Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Վանաձորում ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար. քրեական գործն ուղարկվել է դատարան

01.12.2016 16:17

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքապետարանի շենքում ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախնական քննությամբ պարզվել է վիճաբանության պատճառը, որը կրում է մասնավոր բնույթ։

Քննության տվյալներով՝ անձնական-կենցաղային խնդիրների պատճառով ամուսիններն սկսել են ապրել առանձին և կինը, հեռանալով ամուսնուց, իր հետ տարել է նաև իր երեք անչափահաս երեխաներից 2-ին։

Ամուսինը հունիսի 30-ին դիմել է դատարան՝ ամուսնալուծության, երեխաների բնակության վայրի որոշման և կնոջը ծնողական իրավունքից զրկելու պահանջով։  Դատարանի հանձնարարության հիման վրա՝ Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմինը 2016 թ. հոկտեմբերի 27-ին նիստ է հրավիրել՝ ուսումնասիրելու երեխաների բնակության վայրի, խնամքի ու կյանքի պայմանները, որին հրավիրվել են ամուսնալուծվող ամուսինները՝ երեխաների հետ միասին։ Մայրը 4-ամյա երեխային նիստին չի ներկայացրել, ինչի պատճառով ամուսինների միջև առաջացել է վիճաբանություն։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ քաղաքապետարանի շենքում վիճաբանության ժամանակ ամուսինը ձեռքով հարվածել է կնոջ գլխին, որի հետևանքով, դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, կնոջ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ դեմքի շրջանների արյունազեղումների, ձախ այտոսկրի և հայմորյան ծոցի առաջային պատի փակ կոտրվածքների ու գլխուղեղի ցնցման ձևով:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի