Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Դասընթացներ՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների համար. ՔԿ նախագահն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած փորձագետներին (Լուսանկարներ)

16.07.2018 19:28

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության ծրագրի պատասխանատու Դոնալդ Հարպերին և ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ռազմական գծով փորձագետներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների վերապատրաստմանը, մասնագիտական ունակությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Փորձագետները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու քննիչների համար նախատեսված փորձի փոխանակման դասընթացին, որը տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեում՝ 2018 թվականի հուլիսի 17-20-ը։

«Քննչական կոմիտեի քննիչների գերակշիռ մեծամասնությունը երիտասարդ է և ունեն 2-3 տարվա քննչական աշխատանքի փորձ։ Նրանց վերապատրաստելու, մասնագիտական ունակությունները կատարելագործելու խնդիրը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում։ Այս տարիներին, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցաբար պարբերաբար, կազմակերպել ենք տարբեր դասընթացներ՝ փորձելով ապահովել քննիչների նեղ մասնագիտացումը՝ հաշվի առնելով առանձին հանցագործությունների քննության առանձնահատկությունները։ Բայց սա առաջին դեպքն է, երբ դասընթացներին ներգրավում ենք նաև զինվորական հանցագործությունները քննող քննիչներին, և հույս ունեմ, որ այս ծրագիրը կլինի շարունակական»,- ասել է ՔԿ նախագահը։

Ընդգծելով քրեական գործի բացահայտման գործում առանձին քննչական գործողությունների առանցքային նշանակությունը՝ Հ.Գրիգորյանը հատկապես կարևորել է դեպքի վայրի զննությունը, դրանց արդյունքում ապացույցների ամրագրումն ու հարցաքննությունների տակտիկայի ճիշտ ընտրությունը։

«Սրանք այն քննչական գործողություններն են, որոնց կատարման ընթացքում թույլ տրվող սխալները կարող են անդառնալի հետևանք ունենալ քրեական գործով իրական հանգամանքների պարզաբանման վրա, անդրադառնալ քրեական գործի ելքի վրա ընդհանրապես, ուստիև՝ հենց այս թեմաներն ենք ներառել վերապատրաստման ծրագրերում»,- նշել է ՔԿ նախագահը։

Կողմերը պայմանավորվել են դասընթացի ավարտին քննարկել արդյունքները և ըստ այդմ նախանշել համագործակցությունը զարգացնելու ուղղությունները։



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի