Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել է Գեղարքունիքում տեղի ունեցած սպանությունը. մեկ անձ ձերբակալվել է

17.04.2020 19:41

2020թ. ապրիլի 17-ին` ժամը 10:20-ին, «Ճամբարակի Բ/Կ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ դեպի Շորժա տանող ճանապարհին՝ ավտոմեքենայի մեջ, հրազենային վնասվածքով դիակ կա:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:

Իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 17-ի գիշերը՝ ժամը 00.00-ից 01.00-ն  ընկած ժամանակահատվածում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 29-րդ կմ հատվածում  Գեղարքունիքի մարզի 31-ամյա բնակիչը իր անվամբ հաշվառված  «ՄՌ-155» տիպի որսորդական ողորկափող հրացանով կրակել է «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներից նշված ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

31-ամյա տղամարդը ձերբակալվել է: Հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի