Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ընտանեկան բռնության դեպք Երևանում. ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ կնոջը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար

02.05.2017 16:37

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել են Նոր Խարբերդում ամուսնու կողմից կնոջը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները:

Նախնական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևան քաղաքում 40-ամյա կինը ամուսնու կողմից ենթարկվել է բռնության: Մասնավորապես՝ 2017թ. ապրիլի 12-ին ամուսինների միջև իրենց տանն անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 46-ամյա ամուսինը երեխայի ներկայությամբ ձեռքով հարվածել է կնոջ որովայնի ձախ հատվածին՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս՝ որովայնի փակ, բութ վնասվածքի, փայծաղի պատռվածքի հետորովայնամզային տարածության արյունազեղման ձևով:  Տուժած կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Քննությամբ պարզվել են վիճաբանության շարժառիթը, քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի