Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննիչների աշխատանքի ծանրաբեռնվածությունը թեթևացնելը հնարավորություն կընձեռնի նախաքննության որակի բարձրացման, ժամկետների կրճատման համար․ ՔԿ Երևանի քննչական վարչության պետ Ա. Գևորգյան

17.11.2022 10:34

Քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրարկման արդյունքում քննիչների ծանրաբեռնվածությունն աճել է, իսկ այդ ծանրաբեռնվածությունը թեթևացնելը լավագույն հնարավորություններ կընձեռնի նախաքննության որակի բարձրացման և ժամկետների կրճատման համար: Այս մասին Iravaban.netի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում ասաց ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանը։ Նա ներկայացրել է նաև, թե ի՞նչ նորարարություններ է պատրաստվում  կիրառել իր աշխատանքում։

– Պարոն Գևորգյան, Դուք վերջերս եք նշանակվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնում և կխնդրեինք խոսել այն հիմնական ծրագրերի և նախաձեռնությունների մասին, որոնք համարում եք տվյալ ստորաբաժանման առաջիկա գործունեության հիմնական առաջնահերթությունները:

-Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հարցազրույցի կազմակերպման, քննիչի ոչ դյուրին աշխատանքի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության, այն անաչառ լուսաբանելու և հանրության առավել լայն զանգվածներին հասու դարձնելու համար: Ստորաբաժանման հիմնական և առաջնահերթ խնդիրներից եմ համարում վարույթ իրականացնող քննիչների ծանրաբեռնվածությունը թոթափելը, որն առավել աճել է քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրարկման արդյունքում, իսկ ծանրաբեռնվածությունը թեթևացնելը լավագույն հնարավորություններ կընձեռնի նախաքննության որակի բարձրացման և ժամկետների կրճատման համար:

Պակաս կարևոր խնդիր չէ ստորաբաժանումը բանիմաց և քննիչին հատուկ մարդկային ու մասնագիտական հատկություններով օժտված կադրերով համալրելը, ինչի ուղղությամբ ՀՀ քննչական կոմիտեի բարձրագույն ղեկավարության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը՝ սկսած Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակը համալրելու, արդարադատության ակադեմիայում ուսումնառության գործընթացից մինչև պաշտոնի նշանակումը. և այդ ասպարեզում արդեն իսկ կատարվել են դրական արդյունքներ ապահոված բազմաթիվ փոփոխություններ:

– Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկելու վարչության աշխատանքներն առավել արդյունավետորեն կազմակերպելու համար և ի՞նչ նորարարություններ եք պատրաստվում  կիրառել Ձեր աշխատանքում:

-Աշխատանքներն ավելի արդյունավետորեն կազմակերպելու համար, ինչպես վերը նշեցի, առաջին հերթին պետք է թոթափել ստեղծված գերծանրաբեռնվածությունը, որին զուգահեռ` միաժամանակ ճիշտ կազմակերպել և համակարգել աշխատանքները: Անհրաժեշտ է նաև առանձին հանցատեսակներով մշակել քննության արդյունավետ մեթոդիկա, որը թույլ կտա քննիչներին կարճ ժամանակում իրականացնել համակողմանի և արդյունավետ քննություն: Նորարարություն կարելի է համարել այն, որ մոտակա ժամանակներս ներդրվելու է էլեկտրոնային նախաքննության տարբերակը, որը թույլ կտա քննիչներին մյուս պետական մարմինների՝ մասնավորապես դատախազության և դատարանների հետ իրականացվող փաստաթղթաշրջանառությունն իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով, որն իր հերթին կբերի աշխատանքի օպտիմալացման, ժամանակի խնայողության և արդյունավետության բարձրացման: Եվ մենք պետք է կարողանանք եկող տարվա մեր աշխատանքային գործունեության հիմնական ծրագրերը կառուցել այդ նորարարության տրամաբանությամբ` համապատասխան նախադրյալներ ձևավորելով այդ ժամանակակից գործիքակազմն արդյունավետորեն կիրառելու համար:

 – ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի պատշաճ կիրարկումն ապահովելուն ուղղված ծրագրերի ո՞ր փուլում է Երևան քաղաքի քննչական վարչությունը և ի՞նչ միջոցներ եք ներկայում ձեռնարկում, որպեսզի Ձեր կողմից ղեկավարվող վարչությունում արդյունավետ կերպով ապահովվի այդ ամենը:

-Նշեմ, որ այս հարցում Կոմիտեում ձեռնարկվել և շարունակվում են ձեռնարկվել հնարավոր բոլոր միջոցներն` օրենսդրական փոփոխությունների սահուն անցումն ապահովելու ուղղությամբ: ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ընդունմամբ պայմանավորված՝ Կոմիտեում նյութատեխնիկական միջոցների ձեռքբերման, հաստիքների ավելացման, նոր իրավակարգավորումների իրազեկվածության ուղղությամբ աշխատանքները կազմակերպելու նպատակով, Քննչական կոմիտեի նախագահի հրամանով, դեռևս 2022 թվականի մարտի 31-ից ձևավորվել է աշխատանքային խումբ, ես նույնպես ներգրավված եմ եղել խմբի կազմում: Վերը հիշատակված նպատակների իրականացման համար կատարվել է ահռելի աշխատանք, ինչը, կարծում եմ, տվել է իր դրական արդյունքները: Եվ ավելին, սա չի հանդիսացել միակ միջոցը նոր օրենսդրական ընթացակարգերը յուրացնելու համար, այն  կրում է շարունակական բնույթ: Նույն նպատակով Կոմիտեի ղեկավար անձնակազմն ամբողջությամբ, իսկ քննիչների զգալի մասն անցել է վերապատրաստման դասընթացներ: Արագ արձագանքում և լուծում ենք տալիս նոր օրենսգրքերի կիրարկման ընթացքում առաջացող պրակտիկ խնդիրներին, ավելին՝ դրանցից որոշները գույքագրվում և խորապես վերլուծվում են, իսկ անհրաժեշտության դեպքում կազմվում են օրենսդրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծեր: 

– Դատելով առկա վիճակագրական տվյալներից ու վերլուծություններից՝ Երևան քաղաքում ո՞ր հանցատեսակներն են առավել նկատելի:

-Ելնելով վիճակագրական տվյալներից՝ կարող եմ վստահաբար պնդել, որ առավել աճ է արձանագրվում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեպքերով, որոնք վերջին տարիներին շեշտակի աճ են գրանցել և շարունակում են աճի միտումներ ցուցաբերել: Առավել նկատելի հանցատեսակների մասով կասեմ, որ բոլոր հանցագործություններն էլ ունեն հանրային վտանգավորություն և դրանք տարանջատել առավել նկատելի լինելու չափանիշով, կարծում եմ, իմ կողմից ճիշտ չի լինի: 

– Պարոն Գևորգյան, քանի որ վաղուց եք համակարգում աշխատում, ենթադրում ենք, որ եղած կլինի որևէ երևույթ, իրողություն, որը կցանկանայիք փոխել, և հիմա՝ նոր պաշտոնի նշանակվելով հնարավոր կլինի դա իրագործել։ Կա՞ արդյոք ինչ-որ խնդիր, որը կկարողանաք ի նպաստ համակարգի լուծել՝ ելնելով ձեր զբաղեցրած պաշտոնից։

-Այո. եղել են և դրանք բազմաթիվ են եղել, սակայն ներկայումս այդպիսիք չկան, համենայնդեպս չեմ մտաբերում: Սկսած քննիչի սոցիալական երաշխիքներից, նյութատեխնիկական հագեցվածությունից մինչև աշխատանքային պայմաններ տարեցտարի բարելավվում է, ինչն էլ ավելի է բարձրացնում քննիչի պաշտոնի գրավչությունը: ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի անցումային դրույթների համաձայն՝ 2023թ. հունվարի 1-ից գործելու են քրեական հետապնդման ժամկետները, և ստեղծված գերծանրաբեռնված աշխատանքի պայմաններում ստորաբաժանման համար լուրջ մարտահրավեր է լինելու ժամկետների պահպանումը, սակայն օրենսդիրը նաև նախատեսել է մասնավոր դատարանների ստեղծման իրավակարգավորումներ, որոնց իրագործման և դրա արդյունքում մասնագիտական դատարանների ստեղծումն էականորեն կնվազեցնի քննիչների ծանրաբեռնվածությունը:

Ինչ վերաբերում է վերջին ենթահարցին, ապա ինչպես ես, այնպես էլ Քննչական կոմիտեի յուրաքանչյուր նվիրյալ ծառայող, անկախ զբաղեցրած պաշտոնից, իրենց` ամենօրյա և ուժերի գերլարում պահանջող աշխատանքով իր ուրույն մասնաբաժինն ունի համակարգի առջև դրված խնդիրները լուծելու հարցում:  

– Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում կյանքում և աշխատանքում:

-Գիտեք, թե՛ կյանքում, թե՛ աշխատանքում գոյություն ունեն տարբեր իրավիճակներ, որոնցից յուրաքանչյուրի դրսևորման դեպքում գործի ես դնում համարժեք սկզբունքը, իսկ եթե դրանք ընդհանրացնենք, իմ սկզբունքն է լինել սկզբունքային:

– Իրավապահ կառույցներում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու համար երկար ժամանակ ու ջանք է պահանջվում կպատմե՞ք Ձեր անցած ճանապարհի մասին:

-Ես 2009 թվականին արդեն իսկ սկսել եմ քննիչի պատասխանատու պաշտոնից, երբ դեռ քննչական ծառայությունն ընդգրկված էր ՀՀ ոստիկանության համակարգում, այնուհետև՝ 2014 թվականից ստանձնել եմ դատախազի պաշտոն, իսկ 2021 թվականից ծառայում եմ Կոմիտեում:

Աշխատել եմ Շիրակի, Կոտայքի մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում և բոլոր նշված վայրերն ունեցել են իրենց բնորոշ առանձնահատկությունները, որոնք իրենց ուրույն հետքն ու ձեռագիրն են ունեցել աշխատանքային կենսագրություն կերտելու ասպարեզում:

Իրավամբ, իրավապահ համակարգում աշխատանքը յուրօրինակ պատասխանատվություն և ջանք է պահանջում. աշխատանքային գործունեությանս բոլոր փուլերում փորձել եմ ներդնել առավելագույն ջանքեր` որպես գերնպատակ ունենալով ինձ վստահված առաքելությունը պատվով և բարձր պատասխանատվությամբ կատարելը, մեր պետությանը պատվով ծառայելն ու յուրաքանչյուր ծառայության մեջ դրական արդյունքներ արձանագրելը:

-Դուք երիտասարդ սերնդի իրավաբան եք և վերլուծելով արդի աշխարհի պահանջներն ու հրամայականները` ո՞րը կլինի Ձեր հիմնական խորհուրդը սկսնակ իրավաբաններին:

-Սկսնակ քննիչներին խորհուրդ կտամ լինել խիզախ, չընկճվել հանդիպող բարդություններից, հակառակը՝ դրանք հաղթահարել և դարձնել նպատակ: Լինել աստվածավախ և ծառայել ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:

ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի