Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Աշխատանքի ընդունվելու կարգը

ՀՀ քննչական կոմիտեում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, Հայաստանում դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ստացած Հայաստանի Հանրապետության  քաղաքացին։

Քննչական կոմիտեի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջները սահմանված են «ՀՀ քննչական կոմիտեի» մասին ՀՀ օրենքով։ Ըստ այդմ՝ կոմիտեում ծառայության կարող է անցնել մասնագիտությամբ իրավաբան ՀՀ այն քաղաքացին, ով՝

• անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի) կամ պահեստազորի սպա է.
• տիրապետում է հայերենին.
• չունի քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն (որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը):

 Քննչական կոմիտեում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին՝

• ով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
• ով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
• ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար` անկախ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.
• ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.
• ում նկատմամբ առկա է ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում.
• ով չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին:

Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը 60 տարեկանն է: Սահմանային տարիքը լրանալուց հետո քննչական կոմիտեի նախագահը կարող է մինչև 5 տարի ժամկետով երկարաձգել ծառայության ժամկետը:

Քննչական կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը 65 տարեկանն է, որը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից կարող է երկարաձգվել մինչև 2 տարի ժամկետով:
 
Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը
 
ՀՀ քննչական կոմիտեում գործում է որակավորման հանձնաժողով, որը տարին մեկ անգամ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվարին համալրում է  քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը:
Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար տարվա ընթացքում կարող է անցկացվել հավակնորդների լրացուցիչ որակավորման ստուգում:
 Որակավորման հանձնաժողովը քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին առնվազն մեկ ամիս առաջ առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում, հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) և քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հայտարարություն` որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, որակավորման գրավոր քննության օրը, համալրման ենթակա տեղերի քանակը:

Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը ներկայացնում է`

• անձը հաստատող փաստաթուղթ.
• բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթուղթ.
• կենսագրական տվյալները պարունակող քարտ` իրավաբանի մասնագիտություն ձեռք բերելուց հետո  մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).
• պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է).
• քննչական կոմիտեում ծառայությանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ:

Հայտատուն իրավունք ունի ներկայացնելու նաև երաշխավորագիր-նամակներ:

Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման որակավորման հանձնաժողովի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Որակավորման հանձնաժողովն ստուգում է հայտատուի մասնագիտական պատրաստվածությունը, գործնական ունակությունները, ինչպես նաև նրա ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունն օրենքով նախատեսված այլ պահանջներին:

Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ընդգրկվում են քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում:

Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիր են անցնում և հանձնում որակավորման քննություն: Որակավորման քննություն չհանձնած անձը հանվում է քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակից՝ որակավորման հանձնաժողովի որոշմամբ:

Անձն ազատվում է ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձնելուց, եթե`

• ունի դատախազի, դատավորի, քննիչի  կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի կամ
• իրավաբանական գիտությունների դոկտոր է կամ
• իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ:

Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձի միջնորդությամբ որակավորման հանձնաժողովը կարող է քննության առնել հայտատուին միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու հարցը:

Որակավորման հանձնաժողովի ընդունած որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան՝ որոշումն ստանալուց հետո`տասը աշխատանքային օրվա ընթացքում: Դատարանը գործը քննում և լուծում է այն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:

Որակավորման հանձնաժողովի՝ հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման և քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը կազմելու` սույն օրենքով նախատեսված ընթացակարգը: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում հայտատուի հայտը քննարկում է որակավորման հանձնաժողովը:

Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների, վարչությունների և բաժինների, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունների, բաժինների և կայազորային քննչական բաժինների (բաժանմունքների), Երևան քաղաքի քննչական վարչության, Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների, մարզային քննչական վարչությունների բաժինների (բաժանմունքների) կազմում գործող քննիչներին պաշտոնի է նշանակում քննչական կոմիտեի նախագահը քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն անձանց թվից, ովքեր, ավարտելով ուսումնառությունն արդարադատության ակադեմիայում, հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունը կամ  օրենքով սահմանված կարգով ազատված են եղել արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը քննչական կոմիտեի նախագահի կողմից հանվում է քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակից: