Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Վճարահաշվարկային տերմինալը հափշտակելու փորձի և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու գործով 4 անձ կալանավորվել է

19.05.2020 17:30

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են մթերային խանութում տեղադրված վճարահաշվարկային տերմինալը հափշտակելու փորձի և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսի 16-ին` ժամը 05:20-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործությունը կատարած 4 անձ, Երևան քաղաքի Տ. Պետրոսյան փողոցում գտնվող մթերային խանութում տեղադրված «Թել Սելլ» վճարահաշվարկային տերմինալը հափշտակելու առերևույթ դիտավորությամբ, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել են խանութի մուտքի դուռն ու դուրս բերել վճարահաշվարկային տերմինալը: Սակայն նշված տերմինալը նրանցից մեկի՝ 26-ամյա երիտասարդի կողմից վարվող «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցում տեղավորելու ընթացքում վերջիններս նկատվել են՝ իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողների կողմից, որից հետո, տերմինալը գցելով խանութի մոտ, նստել են նշված ավտոմեքենան և փորձել դիմել փախուստի:

Այդ ընթացքում 26-ամյա երիտասարդը ավտոմեքենան դիտավորությամբ վարել է իրենց փախուստը կանխող ոստիկանության ծառայողների վրայով` պատճառելով մարմնական վնասվածք և ստեղծելով վտանգ նրանց կյանքի և առողջության համար:

Նույն պահին, նրանց փախուստը կանխելու, ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար ստեղծված վտանգը չեզոքացնելու համար ավտոմեքենայի ընթացքը հարկադրաբար կանգնեցնելու նպատակով, ոստիկանության օպերլիազորը իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակով երեք անգամ կրակ է արձակել նշված ավտոմեքենայի հետևի աջակողմյա անիվին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած երեք անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ 26-ամյա երիտասարդին՝ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի