Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Երեխայի դեմ ուղղված սեռական հանցագործությունների դասակարգումը

19.06.2015 19:46



Դավիթ Թումասյան

Իրավագիտության թեկնածու, դոցենտ,
ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության
աջակցության վարչության հատկապես կարևորագույն գործերով
ավագ քննիչ

 

Երեխայի դեմ ուղղված սեռական հանցագործությունների դասակարգումը 

 
 

Իրավաբանական գրականության մեջ սեռական հանցագործություններին տրվում են զանազան սահմանումներ: Այսպես, Յա.Մ. Յակովլևը սեռական հանցագործությունները բնորոշել է որպես քրեական օրենքով նախատեսված հանրության համար վտանգավոր այնպիսի գործողություններ, որոնք ոտնձգում են հասարակության մեջ ձևավորված սեռական կենսակերպին բնորոշ սեռական հարաբերություններին և հանդիսանում են սուբյեկտի կամ այլ անձի կողմից սեռական պահանջները բավարարելու նպատակով դիտավորությամբ կատարված սեքսուալ բնույթի գործողություններ, որոնք խախտում են տարբեր սեռի անձանց միջև ձևավորվորվող` տուժողի սեռական իրավունքները կամ նման կենսակերպի համար բնական սեռական հարաբերությունները:

Այս սահմանումն այդքան էլ ամբողջական չէ, քանի որ առաջինը`հասարակության մեջ ձևավորված սեռական կենսակերպը հնարավոր է չհամընկնի կոնկրետ անհատների սեռական կենսակերպին, երկրորդ` սեռական հարաբերության բնական կամ ոչ բնական լինելը` նեղ անձնական հասկացություն է, և երրորդ` սեռական հանցագործությունները ձևավորվում են ոչ միայն տարբեր սեռի անձանց միջև:

Սեռական հանցագործություններ են համարվում սեռական ազատության և սեռական անձեռմխելիության դեմ ուղղված հանցագործությունները: Հարկ է նշել, որ սեռական ազատության և սեռական անձեռմխելիության հասկացություններն օրենսդրորեն ամրագրված չեն, բայց դրանց սահմանումները տրվում են քրեական իրավունքի տեսության մեջ:

Այսպես` սեռական ազատությունը 16 տարին լրացած հոգեպես առողջ մարդու իրավունքն է` ինքնուրույն, առանց որևէ հարկադրանքի որոշելու, թե ում հետ և ինչ ձևով բավարարել իր սեռական պահանջները, իսկ սեռական անձենմխելիությունը բարոյաիրավական արգելք է սեռական շփման մեջ մտնել այնպիսի անձանց հետ, ովքեր օժտված չեն սեռական ազատությամբ, քանի որ ունակ չեն հասկանալու իրենց նկատմամբ կատարվող սեքսուալ բնույթի գործողությունների նշանակությունը և հետևանքները կամ ղեկավարելու իրենց գործողությունները սեռական շփման ընթացքում:

Սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության հասկացությունների բովանդակությունից բխում է, որ սեռական անձեռնմխելիությամբ օժտված անձը միաժամանակ օժտված չէ սեռական ազատությամբ:

Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլխում նախատեսված հանցագործությունները ոտնձգում են կա'մ սեռական ազատության, կա'մ սեռական անձեռնմխելիության դեմ:

Քրեական իրավունքի տեսությունում գերակա է այն կարծիքը, որ սեռական անձեռնմխելիությամբ օժտված են անչափահասները, ինչպես նաև այն անձինք, ովքեր զրկված են իրենց նկատմամբ կատարված սեքսուալ գործողությունների բնույթը գիտակցելու հնարավորությունից:

Սեռական անձեռնմխելիության ապահովումն իրականացվում է երեխայի բարոյական, ֆիզիկական և հոգեբանական նորմալ զարգացման նպատակով: Այսինքն` սեռական անձեռնմխելիության խախտումը վնասում է երեխայի նորմալ և բնականոն զարգացմանը: Հետևաբար, ավելորդ է սեռական հանցագործություններում որպես տեսակային օբյեկտ դիտարկել երեխայի և դեռահասի նորմալ ֆիզիկական և բարոյական զարգացումը: Բացի այդ, Ա.Ե. Յակուբովն առաջարկում է սեռական որոշ հանցագործությունների դեպքում օբյեկտ դիտարկել տուժողի պատիվն ու արժանապատվությունը: Նույն պատճառաբանությամբ տարբեր հեղինակներ կարծում են, որ նման մանրամասնումն ավելորդ է, քանի որ ցանկացած (և ոչ միայն սեռական) հանցագործություն ոտնձգում է տուժողի պատվի ու արժանապատվության դեմ:

Սեռական հանցագործությունները դասակարգվում են տարբեր հիմքերով:

Ս.Ի. Նիկուլինն առաջարկում է հետևյալ դասակարգումը`գործողություններ, որոնք ուղեկցվում են բացահայտ սեռական բռնությամբ.
սեռական բարոյականության կոպիտ խախտումներով ուղեկցվող գործողություններ, որոնք չափահաս անձանց կողմից իրականացվում են 16 տարին չլրացած անձանց նկատմամբ:


Իսկ Ն.Գ. Իվանովը և Յու.Ի. Լյապունովը, դասակարգման հիմքում դնելով արարքի կատարման ձևի առանձնահատկությունները, բաժանել են սեռական հանցագործությունները չորս խմբի (այդ դասակարգումը կիրառելի է նաև ՀՀ քրեական իրավունքում)` որոնք ուղեկցվում են սեռական ակտով (բռնաբարության հետ) – ՀՀ քր. օրի 138-րդ հոդված, որոնք չեն ուղեկցվում սեռական ակտով (բռնաբարություն չեն համարվում) -ՀՀ քր. օրի 139-րդ և 140-րդ հոդվածներ.
անառակաբարո գործողություններ, որոնք ունեն իրենց ուրույն առանձնահատկությունները (ՀՀ քր. օրի 142-րդ հոդված).

ունիվերսալ հատկություններ ունեցող գործողություններ – 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություններ և սեքսուալ բնույթի այլ գործողություններ (ՀՀ քր. օրի 141-րդ հոդված):


Դժվար թե նման դասակարգումը կարելի է հաջողված համարել: Սեռական հարաբերության հետ միացված հանցագործությունների խմբին կարելի է դասել ոչ միայն բռնաբարությունները, այլև ՀՀ քր. օրի 140-րդ և 141-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունները, իսկ սեռական ակտի հետ չմիացված հանցագործություններին` ՀՀ քր. օրի 139-րդ և 142-րդ հոդվածները:

Եթե առաջնորդվենք յուրաքանչյուր հանցագործության առանձնահատկություններով, ապա ցանկացած հանցագործության դասակարգման դեպքում դրանցից յուրաքանչյուրը պետք է նախատեսվի առանձին խմբում: Եվ վերջապես, համընդհանուր (ունիվերսալ) առանձնահատկության վերաբերյալ դիտարկումը չափազանց ընդհանրացված է և չի նախատեսում այդ խմբի մեջ ընդգրկված հանցագործության որևէ առանձնահատկություն:

Հեղինակների մեծ մասը սեռական հանցագործությունները դասակարգում են` ելնելով անմիջական օբյեկտից: Այսպես` Ա.Վ. Կորնեևան և մի շարք այլ հեղինակներ սեռական հանցագործությունները բաժանել են երկու խմբի`

անձի սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված ոտնձգություններ` բռնաբարություն, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը.
անչափահասների սեռական ազատության, սեռական անձեռնմխելիության, բարոյական և ֆիզիկական առողջության դեմ ուղղված ոտնձգություններ` սեռական հարաբերություններ և սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ և անառակաբարո գործողությունները:

Ա.Ե. Յակուբովն առաջարկում է սեռական հանցագործությունների դասակարգումն ըստ անմիջական օբյեկտի`

անձի սեռական ազատության, առողջության ու պատվի դեմ ուղղված հանցագործություններ (ՀՀ քր. օրի 138-րդ և140-րդ հոդվածներ).
անչափահասների և մանկահասակների սեռական անձեռնմխելիության, նորմալ ֆիզիկական, մտավոր և բարոյական զարգացման դեմ ուղղված հանցագործություններ (ՀՀ քր. օրի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ, 3-րդ մասի 2-րդ կետ, 141-րդ և 142-րդ հոդվածներ).
սեռական հարաբերությունների տարատեսակների համակցություն, որոնք ոտնձգում են անձի առողջության, պատվի և արժանապատվության դեմ (ՀՀ քր. օրի 139-րդ և 140-րդ հոդվածներ):

Ակնհայտ է, որ հնարավոր չէ խոսել սեռական ազատության մասին անչափահասների վերաբերյալ, իսկ սեռական անձեռնմխելիության մասին` հասուն անձի դեպքում:

Մեր կարծիքով, սեքսուալ բնույթի հանցավոր արարքներ կատարելիս ո'չ սեռական ազատության, ո'չ էլ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված որևէ ոտնձգություն չկա: Տուժողի համար նման գործողությունների ժամանակ տեղի է ունենում ոչ թե սեռական հարաբերություն, այլ անարգվում է իր անձը: Հատկանշական է, որ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձին, երբ ցանկանում են «իջեցնել»` նրա նկատմամբ կատարվում են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Իսկ սեռական հանցագործություն է այն համարվում միայն հանցավորի տեսանկյունից:

Ելնելով այս դիրքորոշումից` անմիջական օբյեկտով պայմանավորված բոլոր սեռական հանցագործությունները կարելի է բաժանել երեք խմբի:

Դրանք այն հանցագործություններն են, որոնց անմիջական օբյեկտ է հանդիսանում`

չափահաս անձի սեռական ազատությունը, առողջությունն ու պատիվը` բռնաբարություն, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը.
անչափահասների սեռական անձեռնմխելիությունը ու բնականոն ֆիզիկական, բարոյական և հոգեկան զարգացումը` երեխաների և անչափահասների բռնաբարությունը, սեռական հարաբերությունները և սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ, երեխաների նկատմամբ անառակաբարո գործողությունները.
անձի առողջությանը, պատվին ու արժանապատվությանը վնաս պատճառելու հետ զուգորդված հարաբերություններ` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, համասեռամոլությանը հարկադրելը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը:

Բարդ վերլուծություններից և մեկնաբանություններից խուսափելու նպատակով` ներկայում ընդունված է սեռական հանցագործությունները դասակարգել հետևյալ խմբերի`

բռնի գործողություններ (բռնաբարություն, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ և սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը).
ոչ բռնի գործողություններ (սեռական հարաբերություններ և սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ և անառակաբարո գործողությունները):

Հարկ է նշել, որ մնան մոտեցումն այդքան էլ արդարացված չէ, քանի որ ցանկացած հանցագործությունների դասակարգումը, մասնավորապես` ամբողջական և առանձնհատակությունները հաշվի առնելով կատարված դասակարգումը հետապնդում է տարբեր նպատակներով`

նպատակները և շարժառիթները բացահայտելու,
վիճակագրական հաշվարկների,
կատարման եղանակի տարանջատելու,
տուժողների` կանանց, տղամարդկանց, երեխաների առանձնահատկությունները բացահայտելու,
սուբյեկտի առանձնահատկությունները բացահայտելու և այլն:

Հաշվի առնելով երեխայի դեմ ուղղված սեռական հանցագործությունների առանձնահատկությունները`այս հանցագործությունների դասակարգումը հնարավոր է իրականացնել ըստ տուժող երեխայի նկատմամբ կատարված գործողությունների բնույթի`

ֆիզիկական բռնություն գործադրելով,
հոգեբանական բռնություն գործադրելով,
անօգնական վիճակն օգտագործելով (մինչև 12 տարեկան երեխայի նկատմամբ կատարված ցանկացած սեռական գործողությունները):

Վերը նշված դասակարգման միջոցով հնարավոր կլինի ոչ միայն տարբերել երեխայի դեմ ուղղված սեռական հանցագործություններն ըստ ՀՀ քր. օրի հոդվածների, այլ նաև կազմակերպել համապատասխան կանխարգելիչ ծրագրեր` կախված տուժող երեխայի նկատմամբ կիրառված եղանակից: Ավելին, երեխայի անօգնական վիճակն օգտագործելով կատարված սեռական հանցագործության դեպքում` առանձին պետք է ուսումնասիրվի այդ երեխայի նկատմամբ խնամք ու դաստիարակության իրականացնող անձի պարտականությունների կատարման/ չկատարման հանգամանքը, քանի որ մինչև 12 տարեկան երեխաներն առավել հոգածության կարիք ունեն:

Քանի որ երեխա է համարվում 18 տարին չլրացած ցանկացած անձ, ապա երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործությունների դասակարգման հիմք պետք է հանդիսանան նաև նրանց տարիքը և դրանով պայմանավորված` առանձնահատկությունները:

Ի.Վ. Պոտապովայի կարծիքով` դատական հոգեբուժության և սեքսոլոգիայի ոլորտում իրականացված արդի հետազոտությունների համաձայն չի հայտնաբերվել ուղղակի պատճառահետևանքային կապ տուժող երեխաների տարիքի ու սեռական ոտնձգության հետևանքով նրանց պատճառված վնասի չափի ու բնույթի միջև, հետևաբար` տարիքային տարբերակման համար կարևորվում է ոչ թե վնասի չափը, այլ նրա արտահայտվածության աստիճանը: Սեռական ոտնձգությունների ֆիզիկական ու հոգեբանական հետևանքներն իրենց բնույթով ու առանձնահատկություններով անչափահասների մոտ կարող են կրել առավել ընդգծված ու ծանր բնույթ, քան մանկահասակների մոտ:20 Այս հանգամանքը պայմանավորված է մանկահասակի, մասնավորապես` մինչև 78 տարեկան երեխայի, ընկալման ու գիտակցման հատկանիշներով: Սեռական բռնության ենթարկված` այս տարիքի երեխաները հաճախ կատարված արարքը մեկնաբանում են որպես խաղ` հատկապես այն դեպքում, երբ դա տեղի է ունեցել առանց սեռական հարաբերության: Հակառակ դրան` սեռական հասունացման փուլում գտնվող երեխան, ով նկատելով իր օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական և անատոմիական փոփոխությունները, արդեն առավել ծանր է ընկալում կիրառված բռնությունը, գիտակցում իր նկատմամբ կատարված արարքի ծանրությունը, ինչը հանգեցնում է ծանր հոգեբանական և սոցիալական հետևանքների նույնպես` ընդհուպ մինչև հանցագործ կամ մարմնավաճառ21 դառնալը կամ ընտանիք կազմելու ցանկության ի սպառ բացակայությունը` սեռական կյանքով ապրելու ցանկություն չունենալու պատճառով:

Ըստ Վ. Կիրշինի և Ֆ. Բագաուդինովի քրեական իրավունքում նպատակահարմար է տարանջատել անչափահասների երեք կատեգորիա`

մանկահասակներ (մինչև 7 տարեկան երեխաներ),
անչափահասներ 7-14 տարեկան,
անչափահասներ 14-18 տարեկան:

Չնայած նման դասակարգումը վիճելի է երեխայի անօգնական լինելու հանգամանքի համատեքստում, քանի որ այս պարագայում 714 տարեկան լինելը հիմք կհանդիսանա երեխայի անօգնական վիճակը հաստատելու համար, ինչն արդի աքսելերացիայի պայմաններում արդարացված չէ: Բայց նման դասակարգումը, երեխայի սեռական դաստիարակության տեսանկյունից, միանշանակ ընդունելի է, հետևաբար իրավակիրառողը, առաջնորդվելով նման դասակարգմամբ, չպետք է նույնացնի այս դասակարգումն ու ՙերեխայի անօգնական վիճակ՚ հասկացությունը:

Բացի այդ, քննարկվող դասակարգման ընթացքում հաշվի չի առնվել, որ երեխան ձեռք է բերում սեռական ազատություն 16 տարին լրանալուց հետո: Ելնելով վերոգրյալից` մեր կողմից առաջարկվում է երեխայի դեմ ուղղված սեռական հանցագործությունները դասակարգել չորս կատեգորիայի` ըստ երեխայի տարիքային առանձնահատկությունների`

մանկահասակներ` մինչև 7 տարեկան երեխաներ,
մանկահասակներ` 7-14 տարեկան երեխաներ,
անչափահասներ` 14-16 տարեկան երեխաներ,
անչափահասներ` 16-18 տարեկան երեխաներ:

Վերջին կատեգորիայի երեխաների նկատմամբ կատարվող սեռական հանցագործությունները պետք է ուղեկցվեն բռնությամբ կամ դրա սպառնալիքով:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի