Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Աշխատանքի ընդունվելու կարգը

 

 

ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայությունը  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական ծառայության հատուկ տեսակ է, որն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկում:  Քննչական կոմիտեում ծառայությունը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին  օրենքով վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեություն։

Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայություն չի համարվում պաշտոնավարումը քննիչի պաշտոնում, ինչպես նաև տեխնիկական սպասարկման և պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձանց գործունեությունը։
     
 Տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք համարվում են Քննչական կոմիտեի դեպարտամենտի աշխատողներ, և նրանց հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և այլ իրավական ակտերով։
 
ՔԿ դեպարտամենտում պետական ծառայության պաշտոնում նշանակման և ազատման կարգը սահմանված է «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքով։
 
 Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք
 
 Օրենքով սահմանված կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող, 18 տարին լրացած, հայերենին տիրապետող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից։
 
    Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձինք
 
 Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով`


•  դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
•  դատական կարգով զրկվել է պետական (հանրային) ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
•  տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը պետական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը։ Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
•  դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
•  օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
 
    Պետական ծառայության պաշտոնի նշանակումը և ազատումը
 
Պետական ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում են սույն օրենքով սահմանված կարգով։

Պետական ծառայության պաշտոնում նշանակված անձինք պաշտոնից ազատման օրենքով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում անփոփոխելի են՝ բացառությամբ « ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին »  օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված պետական ծառայողի ռոտացիայի դեպքի։

 Պետական ծառայության պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է՝


• Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին՝ Կոմիտեի նախագահը.
• Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի տեղակալներին, Քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին, քննիչի օգնականին՝ Կոմիտեի նախագահը` Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ.
• պետական ծառայության մյուս ծառայողներին՝ Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը:

 Առաջին անգամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով։
 
Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու կարգը
 
1 Պետական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցվում է մրցութային կամ արտամրցութային կարգով։
 
Պետական ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը
 
« ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին » ՀՀ օրենքի  38-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում պետական ծառայության թափուր պաշտոն (բացառությամբ նոր ստեղծված պետական ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում 15-օրյա ժամկետում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու`
•  այն պետական ծառայողին, ով միաժամանակ`
ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,
բ. համարվում է պետական ծառայության միևնույն խմբի և ենթախմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված պետական ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու է պետական ծառայության իր զբաղեցրած ենթախմբին հաջորդող մեկ ենթախումբ բարձր ենթախմբի պաշտոն կամ պետական ծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ ենթախմբեր, իսկ բարձրագույն պաշտոնների խմբի դեպքում` 2-րդ ենթախմբի պաշտոն, կամ մինչ կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցրել է այդ պաշտոնը,
գ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն.

•  պետական ծառայության կադրերի ռեզերվից այն անձին, ով միաժամանակ՝
ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,
բ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

 

Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը, մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը
 
 Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվում է փակ կամ բաց մրցույթ։
 

Պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանում է Կոմիտեի նախագահը։
 
Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող փակ մրցույթը
 
 Պետական ծառայության թափուր պաշտոն առաջանալու կամ « ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին » ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով և ժամկետում նշանակում չկատարվելու դեպքերում (բացառությամբ պետական ծառայության կրտսեր պաշտոնների) այդ պաշտոնի զբաղեցման համար Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի հրամանով կարող է անցկացվել փակ մրցույթ։ Փակ մրցույթին կարող են մասնակցել տվյալ թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող պետական ծառայողները և « ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին » ՀՀ  օրենքով սահմանված կարգով կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք։

 Պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար փակ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ։ Նշված հայտարարությունը պետք է հրապարակվի Քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում։

 Փակ մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով, որի ընթացքում հաշվի են առնվում նաև մրցույթի մասնակցի ատեստավորման արդյունքները կամ անմիջական ղեկավարի գրավոր բնութագիրը։ Հարցազրույցն անցկացվում է « ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին » ՀՀ  օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով։

 Փակ մրցույթն անցկացնում է Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովը, իսկ անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Քննչական կոմիտեի դեպարտամենտը։ Փակ մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կոմիտեի նախագահը։

Փակ մրցույթի արդյունքների վերաբերյալ կարող է բողոք ներկայացվել Կոմիտեի նախագահին կամ հայց ներկայացվել դատարան՝ օրենքով սահմանված կարգով:
 
    Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթը
 
« ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին »  ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով փակ մրցույթի արդյունքում նշանակում չկատարվելու կամ պետական ծառայության թափուր կրտսեր պաշտոն առաջանալու կամ « ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին »  օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով և ժամկետում նշանակում չկատարվելու դեպքերում Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում այդ պաշտոնները զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին (այսուհետ` մրցույթ)։

Պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև Քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում։

Մրցույթն անցկացնում է մրցութային հանձնաժողովը, իսկ անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն ու մրցութային հանձնաժողովների գործունեության կազմակերպական ապահովումն իրականացնում է Քննչական կոմիտեի դեպարտամենտը։

Մրցութային հանձնաժողովն անձին չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է  «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը։

 Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ անձ։

 Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի։

 Պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարված մրցույթներին պետական ծառայողները, ինչպես նաև կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք կարող են մասնակցել ընդհանուր հիմունքներով։
 
    Թեստավորումը և հարցազրույցի փուլը բաց մրցույթում, բաց մրցույթի արդյունքների ամփոփումը
 
Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր։

 Թեստերը կազմվում են Կոմիտեի նախագահի սահմանած կարգով` համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված բնագավառներում ստուգելու համար։

 Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար ծածկագրերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով։

 Թեստավորման փուլում հաղթող են ճանաչվում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները։

 Թեստավորման անցկացման կարգը սահմանում է Կոմիտեի նախագահը։

 Հարցազրույցի փուլին մասնակցում են թեստավորման փուլում հաղթող ճանաչված մասնակիցները։

 Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում՝ նրանց մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողություններն ստուգելու և գնահատելու նպատակով։

Մրցութային հանձնաժողովի անդամների գնահատականների ամփոփումից հետո առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը համարվում է մրցույթի հաղթող։

 Հարցազրույցի անցկացման և գնահատման կարգը սահմանում է Կոմիտեի նախագահը։
 Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը։ Մրցույթի արդյունքները տրամադրվում են մրցույթի մասնակիցներին կամ հանրային ծանոթացման համար փակցվում են Քննչական կոմիտեի դեպարտամենտի վարչական շենքում` մատչելի վայրում։

Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո` ոչ ուշ, քան հաջորդ օրը, մրցութային հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կամ մասնակիցների վերաբերյալ ամփոփիչ արձանագրությունը ներկայացնում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին։ Ամփոփիչ արձանագրությունը պարունակում է տվյալներ մրցույթում հաղթած անձի կամ անձանց վերաբերյալ։

 Ամփոփիչ արձանագրությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, պետական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կամ հաղթող ճանաչված մասնակիցներից որևէ մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում։

Մրցույթի արդյունքների վերաբերյալ կարող է բողոք ներկայացվել Կոմիտեի նախագահին կամ հայց ներկայացվել դատարան՝ օրենքով սահմանված կարգով:
 
Նոր և կրկնակի մրցույթը
 
Նոր մրցույթն անցկացվում է`


•երբ մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման փուլում չի հավաքում անհրաժեշտ միավորների նվազագույն քանակը, կամ
• երբ հարցազրույցի փուլում մասնակիցներից ոչ մեկը մրցույթում հաղթող չի ճանաչվել կամ
• ներքոնշյալ մասով նախատեսված դեպքերում։

 Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ։ Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում։ Այն անցկացվում է 10-օրյա ժամկետում՝ ընդհանուր հիմունքներով։

 Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է « ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին » ՀՀ  օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ։

« ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին »  օրենքով սահմանված կարգի կամ Կոմիտեի նախագահի սահմանած կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով։ Մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ: Իսկ եթե անձը նշանակվել է պետական ծառայության տվյալ թափուր պաշտոնում, ապա ազատվում է զբաղեցրած պաշտոնից « ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին »  օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով:

 Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով։
 Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքով հաղթող չի ճանաչվում, ապա պետական ծառայության տվյալ թափուր պաշտոնը համալրվում է կադրերի ռեզերվում գտնվող և տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձանցից` հարցազրույցով։
 
 
 
Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության ստաժը
 
 Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության ստաժը ներառում է պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու ողջ ժամանակահատվածը, այդ թվում` ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու, քաղաքական, քաղաքացիական կամ հայեցողական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը, մինչև « ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին » ՀՀ  օրենքն ուժի մեջ մտնելը, մինչև տվյալ պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու ողջ ժամանակահատվածը:

 Պետական ծառայության ստաժը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` պետական ծառայողի ընդհանուր, մասնագիտական աշխատանքային ստաժում և պետական ծառայության ստաժում։

« ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին » ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով պետական ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հավասարեցվում է պետական ծառայության ստաժին։
 
Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը
 
 Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչև պետական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, պետական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով պետական ծառայողի գործուղման, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է`
• պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող պետական ծառայողի կողմից մինչև վեց ամիս ժամկետով կամ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով՝ բացառությամբ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով « ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին » ՀՀ օրենքով նախատեսված գործուղման դեպքերի։ Այդ ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության կամ սույն կետով նախատեսված մյուս դեպքերում մեկշաբաթյա ժամկետում`
• պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` պետական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող պետական ծառայողի կամ հաշվի առնելով « ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» ՀՀ  օրենքի 14-րդ, 15-րդ հոդվածների, 33-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով։

Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտը հրապարակում է հայտարարություն (պաշտոնական կայքում և Կոմիտեի վարչական շենքում ՝ տեսանելի վայրում) , որում նշված է այդ պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվող մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ստաժի վերաբերյալ տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները:

Հայտարարությունը հրապարակվելուց հետո 3-րդ աշխատանքային օրն այն հանվում է հրապարակումից:
Հայտարարության հիման վրա ներկայացված դիմումներից նախապատվությունը տրվում է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի ռեզերվում գրանցված պետական ծառայության առավել բարձր դասային աստիճան ունեցող պետական ծառայողին , իսկ այդ պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում՝ պետական ծառայության առավել երկար ստաժ ունեցող պետական ծառայողին:

 Ժամկետային աշխատանքային պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է պետական ծառայողի ծառայության ներկայանալու օրը։