Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

41-ամյա տղամարդը մահացել է գործադրված բռնության հետևանքով. հանկարծամահությունը հերքվել է (Տեսանյութ)

17.10.2015 17:43


ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 41-ամյա տղամարդու մահվան իրական պատճառը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2015թ հոկտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին, ահազանգ էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի 2-րդ հանրակացարանի՝ իր սենյակում հանկարծամահ է եղել 1974թ. ծնված Արմեն Սարգսյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։ Կատարվել է դեպքի վայրի, դիակի զննություն, որի ընթացքում դիակի աջ աչքի շրջանում  հայտնաբերվել է կապտուկ։  Նույն օրը նշանակվել է դիակի դատբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

16.10.2015թ ստացվել են դիահերձման արդյունքները, ըստ որի՝ Արմեն Սարգսյանի մահը  վրա է հասել գանգուղեղի փակ բութ վնասվածքի հետևանքով, որը մահվան հետ գտնվում է ուղղակի անմիջական կապի մեջ:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ տուժածին պատճառված մարմնական վնասվածքների հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կատարված քննության արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ՝ հոկտեմբերի 12-ին, հանրակացարանի իր սենյակում Ա.Սարգսյանը հյուրընկալել է ազգականին, որի ժամանակ կենցաղային հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն։ Նախնական քննության տվյալներով՝ վիճաբանության ընթացքում ազգականը բռունցքով հարվածներ է հասցրել Ա.Սարգսյանի մարմնի տարբեր մասերին (դեմքին, գլխի ետնամասին, կրծքավանդակի շրջանին, մեջքին)` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հոկտեմբերի 17-ին ազգականը ձերբակալվել է՝ Ա.Սարգսյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, ինչն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի