Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Եղի՛ր տեղեկացված



Կասկածյալի իրավունքները եւ պարտականությունները
Մեղադրյալի իրավունքները եւ պարտականությունները
Տուժողի իրավունքները եւ պարտականությունները
Վկայի իրավունքները և պարտականությունները
Անչափահասի իրավունքներն ու պարտականությունները


ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Սաhմանադրության 43-րդ հոդվածն սահմանում է, որ մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը,  պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության միջոցով սահմանափակելով հանցանք (արարք, որն  իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր տարրերն ու հատկանիշները) կատարած անձանց և քրեական դատավարության այլ մասնակիցների իրավունքները, այդուհանդերձ,  ընձեռում է նրանց  մի շարք իրավունքներ ու պարտականություններ:

Կասկածյալի իրավունքները եւ պարտականությունները


Կասկածյալն ունի պաշտպանության իրավունք: Քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնելու պաշտպանության իր իրավունքը:

 Կասկածյալը, քրեական դատավարության  օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`

• իմանալ` ինչում է կասկածվում, տեղեկացվել կասկածանքի բովանդակությանը, նրան վերագրվող արարքի փաստական կողմին և իրավաբանական որակմանը.
• ձերբակալվելուց հետո հետաքննության մարմնից, քննիչից կամ դատախազից անմիջապես ստանալ իր իրավունքների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.
• ձերբակալվելուց կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումն իրեն հայտարարվելուց հետո քրեական հետապնդման մարմնից անմիջապես անվճար ստանալ ձերբակալելու կամ խափանման միջոց ընտրելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշման պատճենը, իսկ ձերբակալման արձանագրություն կազմելուց հետո` դրա պատճենը.
•  ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումն իրեն հայտարարելու պահից ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից և պաշտպանվել ինքնուրույն.
• առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցվել իր պաշտպանի հետ` առանց դրանց թվի և տևողության սահմանափակման՝ բացառությամբ քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի.
• հարցաքննվել պաշտպանի ներկայությամբ.
• տալ ցուցմունքներ կամ հրաժարվել ցուցմունքներ տալուց.
• տալ բացատրություններ կամ հրաժարվել բացատրություններ տալուց.
•  արգելանքի վերցնելուց հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով մերձավոր ազգականներին, իսկ զինծառայող լինելու դեպքում՝ նաև զինվորական մասի հրամանատարությանը հեռախոսակապի կամ հնարավոր այլ միջոցով տեղեկացնելու արգելանքի տակ պահելու իր տեղի և հիմքերի մասին։
Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի արգելանքի վերցնելու դեպքում նրան պահելու տեղի և հիմքերի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով հայտնում է արգելանքի վերցված անձի քաղաքացիության, իսկ եթե  քաղաքացիություն չունի՝ նրա մշտական բնակության պետությանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև շահագրգիռ այլ պետությանը։
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով արգելանքի վերցված օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին իրավունք է վերապահված կապվելու համապատասխանորեն իր քաղաքացիության պետության կամ իր մշտական բնակության պետության համապատասխան ներկայացուցչի կամ այդպիսի կապ հաստատելու իրավասություն ունեցող այլ ներկայացուցչի հետ կամ այդ ներկայացուցչի կողմից իրեն այցելության, ապա արգելանքի վերցված անձի կողմից այդ իրավունքի իրականացման խնդրանքի դեպքում պետք է այն բավարարել.
•  ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու համար.
• հայտնել բացարկներ.
•  հարուցել միջնորդություններ.
• առարկել քրեական հետապնդման մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.
• իր միջնորդությամբ, հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի թույլտվությամբ անձամբ կամ պաշտպանի միջոցով մասնակցել քննչական և այլ դատավարական գործողություններին կամ հրաժարվել դրանց մասնակցելուց, եթե օրենքով  այլ բան նախատեսված չէ.
• ծանոթանալ այն քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է գտնվել և դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու դեպքում պահանջել նշված գործողության արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն.
• քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների վերաբերյալ ընդունված որոշումներին, իսկ իր խնդրանքով` նաև անվճար ստանալ այդ որոշումների պատճենները.
• բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները.
• հետ վերցնել իր կամ իր պաշտպանի ներկայացրած բողոքը.
• ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունների հետևանքով անօրինական պատճառված վնասի հատուցումը:
•  Կասկածը չհաստատվելու դեպքում կասկածյալը ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ:
• Կասկածյալի կողմից իր իրավունքներից օգտվելը կամ դրանցից օգտվելուց հրաժարվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա և նրա համար առաջացնի որևէ անբարենպաստ հետևանք: Կասկածյալի վրա չի կարող որևէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների և բացատրությունների համար, բացի այն դեպքերից, երբ նա հայտարարել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձի կողմից հանցանք կատարելու մասին:

Կասկածյալն ունի նաև քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ:

 Կասկածյալը պարտավոր է`

• ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.
• լինելով ձերբակալված` քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել զննման, ինչպես նաև անձնական խուզարկության.
• քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական ստուգման, մատնադրոշմման, լուսանկարվել և հնարավորություն ընձեռել վերցնելու արյան, մարմնի արտաթորությունների նմուշներ.
• քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման և փորձաքննության.
• ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատավորի օրինական կարգադրություններին:

Անչափահաս կամ անգործունակ կասկածյալի իրավունքները նրա փոխարեն, քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:


 Մեղադրյալի իրավունքները եւ պարտականությունները

 

Մեղադրյալն ունի պաշտպանության իրավունք: Քրեական վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալին հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնել պաշտպանության իր իրավունքը:

Մեղադրյալը, քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`

• իմանալ` ինչում է մեղադրվում, որի համար մեղադրանք առաջադրելուց, արգելանքի վերցվելուց կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը հայտարարելուց հետո քրեական հետապնդման մարմնից անմիջապես անվճար ստանալ որպես մեղադրյալ ներգրավման մասին որոշման պատճենը.
• արգելանքի վերցվելուց հետո հետաքննության մարմնից, քննիչից կամ դատախազից անմիջապես անվճար ստանալ օրենքով նախատեսված իր իրավունքների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.
• մեղադրանք առաջադրելու պահից ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից և պաշտպանվել ինքնուրույն.
• առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցել իր պաշտպանի հետ` առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման.
• հարցաքննվել պաշտպանի ներկայությամբ.
• տալ ցուցմունքներ կամ հրաժարվել ցուցմունքներ տալուց, առերես հարցաքննվել իր դեմ վկայած անձանց հետ.
•  տալ բացատրություններ կամ հրաժարվել բացատրություններ տալուց.
• իր միջնորդությամբ, հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի թույլտվությամբ անձամբ կամ պաշտպանի միջոցով մասնակցել քննչական և այլ դատավարական գործողություններին կամ հրաժարվել դրանց մասնակցելուց, եթե քրեական դատավարության օրենսգրքով այլ բան նախատեսված չէ.
•  արգելանքի վերցնելուց հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով մերձավոր ազգականներին, իսկ զինծառայող լինելու դեպքում՝ նաև զինվորական մասի հրամանատարությանը, տեղյակ պահել արգելանքի տակ պահելու իր տեղի և հիմքերի մասին։
Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձին արգելանքի վերցնելու դեպքում նրան պահելու տեղի և հիմքերի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով հայտնում է արգելանքի վերցված անձի քաղաքացիության, իսկ եթե նա քաղաքացիություն չունի՝ նրա մշտական բնակության պետությանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև շահագրգիռ այլ պետությանը:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով արգելանքի վերցված օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին իրավունք է վերապահված կապվելու համապատասխանորեն իր քաղաքացիության պետության կամ իր մշտական բնակության պետության համապատասխան ներկայացուցչի կամ այդպիսի կապ հաստատելու իրավասություն ունեցող այլ ներկայացուցչի հետ կամ այդ ներկայացուցչի կողմից իրեն այցելության, ապա արգելանքի վերցված անձի կողմից այդ իրավունքի իրականացման խնդրանքի դեպքում պետք է այն բավարարել.
• քրեական գործին կցելու և հետազոտելու համար ներկայացնել նյութեր.
•  հայտնել բացարկներ.
•  հարուցել միջնորդություններ.
• հայտարարել իր մեղավորության կամ անմեղության մասին.
•  առարկել քրեական հետապնդման մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.
•  ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է գտնվել, և դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը և ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.
• նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից անվճար պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն.
•  մինչև գործի դատաքննությունն սկսելը հանդես գալ դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությամբ.
• մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին և գործի նյութերի հետազոտմանը, հանդես գալ ճառերով և ռեպլիկով.
• դատական քննության ընթացքում հանդես գալ վերջին խոսքով.
• քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների նշանակման, իր նկատմամբ խափանման միջոց և դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին կայացված որոշումներին, իսկ իր խնդրանքով` նաև անվճար ստանալ այդ որոշումների և մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման, հայցադիմումի պատճենը, ինչպես նաև դատավճռի կամ դատարանի այլ վերջնական որոշման պատճենը.
• բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումը.
• հետ վերցնել իր կամ իր պաշտպանի ներկայացրած բողոքը.
• առարկություններ ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից իրեն տեղեկացված կամ այլ հանգամանքների արդյունքում իրեն հայտնի դարձած դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.
• դատարանի նիստում կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների և առաջարկությունների առիթով.
• բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.
• առարկել նախագահողի գործողությունների դեմ.
•  ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունների հետևանքով անօրինական պատճառված վնասի հատուցումը:

Մեղադրյալն ունի նաև քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ:

Մեղադրյալի կողմից իր իրավունքներից օգտվելը կամ դրանցից օգտվելուց հրաժարվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա և նրա համար առաջացնի որևէ անբարենպաստ հետևանք: Մեղադրյալի վրա չի կարող որևէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների և բացատրությունների համար, բացի այն դեպքերից, երբ նա հայտարարել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձի կողմից հանցանք կատարելու մասին:

 Մեղադրյալը պարտավոր է`

•  ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.
• լինելով կալանավորված` քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել անձնական խուզարկության.
• քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական ստուգման, մատնադրոշմման, լուսանկարվել և հնարավորություն ընձեռել վերցնելու արյան, մարմնի արտաթորությունների նմուշներ.
• քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման և փորձաքննության.
•  ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատավորի օրինական կարգադրություններին.
• մինչև ընդմիջում հայտարարելն առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստերի դահլիճը.
• դատարանի նիստում պահպանել կարգուկանոն:

Անչափահաս կամ անգործունակ մեղադրյալի իրավունքները սույն օրենսգրքով սահմանված կարգով նրա փոխարեն իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:

 

Տուժողի իրավունքները եւ պարտականությունները
 
Տուժողը, քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`

•  ծանոթանալ առաջադրված մեղադրանքին.
• տալ ցուցմունքներ.
• տալ բացատրություններ.
• ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու և հետազոտելու համար.
• հայտնել բացարկներ.
• հարուցել միջնորդություններ.
• առարկել քրեական վարույթն իրականացնող մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.
• ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել է և դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը և ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.
• նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություններ.
• մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին.
• իր խնդրանքով անվճար ստանալ քրեական գործը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների պատճենները, մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման պատճենը, ինչպես նաև դատավճռի կամ դատարանի` այլ վերջնական որոշման պատճենը.
•  բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումը.
•  օրենքով նախատեսված դեպքերում հաշտվել կասկածյալի և մեղադրյալի հետ.
• առարկություններ ներկայացնել դատավճռի կամ դատարանի` այլ վերջնական որոշման դեմ բերված դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.
• օրենքով սահմանված կարգով ստանալ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցումը.
• ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցումը.
• հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով վերցված գույքը, իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները.
•  ունենալ ներկայացուցիչ և դադարեցնել ներկայացուցչի լիազորությունները:

 Տուժողը պարտավոր է`

• ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.
• քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով տալ ցուցմունքներ.
• քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ներկայացնել իր մոտ եղած առարկաները, փաստաթղթերը, ինչպես նաև նմուշները` համեմատական հետազոտման համար.
• իր նկատմամբ ենթադրաբար կատարված հանցագործության մասին քրեական գործով քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման.
• քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության` ստուգելու համար քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե հիմքեր կան կասկածի տակ դնելու նրա մոտ այդպիսի ունակության առկայությունը.
• ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.
• դատարանի նիստում պահպանել կարգուկանոն:

Տուժողն իրեն պատկանող իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, եթե դա համապատասխանում է համապատասխան իրավունքների և պարտականությունների բնույթին: Անչափահաս կամ անգործունակ տուժողի իրավունքները  օրենքով սահմանված կարգով նրա փոխարեն իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:

Տուժող կարող է ճանաչվել այն իրավաբանական անձը, որին հանցագործությամբ պատճառվել է բարոյական կամ նյութական վնաս: Տվյալ դեպքում տուժողի իրավունքները և պարտականություններն իրականացնում է իրավաբանական անձի ներկայացուցիչը։

 
Վկայի իրավունքները և պարտականությունները

 

Վկան պարտավոր է`

•  ցուցմունքներ տալու, քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.
•  տալ ճշմարտացի ցուցմունքներ` հայտնել գործով իրեն ամբողջ հայտնի դարձածը և պատասխանել առաջադրված հարցերին, ստորագրությամբ հաստատել քննչական կամ այլ դատավարական գործողության, արձանագրության մեջ իր տված ցուցմունքների գրառումների ճշտությունը.
• քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով տրամադրել իր մոտ եղած առարկաները, փաստաթղթերը, ինչպես նաև նմուշներ` համեմատական հետազոտման համար.
• քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման.
• քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության` ստուգելու համար քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե հիմքեր կան կասկածի տակ դնելու նրա այդպիսի ունակությունը.
•  ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի կարգադրություններին.
• չմեկնել այլ վայր` առանց դատարանի թույլտվության կամ առանց քրեական հետապնդման մարմնին իր գտնվելու նոր վայրի մասին նախապես տեղեկացնելու.
•  առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստերի դահլիճը կամ դատարանի շենքը.
•  դատական նիստի ժամանակ պահպանել կարգուկանոն:

Վկայի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 Վկան իրավունք ունի`

• իմանալ, թե որ քրեական գործով է կանչվում.
• հրաժարվել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց.
•  հրաժարվել նյութեր և տեղեկություններ ներկայացնելուց, եթե դրանք քրեական գործով կարող են վկայել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ.
•  ցուցմունքներ տալիս քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ օգտվել փաստաթղթերից և իր գրավոր նշումներից.
•  ցուցմունքներ տալիս կազմել պլաններ, սխեմաներ և գծանկարներ.
•  անձամբ շարադրել մինչդատական վարույթի ընթացքում տրվող իր ցուցմունքները.
•  ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը, ինչպես նաև համապատասխան մասով` դատական նիստի արձանագրությանը և իր ցուցմունքների գրառումների լրիվության և ճշտության հետ կապված դիտողություններ անել, որոնք մտցվում են արձանագրության մեջ.
•  ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում.
•  հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով իրենից վերցված գույքը, իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները
•  քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալ փաստաբանի հետ:

Նախնական քննության ընթացքում անչափահասի իրավունքներն ու պարտականությունները


• անչափահաս տուժողի, քաղաքացիական հայցվորի, մեղադրյալի, կասկածյալի իրավունքներն օրենքով սահմանված կարգով նրա փոխարեն իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:
•  14 տարին չլրացած վկայի օրինական ներկայացուցիչը, իսկ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ` նաև առավել բարձր տարիքի անչափահասի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի իմանալ ներկայացվող անձին քրեական վարույթն իրականացնող մարմին կանչելու մասին և մասնակցել քննչական կամ այլ դատավարական գործողությանը` ուղեկցելով նրան
•  անչափահասի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի իմանալ ներկայացվող անձին քրեական վարույթն իրականացնող մարմին կանչելու մասին եւ մասնակցել քննչական կամ այլ դատավարական գործողությանը՝ ուղեկցելով նրան.
•  անչափահասներն ունեն խնամքի իրավունք, որը նշված մարմինը պարտավոր է նրանց ապահովել պետական բյուջեի միջոցների հաշվին.
•  եթե հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալն անչափահաս է, ապա քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է.
•  հսկողության հանձնելը՝ որպես խափանման միջոց, կարող է կիրառվել միայն անչափահասի նկատմամբ.
•  անչափահաս վկան, անկախ տարիքից, կարող է հարցաքննվել՝ պայմանով, որ նա կարող է հաղորդել գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ.
•  անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ նրան վերագրվում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարում: