Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Սպանության փորձ Չարենցավանում. Հարուցվել է քրեական գործ

25.04.2018 17:09

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 22-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

2018թ. ապրիլի 24-ին՝ ժամը 22:10-ին, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի աջ կեսի «հրազենային թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի մի բնակիչ՝ ծնված 1995թ.:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, 22-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք:

Պարզվել է , որ 22-ամյա երիտասարդը բժշկական կենտրոն է տեղափոխվել է Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող ՀԷԿ-ի բարձր լարման ենթակայանի հարակից հատվածում գտնվող Չարենցավանի նախկին ջերմոցների մոտակայքից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 22-ամյա երիտասարդի կողմից վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, որի առջևի հատվածում հայտնաբերվել և առգրավվել է երեք հատ պարկուճ:  Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով ևս  Չարենցավանի բնակիչ է՝ ծնված 1977թ.:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: 

Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական-դատահետքաբանական-դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի