Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Սպիտակ քաղաքի 41-ամյա բնակչի՝ առանձին դաժանությամբ սպանության գործով մեղադրանք է առաջադրվել չորրորդ անձին՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության մասին իմանալու և իրավապահներին չհայտնելու համար

16.06.2020 12:08

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը. Վանաձորի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության մասին իրավապահներին չհայտնելու համար:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձորի 31-ամյա բնակիչը տեղյակ է եղել՝ իր մտերիմ ընկերների և Սպիտակ քաղաքի բնակչի  միջև լարված հարաբերությունների մասին և ավտոմեքենայում լսել է, որ նրանք պատրաստվում են վերջինիս նկատմամբ հաշվեհարդար տեսնել ու սպանել նրան:

Ավելին՝ նա իր ընկերների հետ, 2019 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, մեկնել է դեպքի վայր, ականատես է եղել նրանց կողմից առանձնապես ծանր հանցագործություն կատարելուն, այն է՝ ապօրինի կերպով ձեռք բերված ատրճանակի գործադրմամբ, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով տուժողի ուղղությամբ կրակոցներ արձակելուն, առանձին դաժանությամբ դանակով նրա ձախ ականջախեցին լրիվ ամպուտացիայով հիմից կտրելուն, ինչպես նաև՝ աջ ականջախեցու հիմի վերին եզրը վնասելուն, այսինքն՝ նրան սպանելու դեպքին, իսկ հանցագործության ավարտից հետո ընկերների հետ դիմել է փախուստի:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (hանցագործության մասին չհայտնելը) 1-ին մասով: Նշված դրվագով ևս նախաքննությունն ավարտվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական գործից երեք անձանց վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Նրանցից մեկին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով, երկրորդին՝ 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 113-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, իսկ երրորդին՝ 38-104-րդ հոդվածի (սպանությանն օժանդակելը) 1-ին մասով:

Ապօրինի զենք իրացնելու վերաբերյալ գործից անջատված մասով նախաքննությունը կասեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ):

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի