Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քրեական գործ հարուցելու առիթները

 

 

Քրեական օրենքով  արգելված հանրորեն վտանգավոր արարք մեղավորությամբ կատարելը  համարվում է հանցագործություն, որի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։

Քրեական գործ հարուցելու առիթները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածով` որի համաձայն համապատասխան առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինն իրենց իրավասության շրջանակներում պարտավոր են քրեական գործ հարուցել: ՀՀ քրեական դատավարության  օրենսգրքի 176-րդ հոդվածը սահմանում  է  քրեական գործ հարուցելու  3 առիթ։

 

Դրանք են`

-  հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին

-  հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները

-  հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերումն իրենց լիազորություններն իրականացնելիս:

Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է  հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելու պարզ  ընթացակարգ եւ պահանջներ։


Ֆիզիկական անձանց հաղորդումները


Հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց հաղորդումները կարող են լինել գրավոր կամ բանավոր:

Քննչական գործողություն կատարելիս կամ դատական քննության ընթացքում հանցագործության մասին արված բանավոր հաղորդումը մտցվում է համապատասխանաբար` քննչական գործողության կամ դատական նիստի արձանագրության մեջ: Այլ դեպքերում կազմվում է առանձին արձանագրություն: Արձանագրության մեջ պետք է նշվեն դիմողի ազգանունը, անունը, ծննդյան թիվը, բնակարանի և ծառայողական հասցեն, նրա առնչությունը հանցագործությանը և իրազեկության աղբյուրը, ինչպես նաև տեղեկություններ նրա կողմից ներկայացված անձը հաստատող փաստաթղթերի մասին: Եթե դիմողը չի ներկայացրել անձը հաստատող փաստաթղթեր, պետք է ձեռնարկվեն այլ միջոցառումներ  նրա անձի մասին տեղեկություններն ստուգելու համար:

Եթե լրացել է դիմողի 16 տարին, ապա նա նախազգուշացվում է սուտ մատնության համար նախատեսված պատասխանատվության մասին, ինչը հաստատում է իր ստորագրությամբ:

Հաղորդումն արձանագրության մեջ շարադրվում է առաջին դեմքով:

Արձանագրությունն ստորագրում են դիմողը և հաղորդումն ընդունող պաշտոնատար անձը:

Վերոնշված  կանոնները տարածվում են նաև դիմողի կատարած հանցանքի մասին հաղորդման վրա` մեղայականով ներկայանալու դեպքում:

Չստորագրված կամ կեղծ ստորագրությամբ, կամ մտացածին անձի անունից գրված նամակը, հայտարարությունը կամ հանցագործության մասին այլ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չէ:

Իրավաբանական անձանց հաղորդումները
 
Իրավաբանական անձի հաղորդումը պետք է ունենա ծառայողական նամակի կամ վավերացված հեռագրի, հեռախոսագրի, ռադիոգրի, էլեկտրոնային փոստի կամ հաղորդումների այլ ընդունված ձև: Հաղորդմանը կարող են կցվել հանցանքի կատարումը հաստատող փաստաթղթեր:
 
Լրատվության միջոցների հաղորդումները
 
Լրատվության միջոցների հաղորդումներ են` կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին մամուլում հրապարակված, ռադիոյով, հեռուստատեսությամբ  հեռարձակված նյութերը, ինչպես նաև լրատվության միջոցներին հասցեագրված և չհրապարակված հաղորդակցությունները։

Հանցագործությունների մասին հաղորդումներ հրապարակած կամ ըստ պատկանելության ուղարկած լրատվության միջոցները, ինչպես նաև այդ հաղորդումների հեղինակները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն,  պարտավոր են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող` իրենց մոտ եղած նյութերը:

Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

1) քրեական գործ հարուցելու մասին.
2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.
3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:
 
Քրեական գործի հարուցումը մերժելը

Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է համապատասխան դատախազին։

Որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:

Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել  օրենքով սահմանված կարգով՝ որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում:

Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա վերադաս դատախազն այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում վերացնում է բողոքարկվող որոշումը, հարուցում  քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկում է քննիչին կամ հաստատում քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը:

Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն:

Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը:

Քրեական գործ հարուցելու կարգը


Քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մասին:

Որոշման մեջ պետք է նշվեն գործ հարուցելու առիթն ու հիմքը, քրեական օրենքի այն հոդվածը, որի հատկանիշներով հարուցվում է գործը, հարուցելուց հետո գործի հետագա ընթացքը:

Եթե այդ պահին հայտնի է հանցագործությունից տուժած անձը, քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ այդ անձը ճանաչվում է տուժող, իսկ եթե հանցագործության մասին հաղորդման հետ միաժամանակ ներկայացված է քաղաքացիական հայց, այդ անձը նույն որոշմամբ ճանաչվում է նաև քաղաքացիական հայցվոր:

Քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենն ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:
Քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ պետք է միջոցառումներ ձեռնարկվեն հանցագործությունը խափանելու և կանխելու, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն առարկաները և փաստաթղթերը պահելու և պահպանելու ուղղությամբ, որոնք գործի համար կարող են նշանակություն ունենալ: