Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել է Տավուշի մարզում տեղի ունեցած սպանությունը. առաջադրվել է մեղադրանք

21.03.2016 19:42


ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են մարտի 18-ին Տավուշում տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 18-ին՝ ժամը 23.45-ին, «Բերդ» Բ/կ-ից հաղորդում է ստացվել, որ «ագոնալ վիճակ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վրեժ Մաթևոսյանը (ծնված 1978թ.) և «կլինիկական մահ» ախտորոշմամբ՝ Գագիկ Ճաղարյանը (ծնված 1988թ.):

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով։ Տավուշի մարզային քննչական վարչության պետի որոշմամբ՝ կազմվել է քննչական խումբ՝ Բերդի քննչական բաժնի պետ Հ.Գարանյանի գլխավորությամբ, մշակվել է քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։

Քննությամբ պարզվել է, որ Գագիկ Ճաղարյանի կրծքավանդակի շրջանում կյանքի հետ անհամատեղելի, Վրեժ Մաթևոսյանին ծանր մարմնական վնաս պատճառվել է 2016 թվականի մարտի 18-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Տավուշի ջրամբարի թերակղզու հարակից տարածքում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, Բերդ քաղաքի բնակիչ, 25-ամյա երիտասարդի կողմից։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 25-ամյա երիտասարդին մարտի 21-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի