Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննիչի մասնագիտությունն ընտրած անձը պետք է գիտակցի, որ իր ողջ ներուժն ու ժամանակը պետք է ներդնի այս պատասխանատու աշխատանքում․ Արման Բաղդասարյան (լուսանկարներ)

08.09.2022 15:32

Քրեադատավարական օրենսդրության փոփոխությունն իր հետ այնքան նորություն է բերել, որ մենք այժմ մեր ողջ ներուժը ներդրել ենք՝ յուրացնելու համար ներդրված փոփոխությունները, մրցունակ լինելու և մեր առջև դրված խնդիրները ժամանակին և պատշաճ լուծելու համար: ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող «Ներկայացնում է քննիչը» խորագրով հարցազրույցների շարքի շրջանակներում մեզ հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանը:

- Պարոն Բաղդասարյան, փոքր-ինչ անդրադառնանք Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության առօրյային. որո՞նք են աշխատանքների հիմնական առաջնահերթությունները ներկա պահին:

- ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության առօրյան ներկայումս խիստ հագեցած է՝ պայմանավորված հատկապես նոր քրեադատավարական օրենսդրության ուժի մեջ մտնելով, ինչպես նաև՝ նոր նշանակված քննիչների հետ տարվող ծավալուն աշխատանքով: Ինչ վերաբերում է առաջնահերթություններին, ապա բնականաբար թիվ մեկ առաջնահերթությունն առկա քրեական վարույթներով լրիվ և օբյեկտիվ նախաքննության իրականացմամբ հանցագործությունները բացահայտնելն է, իսկ արդեն բացահայտված դեպքերով առերևույթ հանցանք կատարած անձանց մեղքը «հիմավոր կասկած»-ից վեր ապացուցողական չափանիշով հիմնավորելն է, այդպիսով՝ քրեական արդարադատության ապահովումը նախաքննության փուլում:

- Մեկ տարի է, ինչ զբաղեցնում եք այս պաշտոնը։ Ձեր կողմից նկատված, առանձնացված առաջնային խնդիրը ո՞րն է Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում, որը լուծման, փոփոխման կարիք ունի։

- Ես այժմ չեմ կարող առանձնացնել այնպիսի խնդիրներ, որոնք ունեն փոփոխման կարիք, քանի որ քննչական կոմիտեի ղեկավարության կողմից ցանկացած ստորաբաժանումում առաջացող փոփոխման ենթակա խնդիր արժանանում է ակնթարթային միջամտության և արդյունքում նաև՝ լուծման: Իհարկե, Գեղարունիքի մարզային քննչական վարչությունը ևս զերծ չի մնում խնդիրներից և մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքը հենց միտված է լինում առաջացող խնդիրների լուծմանը: Հնարավոր չէ առանձնացնել կոնկրետ մեկ կամ երկու խնդիր, այդպիսիք լինում են բազմազան՝ կապված քրեական վարություների և արձանագրված հանցագործությունների տեսակի և բնույթի հետ: Սակայն ես ցանկանում եմ վստահեցնել հանրությանը, որ Քննչական կոմիտեի աշխատանքը, ընդհանուր առմամբ, միտված է լուծելու, վերացնելու առաջացող բոլոր խնդիրները և ապահովելու օրենքի գերակայությունը:

- Ձեր կարծիքով ինչպիսի՞ հիմնական առանձնահատկություններ ունի Գեղարքունիքի մարզը, որոնք այնուամենայնիվ առնչվում են նաև քննչական կառույցի աշխատանքներին:

- ՀՀ Գեղարքունիքի մարզն ունի բազմաթիվ առանձնահատկություններ, որոնցից է Սևանա լճի առկայությունը, ինչի արդյունքում, հատկապես ամառային սեզոնին, ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարների, մարմնական վնասվածքներ պատճառելու և գողության դեպքերը, դե իսկ ձմռանը, պայմանավորված սիգ ձկան արդյունաբերական որսի արգելքի հետ, ավելանում են ապօրինի ձկնորսության դեպքերը: Առանձնահատկություններ կարելի է շատ նշել, սակայն կարծում եմ՝ նշվածներն արդեն իսկ բավարար են:

- Պարոն Բաղդասարյան, այժմ պետք է հնչեցնեմ մեր ավանդական հարցը, որը տրվում է Քննչական կոմիտեի բոլոր մարզային կառույցների պատասխանատուներին. կա՞ն արդյոք այնպիսի հանցատեսակներ, որոնք պարբերաբար առավելի ցայտուն են ընդգծվում Գեղարքունիքի մարզում:

- Ինչպես արդեն նախորդ կետում նշեցի, ձմռան ամիսներին արձանագրվում են հիմնականում ապօրինի ձկնորսության դեպքերը, որոնք այլ տարածքներում կամ չկան, կամ հազվադեպ են հանդիպում: Հաճախակի արձանագրվող հանցատեսակներից են նաև ճանապարհատրանսպորտային պատահարները: Չմոռանանք, որ հենց Գեղարքունիքի մարզային վարչության իրավազորության շրջանակում է գտնվում Երևան-Սևան-Իջևան մայրուղու զգալի հատվածը:

-Ո՞րն եք համարում Ձեր հիմնական սկզբունքը մարզային քննչական վարչության աշխատանքները արդյունավետորեն կազմակերպելու գործում և ի՞նչ նորարարություններ եք սովորաբար կիրառում Ձեր աշխատանքում:

- Արդյունավետ աշխատանքներ կատարելու հիմնական սկզբունքը հետևողականությունն է, կազմակերպվածությունը և դժվարությունները հաղթահարելու կամքը: Ինչ վերաբերում է նորարարություններին, ապա քրեադատավարական օրենսդրության փոփոխությունն իր հետ այնքան նորություն է բերել, որ մենք այժմ մեր ողջ ներուժը ներդրել ենք՝ յուրացնելու համար ներդրված փոփոխությունները, մրցունակ լինելու և մեր առջև դրված խնդիրները ժամանակին և պատշաճ լուծելու համար:

- Վերջերս կիրարկման մեջ դրվեցին ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը. Ինչպե՞ս ապահովվեց այդ անցումը Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչությունում:

- Եթե ասենք՝ շատ սահուն և առանց խնդիրների, բնականաբար դա այդպես չէ, սակայն Քննչական կոմիտեի ղեկավար կազմը կարողացել է Կոմիտեի աշխատակիցներին վերապատրաստելու, ցանկացած հարցով ակնթարթորեն գիտական աջակցություն ցուցաբերելու միջոցով հասնել նրան, որ համակարգը լուրջ ցնցումների չենթարկվի: Բացի այդ, ինչն ամենակարևորն է թերևս, ղեկավարության կողմից ավելացվել են քննիչների հաստիքները և կատարվել են նոր նշանակումներ, ինչն էլ հենց հնարավորություն է տալիս պատշաճ արձագանքելու ցանկացած հանցագործության դեպքի:

- Պարոն Բաղդասարյան, Ձեր համոզմամբ, արդի հասարակարգում գործող քննիչը մասնագետ-իրավաբանի և անհատի ինչպիսի՞ որակներ պետք ունենա:

- Նախևառաջ քննիչի մասնագիտությունն ընտրած անձը պետք է գիտակցի, որ այլևս ինքն իր ողջ ներուժն ու ժամանակը պետք է ներդնի այս պատասխանատու աշխատանքում: Կարծում եմ որպես մասնագետ-իրավաբան պետք է զինված լինի գիտելիքների բավարար պաշարով, իսկ որպես անհատ՝ պետք է օժտված լինի ուժեղ կամքով, պատասխանատվության զգացումով և կարգապահությամբ:

-Մինչ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ նշանակվելը զբաղեցրել եք Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնը։ Դժվա՞ր էր այս փոփոխությունը։ Ինչպե՞ս աշխատավայրի փոփոխության լուրն ընդունեցին ընտանիքի անդամները։

- Ի ուրախություն ինձ՝ պետք է նշեմ, որ իմ ընտանիքը գիտակցում է իմ աշխատանքի բնույթն ու սպայի պատասխանատվությունը, ուստի՝ աշխատանքի փոփոխության լուրն ընդունվել է շատ ադեկվատ: Եվ այդ հանգամանքը ևս շատ նպաստում է ուժերը կենտրոնացնելու աշխատանքի վրա:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի