Գործունեություն
Կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, որի կազմում են Կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ Կոմիտեի նախագահի որոշմամբ, Կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 ծառայող, Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից նշանակված երկուական ներկայացուցիչ:
Հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է:
Հանձնաժողովի խնդիրն է՝
- նպաստել կոմիտեի ծառայողին ներկայացվող բարոյական բարձր չափանիշների ձևավորմանը, ծառայողական կարգապահության ամրապնդմանը, կարգապահական խախտումների կանխարգելմանը և այդպիսիք ծնող պատճառների վերացմանը.
- ապահովել Կոմիտեի ծառայողի անկախությունը և իրավունքների պաշտպանությունը.
- կանխել Կոմիտեի ծառայողին անհիմն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:
Հանձնաժողովը՝
- քննարկում է կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունները.
- տալիս է եզրակացություններ.
- ընդունում է ընթացակարգային և ըստ էության որոշումներ.
- իրականացնում է Օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորություններ:
Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են Հանձնաժողովի առնվազն 5 անդամ: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ՝ Հանձնաժողովի անդամներից մեկը:
Հանձնաժողովի անդամը չի մասնակցում այն որոշման կայացմանը, որը վերաբերում է նրա մերձավոր ազգական հանդիսացող Կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, իսկ Կոմիտեի ծառայողների թվից վիճակահանությամբ ընտրված Հանձնաժողովի անդամը՝ նաև իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելուն վերաբերող որոշման կայացմանը:
Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, ծառայողական քննության փուլերի, Կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունների քննարկման, հանձնաժողովի կողմից կայացվող որոշումների տեսակների ու կարգերի վերաբերյալ հարցադրումները սահմանված են Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգով՝ հաստատված ՀՀ քննչական կոմիտեի հրամանով։