Կարգը
ՀՀ քննչական կոմիտեում քաղաքացիների ընդունելության, դիմումների, բողոքների ընդունման, քննարկման կառուցակարգերը սահմանված են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Հովսեփյանի՝ «ՀՀ քննչական կոմիտեում դիմումների, բողոքների ընդունման և քննարկման, քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» թիվ 40 Լ հրամանով:
Քաղաքացիների ընդունելության կարգը
ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնում Քաղաքացիների ընդունելության կազմակերպումն իրականացվում է կոմիտեի դեպարտամենտի քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժնի, իսկ կոմիտեի այլ մարմիններում կամ ստորաբաժանումներում՝ դրա համար պատասխանատու անձի կողմից:
Ընդունելության համար քաղաքացիները կարող են հերթագրվել ինչպես գրավոր էլեկտրոնային պաշտոնական փոստով կամ պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով, այնպես էլ բանավոր, այդ թվում նաեւ՝ հեռախոսակապով։ Քաղաքացուն հերթագրելու հետ միաժամանակ նրան հայտնվում է ընդունելության օրը, ժամը, իսկ անհրաժեշտության դեպքում` այն պաշտոնատար անձի պաշտոնը , կոչումը, անունը և ազգանունը, ում մոտ քաղաքացին հերթագրված է ընդունելության:
Կախված հարցի լուծման հրատապությունից ՝ անձի ընդունելությունը կարող է կազմակերպվել առանց հերթագրման, անհապաղ՝ ընդունելություն իրականացնող պաշտոնատար անձի համաձայնությամբ:
Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցների, ինչպես նաև անչափահասների և հղի կանանց, բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընդունելությունը կազմակերպվում է արտահերթ:
Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով:
Քաղաքացիների ընդունելությունը կարող է մերժվել, եթե ներկայացվող հարցը կամ պահանջը ակնհայտորեն դուրս է կոմիտեի իրավասության շրջանակներից: Նման դեպքերում քաղաքացուն գրավոր կամ բանավոր պարզաբանվում է առաջադրված հարցի լուծման համար իրավասու այլ մարմիններին դիմելու հնարավորության մասին:
Իրավասու պաշտոնատար անձը քաղաքացու ընդունելության վերաբերյալ քաղաքացիների ընդունելության գրանցամատյանում կատարում է հաշվառում:
Դիմումների ընդունումը և քննարկումը
ՀՀ քննչական կոմիտեում դիմումներն ընդունվում են առձեռն, փոստով, նամակների արկղով, էլեկտրոնային (պաշտոնական էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական ինտերնետային կայքով) կամ ֆաքսիմիլային եղանակներով:
Դիմումը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`
• դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը,
• դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը),
• մարմնի, ստորաբաժանման անվանումը, որին ներկայացվում է դիմումը,
• դիմումով ներկայացվող պահանջը և/կամ դիմումի առարկան,
• դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են),
• դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը,
• դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը:
ՀՀ քննչական կոմիտե ներկայացվել է կոմիտեի իրավասության շրջանակներից դուրս հարց, ապա այն եռօրյա ժամկետում վերահասցեագրվում է իրավասու մարմին՝ ծանուցելով դիմողին:
Եթե դիմումով արծարծված հարցը չի մտնում ինչպես կոմիտեի, այնպես էլ որևէ այլ պետական մարմնի իրավասության մեջ, ապա դիմումը, իսկ առկայության դեպքում ՝ դրան կից փաստաթղթերն , ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, վերադարձվում են դիմողին՝ պատասխան գրության մեջ նշելով պատճառների մասին:
Դիմումը քննարկման ենթակա չէ, եթե այն ներկայացվել է առանց ստորագրության և որի կապակցությամբ միջոցներ են ձեռնարկվել դիմողին բացահայտելու ուղղությամբ, սակայն նրա ինքնությունը չի պարզվել,եթե դիմողը գրավոր ձևով հրաժարվում է իր դիմումից , եթե դրանում շոշափված հարցերի կապակցությամբ նախկինում նույնաբովանդակ դիմումի քննարկման արդյունքում տրվել է գրավոր պատասխան՝ բացառությամբ երբ նույն հարցի վերաբերյալ կրկնակի դիմում ներկայացվում է կոմիտեի վերադաս մարմին:
Այն դիմումները, որոնց տեքստն անընթեռնելի է կամ անհասկանալի, մուտքագրվում են սույն կարգով սահմանված կարգով և եռօրյա ժամկետում դիմողին պատասխան գրությամբ տեղեկացվում է դիմումի տեքստի հստակեցման անհրաժեշտության մասին:
Դիմողի հստակեցված դիմումի ներկայացման դեպքում այն քննարկվում է որպես նոր դիմում:
Նախապատրաստվող կամ կատարված առերևույթ հանցագործությունների մասին տեղեկություններ պարունակող՝ առանց ստորագրության դիմումները, եթե դիմումատուի նույնականացումը հնարավոր չէ, ուղարկվում են իրավասու մարմին՝ օրենքով սահմանված կարգով ստուգելու համար:
Դիմումների քննարկումն իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետում ՝ չսպասելով սույն կարգով նախատեսված ժամկետների լրանալուն, եթե դիմումում շոշափված բարձրացված հարցի համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների պարզաբանման համար առկա են անհրաժեշտ նյութեր, բավարար չափով ճշգրտված են գործի հանգամանքները և անհրաժեշտություն չկա կատարել լրացուցիչ գործողություններ:
Ներկայացված դիմումի քննարկման արդյունքում դիմողին ուղարկվում է սպառիչ պատճառաբանված պատասխան: Անհրաժեշտության դեպքում պատասխանում կարող են մեկնաբանվել դիմումում շոշափված հարցերի վերաբերյալ իրավական ակտերի դրույթները:
Դիմումի ուսումնասիրությունը և դրանում արծարծված հարցի լուծումն ավարտված է համարվում դիմողին պատասխան գրություն ուղարկելու օրը: