Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել է քրեակատարողական հիմնարկի տարածքից դատապարտյալի կողմից իրականացված խարդախության շուրջ 40 դրվագ

26.11.2015 20:10


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանի կողմից կատարված հափշտակության 40 դրվագ։

Նախնական քննության տվյալներով՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում  դատապարտյալ Դանիելյանը, միայնակ կամ այլ անձանց հետ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով, տասնյակ քաղաքացիների վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով, 2015 թվականի մարտ-նոյեմբեր ամիսների ընթացքում հափշտակել է բազմաթիվ բջջային հեռախոսներ, համակարգչային սարքեր և այլ ապրանքներ:

Այսպես՝ դատապարտյալը,  պատիժը կրելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր կողմից օգտագործվող բազմաթիվ հեռախոսահամարների միջոցով զանագահարել է «List.am» ինտերնետային կայքում տարբեր ապրանքների, մասնավորապես` «Iphone» տեսակի բջջային հեռախոսների,  համակարգիչների և այլ տեխնիկական սարքերի վաճառքի հայտարարություններ տեղադրած անձանց, վերջիններիս ներկայացել տարբեր անուն-ազգանուններով և ապրանքի գումարը անկանխիկ վճարելու պայմանով /բանկային փոխանցման եղանակով/ ցանկություն հայտնել գնել դրանք:

Հանցավոր մտադրություններն ի կատար ածելու համար նույն կայքի միջոցով հեռախոսակապ է հաստատել տաքսի ծառայություններ մատուցող հայտարարություններ տեղադրած անձանց հետ, նրանց ներկայացել որպես տարբեր ընկերությունների տնօրեն և առաջարկել իր մոտ աշխատել որպես առաքիչ` խոստանալով բարձր վարձատրություն, որից հետո վերջիններիս, արդեն որպես տնօրեն, հանձնարարել է կատարել պատվերներ և ցուցումներ տվել՝ ապրանքները տարբեր քաղաքացիներից վերցնելու, դրանք տարբեր վաճառակետերում վաճառելու կամ այլ անձանց փոխանցելու վերաբերյալ:

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է նշված մեխանիզմով կատարված հափշտակության շուրջ 40 դեպք։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Սպարտակ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է: Քննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ դատապարտյալը ներկայումս էլ շարունակում է իր հանցավոր գործունեությունը և կատարում նոր խարդախություններ։ Բացի այդ, պարզվել է նաև, որ քրեակատարողական հիմնարկի տարածքից նշված մեխանիզմով կատարվող խարդախության դեպքերը լայն տարածում են գտել:

Իրազեկելով խարդախության տարածում ստացած այս մեխանիզմի մասին՝ կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին ցուցաբերել զգուշավորություն՝ նման եղանակով գործարքներ կնքելիս, իսկ եթե կան անձինք, ովքեր տուժել են նման գործողություններից, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն (հասցե՝ ք.Երևան, Խանջյան 51)։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի