Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել են Մրգաշատի բնակիչ Էդվարդ Մելիքյանի սպանության հանգամանքները. համագյուղացուն մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով

06.05.2015 19:27

 

Մրգաշատ գյուղի բնակիչ Էդվարդ Մելիքյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նախաքննության շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էդվարդ Մելիքյանի սպանությունն իրականացրել է համագյուղացի մեկ այլ տղամարդ՝ կենցաղային հողի վրա ձևավորված տարաձայնությունների պատճառով։

Մասնավորապես՝ քննության տվյալներով՝ Մրգաշատի 42-ամյա բնակիչը, ունենալով որոշակի հոգեկան խնդիրներ, անհանգստացրել է տուժածի թոռներին, ինչի կապակցությամբ տուժածի որդին դիմել է ոստիկանության Մեծամորի բաժին։ Իրեն համապատասխան բժշկական հաստատություն հետազոտության ուղարկելու հարցի շուրջ բնակչի մոտ ձևավորվել է բացասական վերաբերմունք և լարված հարաբերություն։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ դեռևս 2014 թվականի սեպտեմբերին 42-ամյա տղամարդը Է.Մելիքյանին պատկանող խաղողի այգում, ռետինե խողովակը պարանոցին փաթաթելու և սեղմելու եղանակով, փորձել է սպանել նրան, սակայն հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել իր կամքից անկախ հանգամանքներում. մոտակայքում գտնվող համագյուղացիներից մեկը, լսելով վիճաբանության և գոռգոռացի ձայները, մոտեցել է և միջամտել:

2015թ. ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Է.Մելիքյանի հետ հաշտվելու պատրվակով, նախապես պայմանավորվել և հանդիպել են խաղողի այգու մոտակայքում, որտեղ 42-ամյա տղամարդն իր համագյուղացի Մելիքյանին նախ հյուրասիրել է նախապես իր հետ վերցրած ուտելիքներն ու օղին, արբեցրել, ապա պարանոցին`վահանաճառի շրջանում, բութ առարկայով սեղմելու եղանակով շնչահեղձ անելով սպանել է նրան:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի 42-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի