Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Կրակոցներ «Ֆրիտյոֆ Նանսենի» անվան թիվ 150 հիմնական դպրոցի մոտ. հարուցվել է քրեական գործ

06.12.2016 15:18

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ֆրիտյոֆ Նանսենի» անվան թիվ 150 հիմնական դպրոցի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ։

2016 թվականի դեկտեմբերի 5-ին դպրոցի տնօրենից ահազանգ է ստացվել առ այն, որ   դպրոցի մոտ արձակվել են կրակոցներ,  որի հետևանքով վնասվել են ապակիները:

Կատարված դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ «Ֆրիտյոֆ Նանսենի» անվան թիվ 150 հիմնական դպրոցի դիմային պատուհանի և դպրոցի մարզադահլիճի հանդերձարանի պատուհանի վրա առկա են կրակոցի միջանցիկ անցքեր: Անմիջապես ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ պարզելու դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, դպրոցի շենքին մոտեցող «BMW X5» մակնիշի ավտոմեքենային հետապնդել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքան, որի մեջ գտնվող անձն ինքնաձիգից կրակոցներ է արձակել «BMW X5»-ի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի ապակին։ Բացի այդ, կրակոցները դիպել են նաև դպրոցի պատուհաններին։

Դեպքի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, ականատես վկաներ։ Նշանակվել է դատահետքաբանական, դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություն:

Գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայություն` դեպքի վայրին մոտակա տեսախցիկների տեսաձայնագրույթուններն ստանալու նպատակով: Հանձնարարություն է տրվել ոստիկանության Նոր Նորքի բաժնին` ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց), հնարավոր տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի