր աշխատանքը պետք է պարունակի դրանցում առկա թերությունների վերաբերյալ ստուգողների կատարած համապատասխան նշումները,  որոնք հնարավորություն կտան եզրահանգումներ անելու գնահատման հիմքում ընկած հանգամանքների մասին:

32.Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ծանոթանալու ստուգված գրավոր աշխատանքին և ներկայացնելու իր նկատառումները։ 

33.Հարցատոմսը գնահատվում է  յոթանասունհինգ բալային համակարգով:

34.Հարցատոմսի յուրաքանչյուրը հարցի պատասխանը գնահատվում է  առավելագույնը  քսանհինգ  միավոր:

35.Տետրերի ծածկագրերը վերծանվում են միայն քննության արդյունքներն ամփոփվելուց հետո:

36.Գրավոր աշխատանքը գնահատվում է զրո միավոր, եթե այն ներկայացվել է չծածկագրված, չդրոշմավորված տետրով, այլ գրիչով գրված կամ այլ  անհատականացնող նշումներով:

37.Կոմիտեի ծառայողների Թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված գրավոր քննության արդյունքները հրապարակվում են մինչև անցկացման օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը:

38.Թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված գրավոր քննության արդյունքները՝ յուրաքանչյուր առաջադրանքի համար ստացած գնահատականը և հավակնորդների հանրագումարային միավորները , հրապարակվում են Հանձնաժողովի նախագահի կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամի  կողմից:

39.Հանձնաժողովի դրական եզրակացությունն են ստանում և Թեկնածությունների ցուցակում են ընդգրկվում գրավոր քննության արդյունքում անցողիկ հիսուն և ավելի առավելագույն  միավորներ հավաքած հայտատուները` համալրման ենթակա տեղերի քանակին համապատասխան:

40.Թեկնածությունների ցուցակի համալրման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում  ցուցակը ներկայացվում է արդարադատության ակադեմիա:

41.Հանձնաժողովի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում  հայտերի ընդունման և Թեկնածությունների ցուցակը կազմելու ընթացակարգը:

42.Հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից ոչ իրավաչափ  ճանաչվելու դեպքում  հայտատուի  հայտը  քննարկվում է Հանձնաժողովի կողմից:

 

X. ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

 

43.Ատեստավորումն  անցկացվում է զբաղեցրած պաշտոնին Կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաև` ծառայողական առաջխաղացման նպատակով:

44.Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը մինչև տվյալ  տարվա  հոկտեմբերի 1-ը Կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա` Կոմիտեի  ծառայողների (այսուհետ` Ծառայողներ) ցուցակը:

Ատեստավորման անցկացման ժամանակը սահմանվում է Կոմիտեի նախագահի հրամանով:

45.Ատեստավորման ենթակա Ծառայողները ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության կողմից ծանուցվում են ատեստավորում անցկացնելու ժամանակի մասին` նրանցից ստորագրություն վերցնելով:

46.Ատեստավորման օրվանից առնվազն երկու շաբաթ առաջ, Ծառայողի անմիջական ղեկավարը, Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում Ծառայողի  ծառայողական բնութագիրը:

47.Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ Ծառայողի մասին` ծննդյան թիվը, ազգությունը, կրթությունը, այլ մարմիններում և զբաղեցրած պաշտոնում աշխատանքային ստաժը, նշանակումից կամ նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում ունեցած խրախուսանքներն ու կարգապահական տույժերը, նրա գործնական, անձնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը հիմնվում է ծառայողի անմիջական ղեկավարի կողմից տրված եզրակացության վրա, որը տրվում է  նշանակումից կամ նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին տարին մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվությունների հիման վրա:

48.Ծառայողի աշխատանքի գնահատականը, նրա գործնական և անձնական հատկությունների բնութագրումը պետք է լինեն հստակ, հիմնավոր և օբյեկտիվ: Ծառայողական բնութագրում նշվում են ինչպես նրա դրական հատկանիշները, այնպես էլ աշխատանքում և վարքագծում թույլ տրված խախտումները, թերություններն ու բացթողումները: Անմիջական ղեկավարի կողմից  բնութագրի չափանիշների անտեսումը կամ սահմանված կարգի խախտմամբ բնութագիրը ներկայացնելը համարվում է ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարում:

49.Ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր գնահատագրին:

50.Նախքան ատեստավորումը, Հանձնաժողովի քարտուղարն ապահովում է հանձնաժողովի անդամների ներկայությունը, ստուգում է ատեստավորվողների ներկայությունը, որից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարվում է ատեստավորման սկիզբը:

51.Ծառայողն ատեստավորմանը ներկայանում է անձամբ` Ծառայողի իր վկայականով: Ատեստավորմանն անհարգելի պատճառով չներկայանալը համարվում է ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարում և առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

52.Ծառայողը Հանձնաժողովին ներկայանում է` հայտնելով իր անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը:

53.Ծառայողին արգելվում է մտնել ատեստավորման անցկացման սենյակ՝ իր մոտ ունենալով տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր:

54.Ատեստավորումն անցկացվում է հարցազրույցի եղանակով:

55.Հարցազրույցն սկսվում է ատեստավորվող ծառայողի վերաբերյալ փաստաթղթային տվյալների ստուգմամբ:

56.Հարցազրույցի փուլը Ծառայողի զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառույթներից բխող պարտականությունների իմացության և գործնական կարողությունների ստուգումն է` հարցաշարի հիման վրա տրված հարցերի միջոցով:

57.Հարցազրույցի ծրագիր-հարցաշարը հաստատում է Կոմիտեի նախագահը: 58.Ծառայողին հնարավորություն է ընձեռվում, ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ ծանոթանալ ծրագիր-հարցաշարին:

59.Յուրաքանչյուր ծառայողի հարցազրույցն անցկացվում է առանձին:

60.Ծառայողների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

61.Հանձնաժողովը, յուրաքանչյուր ծառայողի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ համակարգչում նախապես զետեղված կամ թղթային տարբերակով կազմված հարցաշարից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս՝ հետևյալ չափաբաժիններով.

1)Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից 1 հարց,

2)Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի  2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածների և դրանց վերաբերալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից՝ 1 հարց,

3) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունից՝ 2 հարց,

4) Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքից՝ 2 հարց,

5)քննչական տակտիկայի և մեթոդիկայի բնագավառից՝ 1 հարց:

62.Հանձնաժողովին տրվում են համակարգչից դուրս բերված հարցատոմսերի հարցերի ճիշտ պատասխանները:

63.Ծառայողը, ծանոթանալով հարցատոմսին, իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում է հարցերին:

64. Հարցազրույցի ընթացքում ծառայողի կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցեր: Հարցազրույցի ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ծառայողին կարող է տալ առավելագույնը երկու հարց: Յուրաքանչյուր հարցից հետո, հարց տվող Հանձնաժողովի անդամը հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելը, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ նշվում է ճիշտ պատասխանը: Հարակից հարցերի ընդհանուր քանակը չի կարող գերազանցել տասը հարցը:

65.Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է, կարող է կիրառվել նաև ձայնագրություն:

66.Արձանագրության մեջ նշվում է ծառայողին տրված հարցերի և դրանց պատասխանների համառոտ բովանդակությունը: Արձանագրության տակ ստորագրում են Հանձնաժողովի նախագահը, անդամները  և նիստերի քարտուղարը:

67.Հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովն ընդունում է ‹‹Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին›› Հայաստանի Հանրապետության  օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը՝

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,

2)համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ ներառելով քննչական կոմիտեի  ծառայողների առաջխաղացման ցուցակում,

3)համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով,

4)համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով արտահերթ կոչում շնորհելու մասին,

5)չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին,

6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով պաշտոնից ազատելու մասին:

68.Տրված հարցերի ընդհանուր քանակի`

1)50 %-ից պակաս ճիշտ պատասխանելու դեպքում ընդունում է ‹‹չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին` միջնորդելով պաշտոնից ազատելու մասին›› որոշումը,

2)50-ից մինչև 60 %  ճիշտ պատասխանելու դեպքում ընդունում է ‹‹չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին` միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին›› որոշումը,

 3)60-ից մինչև 70 % ճիշտ պատասխանելու դեպքում ընդունում է ‹‹համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով›› որոշումը,

4)70-ից մինչև 90%  ճիշտ պատասխանելու դեպքում ընդունում է  ‹‹համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին›› որոշումը,

5)90% և բարձր ճիշտ պատասխանելու դեպքում` կարող  է ընդունել ‹‹համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` միջնորդելով արտահերթ կոչում շնորհելու մասին›› կամ ‹‹համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին ներառելով` քննչական կոմիտեի ծառայողական առաջխաղացման ցուցակում›› որոշումներից որևէ մեկը:

69.Հանձնաժողովը ատեստավորման ավարտից հետո ամփոփում է արդյունքները: Հանձնաժողովի կայացրած որոշումը Ծառայողին հայտնվում է հանձնաժողովի կողմից` ատեստավորման ավարտից անմիջապես  հետո: Ատեստավորման ավարտից հետո յուրաքանչյուր Ծառայողի համար կազմվում է ատեստավորման ամփոփման թերթ, որտեղ առնվազն նշում են Ծառայողի անձնական տվյալները, զբաղեցրած պաշտոնը, ատեստավորման արդյունքները, Հանձնաժողովի կայացրած որոշումը:

Ատեստավորման թերթը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և  քարտուղարը: 

70.Ծառայողն ատեստավորման արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում կարող է արդյունքները  եռօրյա ժամկետում բողոքարկել  Կոմիտեի նախագահին:

71.Ծառայողի ատեստավորման արդյունքերը և Հանձնաժողովի ընդունած որոշումները գնահատագրում ներառելուց հետո Հանձնաժողովի նախագահը եզրակացությունը եռօրյա ժամկետում ներկայացնում է Կոմիտեի նախագահին:

72.Կոմիտեի նախագահը սույն կարգի կամ օրենքի խախտում հայտնաբերելու դեպքում կարող է անվավեր ճանաչել ատեստավորման արդյունքները և հայտարարել նոր ատեստավորում:

73.Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն է ներկայացնում Ծառայողի ատեստավորման արդյունքում կայացված որոշումը` անձնական գործում պահելու և սահմանված կարգով արխիվացնելու համար:

 

XI. ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ  ՑՈՒՑԱԿԸ

 

74.Կոմիտեի Ծառայողների առաջխաղացման  ցուցակը  ձևավորում է  Հանձնաժողովը`

1) Ծառայողների  հերթական ատեստացիայի ժամանակ,

2) Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում արտահերթ կարգով, երբ  Կոմիտեի նախագահը կամ նրա  տեղակալն առաջարկություն է ներկայացնում  Հանձնաժողով`  Ծառայողի նկատմամբ  որպես խրախուսում  նրան առաջխաղացման  ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով համապատասխան  ծառայողական բնութագիր,

3)այն դեպքերում, երբ Հանձնաժողովը որոշում է կայացնում արդարադատության  ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձին միաժամանակ թեկնածությունների ցուցակում և ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ:

 

XII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

75.Հանձնաժողովի անդամների լիազորությունները դադարում են Կոմիտեի նախագահի  կողմից` համապատասխան իրավական ակտի ընդունմամբ :


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի