Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով

26.07.2022 18:33

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ Ղազարավան համայնքում տեղի ունեցած սպանության փորձի և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022թ. հուլիսի 26-ին՝  ժամը 02։00-ի սահմաններում, Ղազարավան համայնքում անձնական  հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել համայնքի 27 և 26-ամյա բնակիչների միջև, որի ընթացքում վերջինս իր հորը պատկանող  «ԻԺ-43» մոդելի որսորդական հրացանով  կրակել է  համագյուղացու ուղությամբ, ով դիմել է փախուստի: Համայնքի տներից մեկի բակում 27-ամյա երիտասարդի կողմից համագյուղացու ձեռքից հրացանը վերցնելու ընթացքում կրակոց է արձակվել, ինչի հետևանքով նշված տան բնակիչներ՝ 52-ամյա կինը և վերջինիս 27-ամյա որդին,  ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ, ինչը պատճառ է հանդիսացել  52-ամյա կնոջ մյուս՝ 29-ամյա որդու` վերոհիշյալ անձանց հետ վիճաբանելու համար, որի  ընթացքում էլ վերջինս ևս ստացել է վնասվածքներ:

«Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից 52-ամյա կնոջ և վերջինիս 27 ու 29-ամյա որդիների՝ բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումները ստացվել են 2022թ. հուլիսի 26-ին՝ ժամը 02։45-03:00-ի սահմաններում:

Հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով,  նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են վերոհիշյալ անձանց՝ վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր, հանցագործության գործիք հանդիսացող «ԻԺ-43» մոդելի որսորդական հրացանը, վերցվել են նմուշներ։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպին մասնակից Ղազարավան համայնքի 27-ամյա և 26-ամյա բնակիչներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի