Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հաղորդում՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի` 2020 թվականի գործունեության մասին

01.03.2021 17:37

Հաղորդում՝

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2020 թվականի գործունեության մասին
(«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին»
Հայաստանի Հանրապետության 
օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն)


Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե), ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներպետական և միջազգային համապատասխան իրավական ակտերով, 2020թ. ընթացքում բավարար աշխատանքներ է կատարել հանցավորության կանխարգելման, հանցագործությունների բացահայտման, քննության որակն ու արդյունավետությունը բարելավելու, մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև իրավական ապահովման ոլորտներում: Կոմիտեի գործունեության վրա զգալի բացասական ներգործություն են ունեցել Covid-19 համավարակով պայմանավորված սահմանափակումները, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի հանրապետության դեմ սանձազերծած պատերազմը, ինչը որոշ դեպքերում հանգեցրել է Կոմիտեի առանձին մարմինների, ստորաբաժանումների աշխատանքների ժամանակավոր կազմալուծման:

2020թ. ընթացքում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններն ու ստորաբաժանումներն աշխատել են լուրջ ծանրաբեռնվածությամբ: 2020թ. ընթացքում, համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների, հանրապետությունում նախաքննություն կատարելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների վարույթում քննված քրեական գործերից 32.483-ը կամ շուրջ 94.3%-ը քննվել է Կոմիտեի վարույթում:

Քննարկվող ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում քննված քրեական գործերի քանակը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 477-ով կամ 1,4%-ով (2019թ.` 32.960 գործ), Կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների վարույթում հարուցվել է 5.269 քրեական գործ (2019թ.՝ 5.421), այլ մարմնից ստացվել է 2.052 (2019թ.՝ 2.361) քրեական գործ: Միջին ծանրաբեռնվածությունը միայն քրեական գործերով նախորդ տարվա համեմատությամբ մնացել է անփոփոխ՝ 69 քրեական գործ յուրաքանչյուր քննիչի վարույթում: Միջին ծանրաբեռնվածության վերաբերյալ նշված թիվը գործնականում ամբողջական չի ներկայացնում 2020թ. ընթացքում Կոմիտեի կատարած աշխատանքները՝ նկատի ունենալով նախապատրաստված և մերժված նյութերի զգալի քանակը՝ 1.849 նյութ, որոնցով ևս, ինչպես և քրեական գործերով, կատարվում են դատավարական գործողություններ: Նման պայմաններում վարույթում եղած քրեական գործերի և մերժված նյութերի միասնական հաշվարկով Կոմիտեի մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 73 գործ և նյութ (2019թ.՝ 75):

Դատավարական ավարտ ունեցող և վարույթը կասեցված քրեական գործերը, դրանց հարաբերակցությունը.

Կոմիտեի արտադրողականությունը որոշելու չափանիշների մեջ կատարված հիմնարար նշանակության փոփոխության արդյունքում, ի տարբերություն նախկին պրակտիկայի, Կոմիտեի արտադրողականությունը որոշելու ցուցանիշների մեջ կասեցված քրեական գործերի քանակը այլևս չի հաշվառվում՝ նկատի ունենալով, որ քրեական գործի վարույթը կասեցնել նշանակում է կամ չբացահայտել հանցագործություն կատարող անձին, կամ չհայտնաբերել նրա գտնվելու վայրը։ Քրեական գործի վարույթը կասեցնելն ինքնին դրական երևույթ չէ, քանի որ իրավապահ մարմիններին չի հաջողվել ամբողջ ծավալով կատարել իրենց գործառույթները, ուստի քրեական գործերով վարույթի կասեցումը չի կարող դիտվել որպես քննչական աշխատանքի արտադրողականության դրական ցուցանիշ։

Նախաքննության արդյունավետության կարևորագույն ցուցանիշներից է քրեական գործերի դատավարական ավարտը։ 2020թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ և բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշմամբ դատարան է ուղարկվել 3.637 քրեական գործ՝ 4.319 անձի նկատմամբ, (2019թ.՝ 3.261 քրեական գործ 4.016 անձի) նկատմամբ), 7.433 քրեական գործի վարույթ կարճվել է (2019թ.՝ 9.626), այսինքն՝ ավարտվել է 11.070 քրեական գործի ընթացք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12.887 գործի դիմաց: Նախորդ տարվա համեմատությամբ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերի աճ է արձանագրվել 376-ով կամ 10,3%-ով, իսկ դատարան ուղարկված գործերով անձանց թիվն աճել է 303-ով կամ 7%-ով:

Քննարկվող ժամանակահատվածում դրական միտում է նկատվել վարույթը կասեցված քրեական գործերի քանակական պատկերում՝ կասեցվել է 9.065 քրեական գործի վարույթ՝ (2019թ.՝ 10.848), նախորդ տարվա համեմատությամբ նվազումը կազմել է 1.783 քրեական գործ կամ 16,4%: Նշված 9.065 գործից 7.686-ը կասեցվել է հանցանք կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու, 1.314-ը՝ քննությունից թաքնվելու, իսկ 65-ը՝ այլ հիմքով: Նախորդ տարվա համեմատությամբ զգալի նվազում են արձանագրել նաև հանցանք կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով վարույթը կասեցված քրեական գործերը, նվազումը կազմել է 1.262 գործ կամ 14,1%, ինչը դրական երևույթ է:

Այսպիսով, դատավարական ավարտ ունեցող քրեական գործերը կազմել են Կոմիտեի վարույթում քննված գործերի 34%-ը, իսկ վարույթը կասեցված քրեական գործերը՝ 27,9%-ը:

Կոմիտեն ձևավորումից ի վեր հետևողական աշխատանքներ է տանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ) և 2-րդ (մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ) կետերով վարույթը կասեցված քրեական գործերի բացահայտման, հետախուզվող անձանց հայտնաբերելու աշխատանքներին աջակցելու ուղղությամբ: Այդ մասին են վկայում «Առանձին քրեական գործեր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչությունում և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում ուսումնասիրելու վերաբերյալլ» Կոմիտեի նախագահի 02.12.2019թ. թիվ 150-Լ և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով հարուցված և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթը կասեցված քրեական գործերի նյութերի պատճենները Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչությունում ուսումնասիրելու վերաբերյալլ» Կոմիտեի նախագահի 20.08.2018թ. թիվ 115-Լ հանձնարարականները, ինչպես նաև Կոմիտեի նախագահի «Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը վերցնելու և անհրաժեշտ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրելու վերաբերյալ» 01.10.2015թ. թիվ 91-Լ, «Նախաքննության ընթացքում մեղադրյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու, դատախազի սանկցիայով ընտրված խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ վերահաստատելու, հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների արարքները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաև վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու գործընթացը կանոնակարգելու մասին» 10.01.2018թ. թիվ 1-Լ հանձնարարականները:

Նախաքննության ժամկետների վիճակը.

Բարելավվել է ավարտված գործերով նախաքննության ժամկետների պահպանման վիճակը: Նախաքննության ժամկետները երկարացվել են 4.939 գործով՝ նախորդ տարվա 5.121-ի դիմաց, նվազումը կազմել է 182 կամ 3,5%: Իսկ ընդհանուր առմամբ երկամսյա ժամկետում քննվել են ավարտված գործերի 52,3%-ը:

«Վարույթում քննվող քրեական գործերի մասին տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալլ» Կոմիտեի նախագահի 29.10.2018թ. թիվ 169-Լ հանձնարարականի համաձայն՝ Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններն ու ստորաբաժանումները յուրաքանչյուր շաբաթ տեղեկատվություն են ներկայացնում վարույթում քննվող քրեական գործերի քանակի, նախաքննության ժամկետների վերաբերյալ, ինչը կարևորագույն ցուցիչ է մարմնի կամ ստորաբաժանման ծանրաբեռնվածությունը, նախաքննության ժամկետների պահպանման վիճակը գնահատելու համար: Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում մեկ տարուց ավել ժամկետով քննվող քրեական գործերն ուսումնասիրելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասինլ» Կոմիտեի նախագահի 01.09.2020թ., թիվ 147-Ա, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վեց ամսից ավել քննվող քրեական գործերով նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներն ուսումնասիրելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասինլ» Կոմիտեի նախագահի 24.12.2020թ. և 178-Ա հրամանով աշխատանքային խմբերի կողմից Կոմիտեի մարմիններում, ստորաբաժանումներում ուսումնասիրվել են վեց ամսից և մեկ տարուց ավել քննվող քննվող քրեական գործերը, վեր են հանվել նախաքննության ձգձգումների պատճառները, քննիչներին ցուցաբերվել է մեթոդական օգնություն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քննարկվող ժամանակահատվածում մինչև 10-օրյա ժամկետում 78 քրեական գործով նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ գործը դատախազություն է ուղարկվել, ևս 46 քրեական գործի վարույթ կարճվել է, ինչն իրավակիրառ պրակտիկայում հազվադեպ է:

Նախաքննության ժամկետների պահպանման վիճակը մեծապես պայմանավորված է նաև ՀՀ-ում բջջային, ֆիքսված, ինտերնետ կապի ծառայություններ մատուցող օպերատորներին դատավարական և այլ փաստաթղթերն ուղարկելու, վերծանումներն ստանալու ընթացակարգը էլեկտրոնային դարձնելու, նախաքննության ընթացքում անհրաժեշտ տեղեկատվական բազաներից քրեական գործի համար նշանակություն ունեցող տեղեկատվությունն առցանց ստանալու, դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությունների նշանակման և կատարման վիճակն Էապես բարելավելու հանգամանքով: Միաժամանակ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շարունակում են խնդրահարույց մնալ մասնագիտական ստուգումների և մի շարք փորձաքննությունների կատարման ժամկետները: Վեց ամսից ավել քննվող 1.795 քրեական գործից 567-ով կամ 31,5%-ով ուսումնասիրության պահին նշանակված է եղել 627 փորձաքննություն, որոնց կապակցությամբ եզրակացությունները վարույթն իրականացնող մարմինը չի ստացել: Փորձաքննությունների շարքում մեծ թիվ են կազմել հատկապես դատաապրանքագիտական, դատաշինարարատեխնիկական, դատաձգաբանական, դատահաշվապահական, դատահետքաբանական փորձաքննությունները: 567 փորձաքննություններից 153-ի կատարումը հանձնարարվել է ՀՀ «Փորձագիտական կենտրոնլ» ՊՈԱԿ-ին, 137-ը՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին, 160-ը՝ ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ին, 54-ը՝ ՀՀ ոստիկանության ՓՔՎ-ին, 93-ը՝ ՀՀ ԱՆ կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովին և այլն:

2020թ. ընթացքում լրացուցիչ նախաքննության է վերադարձվել 127 քրեական գործ (2019թ.՝ 146), որը կազմում է ավարտված 11.070 քրեական գործի 1,1%-ը: 111-ով կամ 27,3%-ով նվազել են հսկող դատախազների կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին կայացված որոշումները վերացնելու դեպքերը՝ 2020թ. ընթացքում վերացվել է 295 որոշում (2019թ.՝ 406): Անավարտ է մնացել 7.438 քրեական գործ՝ նախորդ տարվա 4.252-ի դիմաց:

Ձերբակալվել է 903 կասկածյալ, 1.630 մեղադրյալի նկատմամբ միջնորդություն է հարուցվել խափանման միջոց կալանք ընտրելու մասին: Դատարանների կողմից մերժվել է 223 միջնորդություն, մերժելուց հետո դատախազների կողմից բողոքարկվել է 89 որոշում, որից բավարարվել է 36-ը: Նախապատրաստվել է 4.992 նյութ, որից 3.014-ով հարուցվել է քրեական գործ, 1.849-ով մերժվել է քրեական գործի հարուցումը, վերացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին 26 որոշում:

Քննարկվող ժամանակահատվածում նախաքննությունն ավարտված քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով մերժված նյութերով պետությանը պատճառված 2.790.056.050 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 1.024.805.677 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված 4.912.217.865 ՀՀ դրամ վնասից՝ 78.777.741 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 1.805.644.081 ՀՀ դրամ վնասից՝ 634.227.058 ՀՀ դրամը:

Պատճառված գույքային վնասի վերականգնման նպատակով Կոմիտեի դեպոզիտային հաշվի մնացորդը առ 31.12.2019թ. դրությամբ կազմել է 3.667.888.428 դրամ, իսկ 01.01.2020թ.-ից առ 31.12.2020թ. դրությամբ դեպոզիտային հաշվին մուտքագրվել է 690.156.578 դրամ, միևնույն ժամանակ ելքագրվել է 720.885.868 դրամ, մնացորդը առ 31.12.2020թ. դրությամբ կազմում է 3.637.159.138 դրամ:

Դատախազների կողմից տրված գրավոր ցուցումների և դրանց դեմ ներկայացվող առարկությունների վիճակը.

2020թ. ընթացքում նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից քննիչներին տրվել է 1.781 ցուցում: Ցուցումների վերաբերյալ քննիչների կողմից վերադաս դատախազներին ներկայացվել է 159 գրավոր առարկություն, սակայն միայն 4 դեպքում են վերադաս դատախազների կողմից առարկությունները բավարարվել՝ այն էլ մասնակի:

Սպանության, սպանության փորձերի, զինված ուժերում մահվան դեպքերի, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վիճակը.

Քննարկվող ժամանակահատվածում սպանության և սպանության փորձերի վերաբերյալ Կոմիտեի վարույթում (առանց զինվորական քննչական գլխավոր վարչության այսուհետ՝ ԶՔԳՎ) քննվել է 190 քրեական գործ, որից 104-ը սպանության, 86-ը՝ սպանության փորձերի դեպքերի առթիվ: Նշված 190 քրեական գործից 45-ը քննվել է Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության և վարչական շրջանների քննչական բաժինների, 129-ը՝ Կոմիտեի մարզային քննչական վարչությունների, 11-ը՝ Կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության և 5-ը՝ Կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության վարույթում: Հանցագործության դեպքերից 119-ը (սպանություն՝ 76, սպանության փորձ՝ 43) կամ 63%-ը նախաքննության ընթացքում բացահայտվել է, 71-ը (սպանություն՝ 28, սպանության փորձ՝ 43) կամ 37%-ը դեռևս չբացահայտված է:

Նշված քրեական գործերից 43-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 10 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 7-ը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, 3-ը՝ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, 20 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 13-ը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, 3-ը՝ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, 4-ը՝ նույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով: 1 քրեական գործ ուղարկվել է այլ պետություն՝ Ուկրաինայի Հանրապետության իրավասու մարմիններին, 32 քրեական գործ միացվել է այլ քրեական գործերի, 5 քրեական գործ ըստ քննչական ենթակայության ուղարկվել է Կոմիտեի ԶՔԳՎ, 79 քրեական գործ փոխանցվել է 2021թ.:

Այսինքն՝ դատավարական ավարտ է ունեցել 53 քրեական գործ կամ սպանության և սպանության փորձերի դեպքերի առթիվ քննված քրեական գործերի 28%-ը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կասեցվել է ընդամենը 13 քրեական գործ կամ քննված գործերի 7%-ը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով վարույթը կասեցված 3 քրեական գործերն, ըստ էության, բացահայտված քրեական գործեր են, թեև առժամանակ դրանց վարույթը կասեցված է՝ մինչև հետախուզվող մեղադրյալի գտնվելու տեղը բացահայտելն ու վարույթն իրականացնող մարմնի տրամադրությանը հանձնելը:

2020թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում, ԱՀ ՊԲ-ում և այլ զորքերում ծառայության ընթացքում արձանագրված (զինվորական ծառայության հետ կապված) մահվան 55 դեպքերով իրականացվել է միջանհատական վարույթ: Մահվան դեպքերից 21-ը սպանություն է (4-ը բացահայտված, 17-ը՝ չբացահայտված) (2019թ.` 8), որից 17-ը` հակառակորդի կողմից (2019թ.` 4), 13-ը` ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու (2019թ.` 7), 1-ը` ականի պայթյունի (2019թ.` 0), 4-ը դժբախտ պատահարի (2019թ.` 2), 5-ը` հիվանդության (2019թ.` 1) 7-ը` ավտովթարի (2019թ.` 1), 3-ը՝ զենքի օգտագործման և 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանք են:

Նշված դեպքերի վերաբերյալ հարուցված 37 քրեական գործերից 1-ի վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 1-ի վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 4 քրեական գործ ուղարկվել է այլ մարմին, 31 քրեական գործ փոխանցվել է 2021թ.: 2 դեպքով նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

2020թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրված զինվորական ծառայության հետ չկապված մահվան 6 դեպքով (ավտովթար` 3, դժբախտ պատահար` 1, հիվանդություն` 2) Կոմիտեի ԶՔԳՎ ստորաբաժանումներում իրականացվում է մինչդատական վարույթ:

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում զոհված անձանց թիվը 2020թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3.553 (համաձայն դիակներով կամ դիակների մասերով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների), սակայն դրանց, ինչպես նաև անհայտ կորած ու գերի ընկած անձանց թվաքանակը վերջնական չէ և գտնվում է ճշգրտման փուլում:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ.

Կոմիտեի վարույթում (այդ թվում՝ ԶՔԳՎ) քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 1.731 քրեական գործ (2019թ.՝ 1.671): 1.731 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել 921 անձ (2019թ.՝ 1.043), այդ թվում՝ 558-ը պաշտոնատար: Քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձինք կոռուպցիոն հանցագործությունները կատարել են հետևյալ ոլորտներում՝ 45-ը՝ առողջապահության ոլորտում, 88-ը՝ կրթության, 38-ը՝ սոցիալական ապահովության, 34-ը՝ էներգետիկայի և բնական պաշարների, 1-ը՝ իրավապահ, 131-ը՝ տեղական ինքնակառավարման, 132-ը՝ զինվորական, 89-ը՝ այլ ոլորտներում: Ավարտվել է կոռուպցիոն բնույթի 481 քրեական գործ, 365 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 253-ը՝ արդարացման, իսկ 112-ը՝ ոչ արդարացման հիմքով: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 116 քրեական գործ, կասեցվել է 75 քրեական գործի վարույթ, 120 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, միացվել է 219 քրեական գործ, 2021թ. է փոխանցվել 836-ը:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով իրականացված մինչդատական վարույթի ընթացքում ավարտված գործերով և ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժած նյութերով պատճառված գույքային վնասը կազմել է 834.964.463 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 663.059.408 ՀՀ դրամ, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասը՝ 171.905.055 ՀՀ դրամ: Վերականգնվել է 412.619.901 ՀՀ դրամը, որից պետությանը պատճառված վնասից՝ 385.439.222 ՀՀ դրամը, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասից՝ 27.180.679 ՀՀ դրամը:

Անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործություններ.

2020թ. ընթացքում Կոմիտեի վարույթում անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 72 քրեական գործ՝ 90 անչափահասի նկատմամբ: Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու համար 3 քրեական գործ 8 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ոչ արդարացման հիմքերով կարճված գործերով, գործի մասերով և մերժված նյութերով 50 անչափահաս ազատվել է քրեական պատասխանատվությունից:

Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններ.

2020թ. ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 328 քրեական գործ: 187 քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, որից 78-ը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 109 քրեական գործով վարույթը կարճվել է, 40-ը՝ կասեցվել, 2021թ. է փոխանցվել 76 քրեական գործ:

Ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործություններ.

2020թ. ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 730 քրեական գործ: 507 քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, որից 149-ը մեղադրական եզրակացությամբ և բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշմամբ ուղարկվել է դատարան, 358 քրեական գործով վարույթը կարճվել է, 25-ը՝ կասեցվել, 2021թ. է փոխանցվել 111 քրեական գործ:

2020թ. ընթացքում Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության (այսուհետ՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն) վարույթում քննվել է 629 քրեական գործ։ Նախորդ տարվանից փոխանցվել է 182 քրեական գործ, վարույթ է ընդունվել 447 գործ, հարուցվել է 46 գործ, անջատվել է 45 գործ, այլ մարմնից ստացվել և վարույթ է ընդունվել 315 քրեական գործ։ Նախկինում կասեցված գործերից վերսկսվել է 36-ը, վարույթ է ընդունվել դատախազի կողմից հարուցված 5 քրեական գործ:

Քննարկվող ժամանակահատվածում ավարտվել է 129 քրեական գործ, որից 64-ը՝ 194 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է դատախազին, 65 քրեական գործի վարույթ կարճվել է, 154 քրեական գործով վարույթը կասեցվել է, որից 142-ը՝ հանցանք կատարած անձի անհայտ լինելու պատճառով (գերակշիռ մասը կիբեռհանցագործությունների վերաբերյալ գործեր են), 12-ը՝ մեղադրյալի՝ քննությունից թաքնվելու կամ նրա գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով։ Վարույթում քննված գործերից 40-ն ուղարկվել է այլ մարմին, 2020թ. փոխանցվել է 126 քրեական գործ։

2020թ. ընթացքում քրեական գործի վարույթը կասեցնելու, կարճելու մասին որոշումներ դատախազի կողմից չեն վերացվել, քրեական գործեր լրացուցիչ քննության չեն վերադարձվել: 2020թ. ընթացքում ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախապատրաստվել է 31 նյութ, որից 15-ով հարուցվել է քրեական գործ, 14-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, 2 նյութ ուղարկվել է այլ մարմին: Նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ դատախազների կողմից չեն վերացվել:

ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննարկվող ժամանակահատվածում քննված քրեական գործերով և ոչ արդարացնող հիմքերով մերժված նյութերով պետությանը պատճառված 1.619.883.717 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 276.511.506 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված 73.347.979 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 13.221.000 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 60.261.000 ՀՀ դրամ գույքային վնասը նախաքննության փուլում չի վերականգնվել, փոխարենը պատճառված նյութական վնասի վերականգնման համար նույն չափով կալանք է դրվել գույքի վրա:

ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում մշտապես քննվել և քննվում են բազմադրվագ, առանձին բարդություն ներկայացնող, հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործեր: Կարևորելով ժամանակի պահանջներին համընթաց շարժվելու անհրաժեշտությունը՝ 12.09.2019թ. ՀՀ կառավարության 522-Ա որոշման մեջ կատարված փոփոխություններով Կոմիտեի կենտրոնական մարմնի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունից առանձնացման ձևով ստեղծվեց կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունը (այսուհետ՝ Կիբեռհանցագործությունների քննության վարչություն): 2020թ.-ին մասնագիտացված վարչությունում 6 քննիչների ուժերով քննվել է 198, իսկ 2019 թվականին՝ 117 քրեական գործ: Քրեական գործերի աճը պայմանավորված է ոչ միայն տվյալ հանցատեսակով դեպքերի կանխատեսելի աճով ու լատենտայնության կրճատմամբ, այլև Կոմիտեի նախագահի ապրիլի 16-ի թիվ 69-Լ հրամանի հիման վրա տարածքային մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվող կիբեռհանցագործությունների վերաբերյալ բոլոր քրեական գործերը Կիբեռհանցագործությունների քննության վարչությունում կենտրոնացնելու հանգամանքով՝ բացահայտման և նախաքննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, հատկապես քննության մեթոդիկա մշակելու և փորձը տարածքային ստորաբաժանումներին փոխանցելու համար: 198 քրեական գործից 10-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 14-ի վարույթը կարճվել է ոչ արդարացնող հիմքերով, 78-ի վարույթը կասեցվել է, 1-ն ուղարկվել է այլ մարմին, 63 գործ միացվել է այլ գործերի, 32-ը փոխանցվել է 2021թ.:

2020թ. Կիբեռհանցագործությունների քննության վարչության կողմից որդեգրվել է նաև տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի մշտադիտարկման քաղաքականությունը, ինչը հնարավորություն է տվել հայտնաբերել միևնույն անձանց կողմից նույն եղանակով ու ձեռագրով կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործերը, որոնց նախաքննությունը ևս շարունակվել է Կիբեռհանցագործությունների քննության վարչությունում: Կիբեռհանցագործությունների դեպքերով տարբեր ստորաբաժանումներում քննվող և առաջին հայացքից բացահայտման հեռանկար չունեցող քրեական գործերը Կիբեռհանցագործությունների քննության վարչությունում մեկ վարույթում միացնելու, քննության ճիշտ մեթոդիկայի ընտրության, էլեկտրոնային ապացույցների ժամանակին և լիարժեք հավաքման, գործող համակարգչային համակարգերի հետազոտման լաբորատորիայի աշխատանքի, մեծ քանակի տեղեկատվության BIG DATA ճշգրիտ ստացման, ուսումնասիրման, միմյանց համադրման և զտման արդյունքում մինչ օրս բազմադրվագ բոլոր քրեական գործերը բացահայտվել են: Շարունակելով բացահայտված հանցագործությունների դեպքերի քրեագիտական ձեռագրերով վերլուծությունը՝ մոտ ապագայում նախատեսվում է ստեղծել նաև կիբեռհանցագործությունների քրեագիտական շտեմարան: Շտեմարանի ստեղծման գաղափարի և տվյալ հարցում աջակցություն ցուցաբերելու շուրջ 2020թ. դեկտեմբերին բանակցություններ են վարվել ԵԱՀԿ ՀՀ-ում Կիբեռհանցագործությունների հարցերով մեկնարկող ծրագրի ղեկավար կազմի հետ, ինչի արդյունքում բարձրացված հարցը ներառվել է Ծրագրի առաջնահերթությունների ցանկում: Ծրագրի շրջանակներում կուսումնասիրվի Եվրոպայում նման շտեմարաններ կիրառող պետությունների և EUROPOL-ի փորձը, հաշվի առնելով նաև, որ հետագայում շտեմարանները կարող են սինխրոնիզացվել:

2020թ. Կիբեռհանցագործությունների քննության վարչության վարույթում քննված և բացահայտված քրեական գործերից հատկանշական են հետևյալ դեպքերը՝ Վարկեր սև ցուցակում գտնվող անձանց (30 դրվագ), ok.ru կայքի օգտատերերից հափշտակություն կատարելու (16 դրվագ), վարկային կազմակերպությունների պատրվակով քաղաքացիների անվամբ վարկային միջոցներ ստանալու և դրանք հափշտակելու (27 դրվագ), ՀՀ բանկերից և բուքմեյքերական ոլորտի ընկերություններից ծրագրային համակարգերի առանձնահատկությունների օգտագործմամբ կատարված հափշտակությունների, ֆիշինգային ծրագրերի միջոցով բուքմեյքերական կայքերի նմանակների ստեղծմամբ քաղաքացիների բանկային քարտերից և խաղային հաշիվներից հափշտակությունների (նախնական տվյալներով շուրջ 100 դրվագ), քաղաքացիների անվամբ, նրանց անձնական տվյալների օգտագործմամբ առցանց վարկեր ձևակերպելու և հափշտակելու վերաբերյալ քրեական գործերը (շուրջ 80 դրվագ), այլ պետություններում թողարկված բանկային պլաստիկ քարտերի տվյալների օգտագործմամբ ՀՀ տարածում բանկոմատներից կանխիկացումներ կատարելու, ինչպես նաև քարտապանների գումարները հափշտակելու և փողերի լվացմանն ուղղված առցանց գործարքներ կատարելու վերաբերյալ (շուրջ 300 դրվագ): Նշված քրեական գործերի գերակշիռ մասը Կոմիտեի տարածքային մարմիններում և ստորաբաժանումներում եղել են չբացահայտված, սակայն մոնիթորինգի արդյունքում պահանջվել են Կիբեռհանցագործությունների քննության վարչություն, որտեղ և բացահայտվել են:

Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվել է 5.351 քրեական գործ (2019թ.՝ 5.088), որից 841-ը փոխանցվել է 2019թ.-ից: Նախորդ տարվա համեմատ վարույթում քննված քրեական գործերի քանակն աճել է 263-ով կամ 5,1 %-ով: Վարույթում քննված 5.351 քրեական գործից 1.606-ը հարուցել են ԶՔԳՎ քննիչները, 862-ը՝ դատախազները, 207-ը ստացվել է այլ մարմնից, 1.100-ը՝ հետաքննության մարմիններից, 22-ը՝ այլ պետությունների քրեական հետապնդում իրականացնող մարմիններից, 658 քրեական գործով վարույթը վերսկսվել է: Քննարկվող ժամանակահատվածում քննված 5.351 քրեական գործից ավարտվել է 1.790-ի կամ 33.4%-ի նախաքննությունը:

Ավարտված 1.790 քրեական գործից 387-ը` 543 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, կարճվել է 1.403 քրեական գործի վարույթ, 759 քրեական գործի վարույթ կասեցվել է:

Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու դեպքի առթիվ քննվել է 2.015 քրեական գործ կամ ընդհանուր վարույթի գործերի 37,6 %-ը, որից 399-ը փոխանցվել է 2019թ.-ից, այսինքն` 2020թ.-ին վարույթ է ընդունվել 1.616 գործ: Նշված քրեական գործերով ՀՀ զինված ուժեր է զորակոչվել 149 անձ (2019թ.՝ 228):

2020թ. նախապատրաստվել է 2.087 նյութ, որից 1.501-ով հարուցվել է քրեական գործ, մերժվել է քրեական գործի հարուցումը 568 նյութով:

ԶՔԳՎ-ում քննարկվող ժամանակահատվածում քննված քրեական գործերով և ոչ արդարացնող հիմքերով մերժված նյութերով պետությանը պատճառված 139.866.000 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 20.812.000 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 21.051.000 ՀՀ դրամ գույքային վնասից՝ 19.037.000 ՀՀ դրամը, իսկ իրավաբանական անձանց գույքային վնաս չի պատճառվել:

Կոմիտեի ԶՔԳՎ վերահսկողության վարչությունը (այսուհետ՝ Վերահսկողության վարչություն) 2020թ. ընթացքում, իրականացնելով իրավական ակտերով և Կոմիտեի կանոնադրությամբ սահմանված գործառույթները, կատարել է որոշակի աշխատանքներ ԶՔԳՎ ստորաբաժանումների միատեսակ, օրենքով սահմանված նախաքննական գործառույթն արդյունավետ իրականացնելու և այդ գործունեության ընթացքում ծագած խնդիրները կարգավորելու ուղղությամբ, բացի այդ, ԶՔԳՎ Վերահսկողության վարչությունն ապահովել է ՀՀ ՊՆ ստորաբաժանումների, հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը:

Քննության որակը և աշխատանքային կարգապահությունը բարձրացնելու նպատակով նախապատրաստվել է Կոմիտեի նախագահի տեղակալ, ԶՔԳՎ պետի 13 իրավական ակտի նախագիծ, քննարկվել և կարծիք է ներկայացվել 51 իրավական ակտի նախագծի վերաբերյալ, դատախազական, հետաքննական և նախաքննական տարբեր մարմիններից ստացվել, ուսումնասիրվել և ըստ ենթակայության է ուղարկվել 126 քրեական գործ, 51 նյութ և 4 հաղորդում:

Քննարկվել և պատասխանվել է 430 դիմումի ու միջնորդության, տարբեր մարմիններից, կազմակերպություններից ստացված 73 հարցումների և գրության, պատրաստվել է ընդդեմ Հայաստանի Հանրապետության ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատի պատասխան: Կոմիտեի դեպարտամենտի արխիվ ուղարկելու նպատակով Վերահսկողության վարչությունում ստացվել և ուսումնասիրվել է կայազորային քննչական բաժիններում վարույթը կարճված 839 քրեական գործ:

Ապահովվել է իրավական ակտերով նախատեսված համագործակցությունը պաշտպանության նախարարության, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ տարբեր վարչությունների հետ, նշված ստորաբաժանումներից ստացված 2.393 տարատեսակ հարցումների կապակցությամբ տրվել են համապատասխան պարզաբանումներ, Վերահսկողության վարչության նախաձեռնությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ կադրերի վարչությանը տրամադրվել է 100-ից ավելի ծառայողի վերաբերյալ տեղեկատվություն: Բացի այդ, յուրաքանչյուր ամիս տեղեկատվություն է ներկայացվել` տվյալ ամսվա ընթացքում որպես մեղադրյալ ներգրաված սպաների վերաբերյալ:

ԶՔԳՎ կայազորային քննչական բաժինների վարույթում քննվող քրեական գործերով, Վերահսկողության վարչության միջնորդությամբ, ՊՆ համապատասխան ստորաբաժանման ծառայողների ուժերով իրականացվել են 2 մասնագիտական ստուգում:
Նշված ժամանակահատվածում կենտրոնացված կարգով 6 միջնորդություն է ներկայացվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին` ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով անցնող և զորացրման ենթակա անձանց պահեստազորում հաշվառելու գործընթացը կազմակերպելու համար և 2 միջնորդություն՝ զինծառայողների նկատմամբ որպես պաշտպանության միջոց ծառայության վայրը փոխելու մասին:

Մահվան ելքով դեպքերով վարչության համապատասխան ծառայողների միջոցով ապահովվել է համապատասխան աշխատանքների իրականացումը տուժողների իրավահաջորդների հետ, ինչպես նաև ծառայողներն ընդգրկվել են քրեական գործերով կազմված քննչական խմբերում: Բացի այդ, վերահսկողության վարչության մեկ ծառայողի ուժերով կատարվել է ենթակա ստորաբաժանումներից ստացված առանձին քննչական գործողություններ կատարելու 179 հանձնարարություն:

Վերահսկողության վարչությունում իրականացվել են զինվորական ծառայություն անցնելու կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով քրեական գործերի և ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժած նյութերի, քրեական գործերով հսկող դատախազների ցուցումների և որոշումների, դրանց վերաբերյալ քննիչների գրավոր առարկությունների, քննչական բաժնի պետերի կողմից իրենց անմիջականորեն ենթակա քննիչներին տրված ցուցումները դատախազներին բողոքարկելու պրակտիկայի, մահվան ելքով ճանապարհատրանսպորտային հանցագործությունների պատճառների, դրանց նպաստող պայմանների, քրեական գործերի քննության ժամկետների, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների դեպքերով քրեական գործերի և ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժած նյութերի ուսումնասիրություն և ամփոփում, որոնց արդյունքներով համապատասխան առաջարկություններ են ներկայացվել շահագրգիռ կազմակերպություններին:

Ուսումնասիրվել և վերահսկողության տակ են պահվել չորս ամսից ավել ժամկետում քննվող քրեական գործերը, միջոցներ են ձեռնարկվել նախաքննության ժամկետների հնարավոր ձգձգումները կանխելու, կայազորային քննչական բաժինների ծանրաբեռնվածությունը կարգավորելու ուղղությամբ: ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող թվով 15 քրեական գործերով Վերահսկողության վարչության 4 ծառայող ընդգրկվել է մինչդատական վարույթ իրականացնող քննչական խմբերի կազմում: Վերահսկողության վարչության ծառայողների վարույթում քննվել է 12 քրեական գործ, 2-ի նախաքննությունն ավարտվել է, 10 քրեական գործ փոխանցվել է 2021թ.:

Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչությունների վարույթում քննվել է 26.450 քրեական գործ, հարուցվել է 3.601 գործ, այլ մարմնից ստացվել և վարույթ է ընդունվել 1.507 քրեական գործ: Այլ պետությունների քրեական հետապնդում իրականացնող մարմիններից ստացվել է 16 քրեական գործ: Վերսկսվել է 3.629 քրեական գործի վարույթ:

Քննարկվող ժամանակահատվածում ավարտվել է 9.150 քրեական գործ, որից 3.185-ը՝ 3.581 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ և բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշմամբ ուղարկվել է դատարան, 5.965 քրեական գործի վարույթ կարճվել է, 8.151 քրեական գործի վարույթ կասեցվել է։

2020թ. նախապատրաստվել է 2.874 նյութ, (այդ թվում՝ Երևան քաղաքում` 1.297, մարզերում` 1.577), որից 1.498-ով հարուցվել է քրեական գործ, (այդ թվում՝ Երևան քաղաքում` 629, մարզերում` 869), մերժվել է քրեական գործի հարուցումը 1.267 նյութերով, (այդ թվում՝ Երևան քաղաքում` 628, մարզերում` 639):

2020թ. ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և վարչական շրջանների քննչական բաժինների, ինչպես նաև մարզային քննչական վարչությունների վարույթում ավարտված քրեական գործերով և ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժված նյութերով պետությանը, ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատճառվել է 7.593.508.300 ՀՀ դրամի վնաս, որից 1.030.306.333 ՀՀ դրամը` պետությանը, ՀՀ դրամը` 4.838.869.886 իրավաբանական անձանց, իսկ 1.724.332.081 ՀՀ դրամը` ֆիզիկական անձանց: Պատճառված վնասից վերականգնվել է 1.408.228.970 ՀՀ դրամը, որից՝ պետությանը պատճառված 727.482.171 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված 65.556.741 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 615.190.058 ՀՀ դրամը:

Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Վերահսկողության գլխավոր վարչություն) 2020թ. ընթացքում համակարգել է Կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների գործունեությունը, ապահովել է դատավարական վերահսկողությունը, ուսումնասիրել է տարածքային մարմինների և ստորաբաժանումների պետերի կողմից կոնկրետ քրեական գործերով դատավարական և կազմակերպական լիազորությունների իրականացման արդյունավետությունը, քննության առանձին բնագավառները, վերլուծել և ամփոփել դրանք, միջոցառումներ է ձեռնարկել այդ բնագավառներում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ, ուսումնասիրել է առանձնակի բարդություն կամ հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերը և միջոցառումներ է ձեռնարկել նախաքննության կազմակերպման ընթացքում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ:

Քրեական գործերով կազմվող դատավարական փաստաթղթերի որակը բարձրացնելու և դատավարական նորմերի պահանջները պահպանելու նպատակով շարունակվել է քրեական գործի ընթացքը լուծող դատավարական որոշումների, մեղադրական եզրակացությունների նախագծերի ուսումնասիրությունը: Ուսումնասիրվել է 90 դատավարական փաստաթղթի նախագիծ, ուսումնասիրվել և կարծիք է ներկայացվել Կոմիտեի նախագահի հրամանների, հանձնարարականների 19 նախագծերի վերաբերյալ:

Քննարկվել և սահմանված ժամկետներում ընթացք է տրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստացված 8 հարցման, Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ներկայացնելու համար դիրքորոշում է պատրաստվել 3 գանգատի վերաբերյալ:

Քննարկվող ժամանակահատվածում Վերահսկողության գլխավոր վարչությունում ՀՀ դատախազությունից, ՀՀ ոստիկանությունից, Կոմիտեի մարմիններից, ստորաբաժանումներից ստացվել է 828 քրեական գործ և 5 նյութ, որոնք ուսումնասիրվել և ուղարկվել են ըստ ենթակայության կամ այլ գործերի միացնելու և մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու համար: Քննարկվել է տարբեր պետական և տեղական ինքնակառավարման, արդարադատության մարմիններից, կազմակերպություններից, զանգվածային լրատվամիջոցներից ստացված 1.204 հարցում և գրություն, 948 դիմում, ստուգվել և դեպարտամենտի արխիվ է հանձնվել վարույթը կարճված 4.289 քրեական գործ:

Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ հսկողություն է սահմանվել պետական կառավարման տարբեր ոլորտներում դրսևորված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերի նախաքննության նկատմամբ:

Ի կատարումն Կոմիտեի նախագահի հանձնարարականների՝ Վերահսկողության գլխավոր վարչությունում ուսումնասիրվել են 2019թ. ընթացքում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում և ստորաբաժանումներում բնակարանային գողությունների քննության և բացահայտման պրակտիկան, ինչպես նաև Կոմիտեի մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով քննվող դեռևս չբացահայտված, ինչպես նաև նույն հոդվածով հարուցված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթը կասեցված քրեական գործերը, Կոմիտեի տարածքային 11 ստորաբաժանումներում իրականացվել են ուսումնասիրություններ:

Բացի հիմնական գործառույթների իրականացումը, Վերահսկողության գլխավոր վարչությունում իրականացվել է նաև մինչդատական վարույթ, մասնավորապես՝ 2020թ. վարույթ է ընդունվել 3 քրեական գործ, որից 1-ն ուղարկվել է այլ ստորաբաժանում, 1-ը միացվել է Վերահսկողության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործին, որով նախաքննությունը շարունակվում է:

Քննարկվող ժամանակահատվածում կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) միջոցներ է ձեռնարկել աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացման, իրավական և կազմակերպչական բնույթի խնդիրների լուծման, քրեագիտական աջակցության, քննիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային կարողությունների հետևողական կատարելագործման և այլ ուղղություններով:

Ի կատարումն Կոմիտեի նախագահի 01.09.2020թ. թիվ 147-Ա հրամանի, աշխատանքային խմբի կազմում Կոմիտեի մի շարք ստորաբաժանումներում՝ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն, Արաբկիր, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժիններում ուսումնասիրվել են մեկ տարուց ավել քննվող քրեական գործերը, կազմակերպվել են քննարկումներ, ցուցաբերվել է մեթոդական օգնություն: Ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված տեղեկանքը ներկայացվել է Կոմիտեի նախագահին:

Ուսումնասիրվել են բարդ և հնչեղություն ունեցող որոշ քրեական գործեր, այդ առնչությամբ տրվել են հանձնարարականներ, դրանց կատարման, ինչպես նաև նախաքննության ընթացքի վերաբերյալ պահանջվել և ստացվել է համապատասխան տեղեկատվություն:

Ուսումնասիրվել են Կոմիտեի մարմիններում, ստորաբաժանումներում գողության և դրանց փորձերի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով ստացված դեպքի վայրի զննության արձանագրությունները, ինչպես նաև գենետիկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումները, տրվել են հանձնարարականներ:

Քննարկվող ժամանակահատվածում մշակվել, շրջանառվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ուղարկվել Կոմիտեում կառուցվածքային փոփոխություններ նախատեսող «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի թիվ 522-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որն ընդունվել է 20.02.2020. N 183-Ա որոշմամբ, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը, որն ընդունվել է 30.04.2020թ. N 515-Ա որոշմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում մշակվել, շրջանառվել և ստորագրման է ներկայացվել Կոմիտեի նախագահի և Կոմիտեի նախագահի տեղակալի 172 գերատեսչական իրավական ակտ, մասնավորապես՝ մշակվել և Կոմիտեի նախագահի ստորագրմանն է ներկայացվել 92 իրավական ակտի նախագիծ, որոնցից հատկանշական են՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով հաստատված ռազմավարություններից բխող 2020-2023 թվականների գործողությունների ցանկը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցով նախատեսված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի իրավասությանը վերաբերող միջոցառումների ցանկը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի մոտ անցկացվող աշխատանքային խորհրդակցությունում առանձին հարցեր զեկուցելու, աշխատանքային խորհրդակցության մասնակիցների, զեկուցվող հարցերի ցանկը և ժամանակացույցը հաստատելու մասին» Կոմիտեի նախագահի հրամանները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողներին քրեաիրավական և քրեադատավարական օրենսդրական ակտերի փոփոխությունների, լրացումների վերաբերյալ իրազեկելու մասին», «Դեպքի վայր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի համազգեստով մեկնելու և հագուստին ներկայացվող պահանջները պահպանելու մասին» Կոմիտեի նախագահի հանձնարարականները և այլն:

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել Կոմիտեի նախագահի 33 հրամաններում և հանձնարարականներում, որոնցից հատկանշական են՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2014 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 8-Ա հրամանում փոփոխություններ կատարելու մասին» («Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի գործունեության կարգը հաստատելու մասին» հրամանի փոփոխություններ), «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի օգոստոսի 27-ի թիվ 120-Ա հրամանում փոփոխություն կատարելու մասին» («Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալների միջև աշխատանքի բաժանում կատարելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 779-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանի փոփոխություն), «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 147-Լ հրամանում լրացում կատարելու մասին» («Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ծառայողական քննություն անցկացնելու նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու կարգը հաստատելու մասին» հրամանի լրացում), «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունիսի 10-ի թիվ 55-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» («Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» հրամանի փոփոխություններ և լրացումներ) հրամանները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի հունիսի 1-ի թիվ 30-Լ հանձնարարականում փոփոխություն կատարելու մասին» («Առանձնապես ծանր և հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունների դեպքերի իրազեկման վերաբերյալ» հանձնարարականի փոփոխություն) հանձնարարականը և այլն:

Ուսումնասիրվել և կարծիք է տրվել 108 իրավական ակտի նախագծի վերաբերյալ:

Գլխավոր վարչությունում ստացվել, ուսումնասիրվել և ամփոփվել են 2020թ. ընթացքում Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից կատարված քննչական աշխատանքների հիմնական տվյալների ամսական, ինչպես նաև կիսամյակային, տարեկան վիճակագրական հաշվետվությունները, կատարվել է ստացված հաշվետվություններում առկա որոշ տվյալների ամփոփում և համեմատական վերլուծություն նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հետ, Ուսումնասիրվել և ամփոփվել են 2020թ. ընթացքում քննիչների անհատական ծանրաբեռնվածության վերաբերյալ հաշվետվությունները: Իրականացվել է նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունների և վիճակագրական տվյալների հավաքագրում, ամփոփում:

Ի կատարումն ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1281-Ն որոշման և Կոմիտեի նախագահի 24.03.2020թ. թիվ 45-Ա հանձնարարականի՝ Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններից և ստորաբաժանումներից հավաքագրվել է ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերով, քրեական գործերով անհրաժեշտ տեղեկատվությունը և ներկայացվել շահագրգիռ մարմնին՝ ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարություն:

ԶՔԳՎ վարույթում քննվող շուրջ 40 գործով ցուցաբերվել է քրեագիտական աջակցություն, մասնավորապես՝ դեպքի վայրում կատարվելիք գործողությունների քրեագիտական ապահովում, դեպքի վայրի զննության, քննչական փորձարարության, փորձաքննությունների նշանակման գործընթացի նախապատրաստում, մասնակցություն դատաբժշկական փորձաքննություններին, դիակներից օբյեկտների և նմուշների ստացման գործընթացին:

Կոմիտեում ներդրված «էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի շրջանակներում իրականացվել են գործառույթների ավելացման, ինչպես նաև ծրագրային ապահովման հետ կապված ծավալուն աշխատանքներ: Քննարկվել և պատասխաններ են տրվել այլ պետական մարմիններից, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից և ֆիզիկական անձանցից ստացված թվով 113 տարաբնույթ գրությունների և հարցումների:

Գլխավոր վարչության վարույթում քննվել է 40 քրեական գործ, այդ թվում՝ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, որից 1-ի վարույթը կասեցվել է, 23-ը միացվել է, 16-ով նախաքննությունը շարունակվում է:

2020թ. ընթացքում Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում (այսուհետ՝ ՆԱՎ) ստացվել է 240 միջնորդություն, իրականացվել է 202 նախնական ուսումնասիրություն, 40 ստուգում, ընթացք է տրվել 134 դիմումի, լուծվել է նախորդ տարվանից փոխանցված 26 նախնական ուսումնասիրության ընթացք:

Նախնական ուսումնասիրությունների թիվը 2019թ. համեմատ նվազել է 85-ով: Նախորդ տարվա քննարկվող ժամանակահատվածի համեմատ 17-ով նվազել է ստուգումների քանակը, իսկ դիմումների թիվը նվազել է 114-ով:

Կատարված նախնական ուսումնասիրությունների համար առիթ է հանդիսացել Կոմիտեի ծառայողների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու համար ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ ՀՀ դատախազության տարբեր ստորաբաժանումներից ստացված 150 միջնորդություն (2019թ՝ 316), այսինքն` ՀՀ դատախազությունից ստացված միջնորդությունների քանակը 2019թ. համեմատ նվազել է 166-ով: Ստացված 150 միջնորդությունների առթիվ կատարվել է 112 նախնական ուսումնասիրություն: Հարուցված կարգապահական վարույթների հիման 16 ծառայողի արարքներում հաստատվել է խախտումներ թույլ տալու փաստը և նրանց մեղավորությունը, 4 ծառայող արդարացվել է, 2 ծառայողի նկատմամբ վարույթը դադարեցվել է աշխատանքից ազատվելու հիմքով: 53-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, նախնական ուսումնասիրության 3 վարույթ կասեցվել է, 20-ը փոխանցվել է 2021թ.:

Կոմիտեի նախագահի տեղակալներից, մարմինների և ստորաբաժանումների պետերից ստացված միջնորդությունների, ինչպես նաև պետական այլ մարմինների, քաղաքացիների և դատավարության այլ սուբյեկտների հաղորդումների առթիվ իրականացված 90 նախնական ուսումնասիրություններից 30-ի արդյունքներով՝ Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ: 17 միջնորդությունների քննությամբ հաստատվել է 20 ծառայողի կողմից խախտում թույլ տալու փաստը և մեղավորությունը, 2 դեպքում Կոմիտեի 2 ծառայող արդարացվել է: 48-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, նախնական ուսումնասիրության 3 վարույթ կասեցվել է, 7-ը փոխանցվել է 2021թ.:

ՆԱՎ-ում իրականացված 112 նախնական ուսումնասիրության արդյունքներով՝ քրեադատավարական օրենքի, ինչպես նաև կարգապահական բնույթի խախտումներ կատարելու համար Կոմիտեի 36 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, որից 32-ի նկատմամբ՝ «զգուշացում», 3-ի նկատմամբ՝ «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» 1-ի նկատմամբ՝ «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով»:

Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի (այսուհետ՝ Բաժին) կողմից 2020թ. ընթացքում քննարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված 167 հարցում, 61 հարցում փոխանցվել է 2021թ., այսինքն՝ հաշվետու ժամանակահատվածում լուծվել է 106 հարցման ընթացք, ընդ որում՝ դրանցից 1 հարցում նախաձեռնողի գրության հիման վրա թողնվել է առանց կատարման՝ անհրաժեշտությունը վերանալու կապակցությամբ, 2 հարցում մերժվել է՝ ՀՀ օրենսդրությանը հակասելու հիմքով (հարցումներին կցված չի եղել բանկային գաղտնիք կազմող տվյալներ ստանալու համար դատարանի համապատասխան որոշում):

Բացի այդ, 2020թ. ընթացքում Բաժնում լուծվել է նաև 2019թ.-ից փոխանցված 37 հարցման ընթացք, որոնցից 1-ը նախաձեռնողի խնդրանքով թողնվել է առանց կատարման` անհրաժեշտությունը վերանալու կապակցությամբ:

Օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին քննարկման է ներկայացվել իրավական օգնություն ցույց տալու մասին 367 հարցում, որոնցից 293-ը՝ լրամշակվելուց հետո ուղարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին, 35-ը՝ լրամշակման վերադարձվելուց հետո այլևս չի ստացվել, իսկ 39-ը՝ 2020թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ գտնվել է թարգմանության փուլում:

Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից 293 հարցումից ապահովվել է 84-ի պահանջների կատարումը, որոնցից 24-ը մասնակի, 10 հարցման կատարում մերժվել է՝ ԱՄՆ իրավասու մարմնի կողմից դրանցում նկարագրված արարքները՝ նվազ կարևորության դասելու հիմքով, 2 հարցում նախաձեռնողի խնդրանքով թողնվել է առանց կատարման՝ անհրաժեշտությունը վերանալու կապակցությամբ, 1 հարցում՝ փոխանցվել է այլ մարմին՝ քրեական գործը Կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից այլ մարմին փոխանցվելու կապակցությամբ, 196 հարցում 2020թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ գտնվել է կատարման փուլում:

Բացի այդ, 2014-2019թթ. օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղարկված թվով 536 Հարցումների կապակցությամբ՝ 2020 թվականի ընթացքում Բաժնում ստացվել են ուղարկված 266 Հարցումների կատարմամբ ձեռք բերված նյութեր, որոնցից 2 Հարցման պահանջ կատարվել է մասնակի, 21-ի կատարումը մերժվել է՝ 18-ը՝ նվազ կարևորության հիմքով (ԱՄՆ իրավասու մարմնի կողմից), 2-ը՝ տեղեկատվության բացակայության հիմքով, 1-ը՝ տվյալ պետության օրենսդրությանը հակասելու հիմքով:

Հիմնական գործառույթների կատարումից զատ՝ Բաժնի ծառայողների վարույթում քննվել է 9 քրեական գործ:

Քննարկվող ժամանակահատվածում Կոմիտեի և օտարերկրյա պետությունների քննչական մարմինների հետ համագործակցության շրջանակներում 2020թ. մարտ ամսին կազմակերպվել է հանդիպում Կոմիտեի նախագահի և Իտալիայի Հանրապետության ֆինանսական գվարդիայի ներկայացուցչի միջև, որի արդյունքներով ստորագրման համար նախապատրաստվել և իտալական կողմի հետ համաձայնեցման նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարություն է ուղարկվել Կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ֆինանսական գվարդիայի միջև համագործակցության մասին հուշագրի նախագիծ:

Ի կատարումն ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահների կողմից 2019թ. նոյեմբերի 7-ին ՌԴ Մոսկվա քաղաքում ստորագրված Հանձնարարությունների արձանագրության՝ կազմվել են համատեղ աշխատանքային խմբեր ստեղծելու մասին հանձնարարականներ, որոնք ստորագրվել են ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահների կողմից:

Կոմիտեի կարգապահական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) քննարկմանը ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու 80 միջնորդություն, որից 25-ը դեռ չի քննարկվել: Ներկայացված միջնորդությունների թվում են Կոմիտեի թվով 5 ծառայողների նկատմամբ «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» և «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ կիրառելու հնարավորության վերաբերյալ 4 միջնորդություններ, որոնք բավարարվել են համապատասխան եզրակացություններով:

Կարգապահական վարույթ հարուցելու 9 միջնորդություն մերժվել է՝ ծառայողների պաշտոնից ազատված լինելու կամ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ կարգապահական խախտում կատարելու օրվանից 12 ամիսը անցնելու հիմքով:

Իրականացված կարգապահական վարույթների արդյունքում Հանձնաժողովը որոշումներով հաստատել է 47 ծառայողի արարքում կարգապահական խախտման փաստի առկայությունը, իսկ 9 ծառայողի արարքում կարգապահական խախտման փաստի բացակայությունը:

Արդարադատության ակադեմիայի ռեկտորի կողմից Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել է ունկնդրին տարկետում տրամադրելու վերաբերյալ 1 միջնորդություն, որը բավարարվել է:

Հանձնաժողովը քննարկել է Հանձնաժողովի աշխատակարգում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ որոշման 3 նախագիծ, որոնք հաստատվել են:

Կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչությունն օրենքով սահմանված կարգով մշակել, շրջանառել է ՀՀ օրենքի 5 նախագծեր, որոնցից հատկանշական են.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նոր իրավական կարգավորում, ինչը հնարավորություն կտա համարժեք և համաչափ պատիժ նախատեսել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով վերստին օրենքում ուղղակիորեն կամրագրվի Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի առողջական վիճակի անվճար հետազոտություն անցնելու իրավունքը:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնցով իրավակարգավորում կստանան ապօրինի ձեռք բերված անտառանյութի տեղափոխումը և ծառերի, թփերի՝ առանց թույլտվության տեղափոխումը: Առաջինի դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսվում ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելու համար, իսկ երկրորդի դեպքում վարչական պատասխանատվություն՝ ծառերի, թփերի՝ առանց թույլտվության տեղափոխման համար:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել փորձաքննություն նշանակելիս և կատարելիս կասկածյալի, մեղադրյալի ու տուժողի իրավունքների իրացման ոլորտում: Համաձայն նախագծի՝ վերջիններս փորձագետին հարցեր կարող են առաջադրել ոչ թե անմիջականորեն, այլ միջնորդավորված՝ քննիչի միջոցով, որն էլ փորձաքննության վերաբերյալ և գործի համար նշանակություն ունեցող հարցադրումները կներկայացնի փորձագետին:

Քննարկվող ժամանակահատվածում մշակվել են նաև ՀՀ կառավարության 7 և ՀՀ վարչապետի 3 որոշումների նախագծեր: Շրջանառության դրված օրենքների, ՀՀ վարչապետի, ՀՀ կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ ներկայացվել է 118 կարծիք, իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ՝ 44 փորձագիտական եզրակացություն: Նախապատրաստվել է 11 հայցադիմում և հայցադիմումի պատասխան, 32 դատական գործերով իրականացվել է դատական ներկայացուցչություն:

Կադրային քաղաքականության, մասնավորապես՝ թափուր հաստիքների համալրման ոլորտում ծավալուն աշխատանքներ են իրականացվել: 2020թ. ընթացքում Կոմիտեում ծառայության է նշանակվել 102 թեկնածու, զբաղեցրած պաշտոնից ազատվել է 96 ծառայող: 2020թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ թափուր է 61 հաստիք:

2020թ. ընթացքում Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված մեկ հիմնական և երկու լրացուցիչ քննություններին մասնակցել է 164 դիմորդ, որից 75-ի վերաբերյալ Կոմիտեի որակավորման հանձնաժողովի որոշմամբ կայացվել է դրական եզրակացություն: Նշված թեկնածուներից 24-ը նշանակվել է տարբեր պաշտոնների, 48 թեկնածու, որից 2-ը 2019թ. թեկնածուներ են, ուղարկվել են Արդարադատության ակադեմիա՝ ուսումնառության դասընթացին մասնակցելու: Ուսումնառությունն ավարտել է 47-ը, 1-ի ուսումնառությունը տեղափոխվել է 2021թ.: Արդարադատության ակադեմիայում ավարտական քննությանը դրական գնահատական ստացած թեկնածուներից 40-ը նշանակվել է քննիչ:

Կոմիտեի դեպարտամենտի քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժինը քննարկվող ժամանակահատվածում կազմակերպել է 244 քաղաքացու ընդունելություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը կազմել է 266 կամ 47,8%: Covid-19 համավարակով պայմանավորված՝ առավելապես դեպքերում ընդունելության համար դիմած քաղաքացիների հետ աշխատանքները տարվել են հեռավար՝ առցանց դիմումների և հեռախոսազանգերի միջոցով, միաժամանակ հետևողականություն է ցուցաբերվել բարձրացված հարցերի վերաբերյալ քաղաքացիներին սահմանված կարգով և ժամկետներում հիմնավոր պատասխաներ տալու ուղղությամբ:

Կոմիտեի վարչական շենքերի հիմնանորոգման և վերանորոգման ուղղությամբ իրականացվել են ակտիվ միջոցառումներ, մասնավորապես` ՀՀ կառավարության 2020թ. մարտի 12-ի «Գույք ամրացնելու մասին» N 291-Ա որոշմամբ Կոմիտեին է ամրացվել ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի 1-ին փողոցի 3/3-րդ հասցեում գտնվող վարչական շենքը: ՀՀ կառավարության մեկ այլ՝ 2020 թվականի հունիսի 25-ի «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. մայիսի 20-ի N 583-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1076-Ա որոշմամբ Կոմիտեին են ամրացվել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի N 24 հասցեում գտնվող վարչական շենքի «Ա» մասնաշենքն ամբողջությամբ, «Բ» մասնաշենքի 1-ին հարկը: Նույն որոշմամբ Կոմիտեին է ամրացվել նաև՝ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոց փողոցի N 81 հասցեում գտնվող վարչական շենքը:
Կոմիտեին ամրացված վերոնշյալ վարչական շենքերից որևէ մեկում վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ դեռևս չեն իրականացվել:

Քննչական աշխատանքում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ.

Կոմիտեի ծառայողների աշխատանքն արդյունավետ կազմակերպելու, քննչական գործողությունների արձանագրությունների և դատավարական որոշումների ձևերը միասնականացնելու, դատավարական ժամկետների խախտումները կանխարգելելու, նախաքննության նկատմամբ անմիջական վերահսկողության ավտոմատացված մեխանիզմներ ներդնելու, ինչպես նաև ավտոմատացված վիճակագրության հաշվառում և համակարգում իրականացնելու նպատակով քննարկվող ժամանակահատվածում շարունակվել են «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքները: Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող բոլոր մարմիններում և ստորաբաժանումներում 2018թ. հունվարի 1-ից հետո հարուցված քրեական գործերով առանցքային նշանակություն ունեցող դատավարական փաստաթղթերը կազմվում են «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով, ինչը հնարավորություն է տալիս վարելու ավտոմատացված էլեկտրոնային վիճակագրություն: Քննիչների մասնագիտական հմտությունները զարգացնելու և մարդու իրավունքների ոլորտի միջազգային փաստաթղթերի կիրառությունն ապահովելու նպատակով «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրում ներդրվել է «Էլեկտրոնային գրադարան» բաժինը: Շարունակվել են ծրագրի հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես՝ յուրաքանչյուր քրեական գործով թղթային եղանակով լրացվող և ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ուղարկվող վիճակագրական քարտերը ավտոմատացված կարգով լրացվելու և առցանց ուղարկվելու, ինչպես նաև Կոմիտեի ծառայողներին ներկայումս հասանելի գերատեսչությունների տեղեկատվական բազաներից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տվյալները «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի շրջանակներում հասանելի դարձնելու համար:

2021թ. ընթացքում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների ծանրաբեռնվածության նվազման, նախաքննության ժամկետների կրճատմանն, արդյունավետության բարձրացման, ինչպես նաև քննիչների արտահոսքը կանխելու և վերջիններիս մոտիվացնելու նպատակով առաջարկվում է.

1.ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից (այսուհետ՝ ՍԷԿՏ) օգտվող պետական մարմինների ցանկում ներառել Կոմիտեն:
Կոմիտեի կազմավորումից ի վեր էապես ընդլայնվել է նաև քննչական աշխատանքում անհրաժեշտ տարբեր գերատեսչությունների տեղեկատվական բազաների ցանկը, որոնք առցանց հասանելի են Կոմիտեի ծառայողների համար:
ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման N2 հավելվածով սահմանվել է ՍԷԿՏ-ից օգտվող պետական մարմինների ցանկը, որում ընդգրկված չէ Կոմիտեն, ինչի արդյունքում Կոմիտեն զրկված է քրեական վարույթի համար անհրաժեշտ տեղեկություններն առցանց ստանալու հնարավորությունից, որն էապես խոչընդոտում է քննության օպերատիվությանը և արհեստական դժվարություններ է ստեղծում առավել կարճ ժամկետներում նախաքննություն իրականացման հարցում:

Այդ նպատակով Կոմիտեում մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N884-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է ՍԷԿՏ համակարգից օգտվողների ցանկում ներառել նաև Կոմիտեն:

2.«Կիբեռհանցագործությունների մասին» Եվրոպական Կոնվենցիայով նախատեսված և ՀՀ ոստիկանությունում գործող 24/7 կոնտակտային կետից զատ Կոմիտեում ստեղծել 24/7 կոնտակտային կետ, ինչը հնարավորություն կտա կիբեռհանցագործությունների գործերով ուղղակիորեն հաղորդակցվել այլ պետությունների իրավասու մարմինների հետ, կիբեռհանցագործությունների գործերով ուղարկել և ստանալ փոխադարձ աջակցության մասին հարցումներ:

3. Կենսաթոշակի անցնելու հնարավորություն նախատեսել Կոմիտեում առնվազն 20 տարվա ծառայության ստաժ ունեցող ծառայողների համար՝ հաշվի առնելով քննչական աշխատանքի թե´ մտավոր և թե´ ֆիզիկական առումով գերծանրաբեռնված բնույթը, չնորմավորված աշխատաժամանակը, որի պայմաններում քննիչները, որպես կանոն, դժվարանում են ծառայել մինչև կենսաթոշակի անցնելու սահմանային տարիքը և որոշակի ժամանակ ծառայելուց հետո տեղափոխվում են այլ աշխատանքի:

4. Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները հավասարեցնել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցում անցած նախագծով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներին՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 10.10.2019թ. թիվ 1441-Լ որոշմամբ որպես ինքնուրույն միջոցառում նախատեսված է քննիչների աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացմանը նախատեսված օրենսդրական փոփոխությունների մշակում 2021-2022թթ. ընթացքում:

Կոմիտեն հետևողականորեն շարունակելու է քննության որակի, քննիչների, մարմինների և ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության բարձրացմանն ուղղված միջոցառումները: Կոմիտեն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կանի հնարավորինս՝ հանրապետությունում հանցագործությունների դեմ տարվող պայքարին, սահմանադրական և հասարակական կարգի ամրապնդմանն օժանդակելու, մարդու, հասարակության և պետության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաև օրինականության պահպանմանն առնչվող լիազորություններից բխող մյուս խնդիրներն իրականացնելու ուղղությամբ:



 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի