Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Դասընթաց՝ ՀՀ քննչական կոմիտեում (լուսանկարներ)

06.08.2021 15:42

ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կողմից Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների քննիչների համար վերապատրաստման դասընթաց-սեմինարների կազմակերպումն ուանցկացումը՝ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացման, ինչպես նաև՝ այլ քրեական գործերով համակարգչային համակարգերում և տարբեր ցանցերում և տիրույթներում գտնվող փաստական տվյալների (էլեկտրոնային ապացույցներ) ձեռքբերման հմտություններ ձևավորելու նպատակով:

2021թ. օգոստոսի 5-ին Քննչական կոմիտեում անցկացվեց երրորդ դասընթացը՝ «Էլեկտրոնային վճարային համակարգեր, կրիպտոարժույթներ և ցանցային էկոլոգիայի հետ կապված հիմնախնդիրները» թեմայով, որը վարելու համար հրավիրվել էին տվյալ ոլորտում գործունեության տարիների փորձ ունեցող «Տետչենջ» ընկերության ներկայացուցիչները:

Բացման խոսքով ելույթ ունեցավ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ՝ Ռոբերտ Ադիլխանյանը: Իր խոսքում վերջինս նշեց, որ վիրտուալ տիրույթում նույնպես առկա է շրջակա միջավայր, որի էկոլոգիայի պահպանումից է կախված հասարակության պաշտպանվածությունը համացանցում գործող հանցավոր տարրերից և երևույթներից: Ժամանակակից աշխարհում էլեկտրոնային վճարային համակարգերի միջոցով անկանխիկ գործարքներն աստիճանաբար փոխարինում են կանխիկ փողերով կատարվող գործարքներին:

Անդրադառնալով կրիպտարժույթների, վիրտուալ փողերի թեմային, Ռ.Ադիլխանյանը նշեց, որ թեև դրանց շրջանառությունը ՀՀ իրավական ակտերով դեռևս կարգավորված չէ, այդուհանդերձ, դա չի նշանակում, որ կրիպտորաժույթները ՀՀ-ում լայնորեն չեն շրջանառվում. ավելին՝ ժամանակակից իրողություններն այնպիսիք են, որ կրիպտոարժույթները, ունենալով գաղտնիության առավելագույն բաղադրիչ, հաճախակի օգտագործվում են որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման միջոց, ինչպես նաև՝ ինտերնետային «Dark Net» տիրույթում հանդիսանում են միակ վճարային միավորը՝ պատվիրելու շրջանառությունն արգելված այս կամ այն իրերն ու առարկաները, ինչպես նաև՝ ծառայությունները:

Դասընթացի մասնակիցներին ներկայացվել է կրիպտորաժույթների ստեղծման պատմությունը, դրանց կառուցվածքն ու օգտագործման առանձնահատկությունները: Քննարկվել են նաև կրիպտոարժույթների դրամապանակների օգտատերերի վերաբերյալ տեղեկատվության ստացման հնարավորությունները, մեթոդներն ու եղանակները:

Հանդիպմանը քննարկվել է նաև իրավապահ մարմինների և ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների ու անհատների միջև տեղեկատվության փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև՝ տեղեկատվության ամփոփման ու համակարգման թվայնացված քրեագիտական շտեմարանի ստեղծման կարևորությունը:

Դասընթացի ընթացքում, հարց ու պատասխանի ձևաչափով, պատասխաններ են տրվել քննիչների առօրյա աշխատանքում հուզող հարցերին:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի