Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը բացասական է գնահատել բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը (Լուսանկարներ)

19.12.2016 17:47

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի մոտ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են բնակարանային գողությունների դեպքերի առթիվ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի քննության արդյունքները։

Քաղաքացիների սեփականության իրավունքի դեմ ոտնձգությունների բացահայտումը կարևորելով՝ ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու 2015 թվականին բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության արդյունքները, վեր հանելու բացահայտմանը խոչընդոտող պատճառները։

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝ 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 1389 բնակարանային գողություն, որից բացահայտվել է 509-ը, այսինքն՝ 36,6 տոկոսը։ Ընդ որում՝ բացահայտումն անհամեմատ ավելի ցածր է Երևանում. եթե մարզերում բացահայտումը կազմել է 48,5 տոկոս, ապա Երևանում՝ 28,1 տոկոս։

ՀՀ ՔԿ նախագահը խիստ բացասական գնահատեց բնակարանային գողությունների բացահայտման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

«Որպես նախաքննական մարմին՝ պարտավոր ենք ապահովելու հանցագործությունների բացահայտումը։ Տարածքներ կան, որտեղ բացահայտման ցուցանիշը զրո է։ Չենք կարող ստեղծված իրավիճակն անտեսել»,- ասաց Ա.Հովսեփյանը՝ անընդունելի համարելով քաղաքացիների սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման նկատմամբ ոչ բավարար միջոցների ձեռնարկումը։

«Ինքներս պետք է բացահայտենք մեր աշխատանքների բացթողումները, պատճառները և հետևություններ անենք»,- ընդգծեց ՀՀ ՔԿ նախագահը։

Մտահոգիչ գնահատվեց նաև գողոնի հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ 2015 թվականին գրանցված գողությունների հետևանքով միայն ֆիզիկական անձանց պատճառված վնասը կազմել է 1.066.780.516 դրամ, որից վերականգնվել է մոտ 88 մլն դրամը, ինչը կազմում է 8,5 տոկոսը։ Ա.Հովսեփյանը շեշտեց հանցագործությունների հետևանքով քաղաքացիների կրած նյութական վնասների փոխհատուցման կարևորությունը՝ որպես սոցիալական արդարության վերականգնման կարևոր նախապայման։

Խորհրդակցությունում վերլուծվեցին գողությունների բացահայտմանը խոչընդոտող հանգամանքներն ու պատճառները։ ՀՀ ՔԿ նախագահը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց սեղմ ժամկետում  ներկայացնել կոնկրետ առաջարկություններ՝ բացահայտումների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

Մասնակիցները կարևորեցին դեպքի վայրի պահպանությունը։ Խորհրդակցության ընթացքում արձանագրվեց, որ դեպքի վայրի պահպանությունը շարունակում է օրախնդիր լինել ոչ միայն գողությունների դեպքում, այլ՝ ընդհանրապես, որի հետևանքով մի շարք հետքեր ոչնչանում են, դառնում ոչ պիտանի, որպիսի  պայմաններում նվազում է դեպքի վայրի զննության արդյունավետությունը։ Այս առումով զեկուցվեց, որ մշակվել է դեպքի վայրի պահպանության կանոնների նախագիծ ու դրվել շրջանառության մեջ։

Ա.Հովսեփյանն ընդգծեց, որ հանցագործությունների բացահայտման բանալին մեծամասամբ գտնվում է դեպքի վայրում և դեպքի վայրի պահպանությունը, պատշաճ զննության իրականացումն էական նշանակություն ունեն վարկածների մշակման ու հանցագործության բացահայտման համար։ Հանձնարարվեց քննության աջակցության վարչությանը՝ մշակել մեթոդական ձեռնարկ՝ դեպքի վայրի զննության և քրեագիտական տեխնիկայից  օգտվելու վերաբերյալ ու դրա հիման վրա  կազմակերպել քննիչների վերապատրաստման դասընթացներ։ Կարևորվեց նաև քննության ճիշտ պլանավորումը և օպերատիվ-որոնողական մարմինների հետ սերտ համագործակցությունը։

Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներին մեկ ամիս ժամանակ տրվեց՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելու և միջոցառումների ծրագիր ներկայացնելու համար։

 


 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի