Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավարտվել է երկու եղբայրների կողմից ոստիկանների վրա հարձակում գործելու և ոստիկաններից մեկին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

09.06.2020 12:34

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր  հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկան Տ. Առաքելյանի սպանության, ոստիկան Ա. Հակոբյանից նրան ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը հափշտակելու և վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև խմբի կազմով զգալի չափերով գաղտնի հափշտակություններ և գույքի զգալի չափերով վնասում կատարելու դեպքերի հանգամանքները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, Արաբկիր վարչական շրջանում գտնվող գեղեցկության սրահներից մեկից հերթական գողությունը կատարելուց հետո Երևան քաղաքի Ազատության պողոտայի և  Բաբայան փողոցի խաչմերուկում երկու եղբայրները նկատվել են ոստիկանության ծառայողներ Տ. Առաքելյանի և Ա. Հակոբյանի կողմից: Չենթարկվելով նրանց օրինական պահանջներին՝ եղբայրները բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, որի ժամանակ նրանցից մեկը՝ անչափահաս եղբայրը,  հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը և նրանցից վերջնականապես ազատվելու և փախչելու նպատակով մեկ անգամ կրակել է  ոստիկան Տ. Առաքելյանի ուղղությամբ՝ վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար զրկելով կյանքից, ինչպես նաև՝ մեկ անգամ էլ կրակել է ոստիկան Ա.Հակոբյանի ուղղությամբ, որից հետո եղբոր հետ դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ անչափահաս եղբորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ կետով, 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 3-րդ մասի 3-րդ կետով, 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով, 38-177-րդ հոդվածի (գողությանն օժանդակելը) 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 3-րդ կետով (6 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (5 դրվագ), 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասով, մյուս եղբորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի