Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Սպանություն՝ Շենգավիթում. ձերբակալվել է սպանվածի քրոջ որդին (տեսանյութ, լուսանկարներ)

06.06.2021 14:41

2021թ. հունիսի 5-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկում տղամարդու դիակ կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել 1966թ. ծնված տղամարդու դի՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքով:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժածի քրոջ որդին:

Նախնական տվյալներով՝ 2021թ. հունիսի 4-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 1966թ. ծնված տղամարդու և նույն տանը բնակվող վերջինիս քրոջ որդու միջև, որի ընթացքում տղամարդը հայհոյել և փորձել է փայտի կտորով հարվածել զարմիկին, ինչից հետո վերջինս բռունցքով հարվածել է մորեղբոր դեմքին, իսկ դանակով` կրծքավանդակին: Միջադեպից հետո տղամարդը բարձրացել է տուն, իսկ արդեն հաջորդ օրը՝ հունիսի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, վերջինիս քույրը եղբորը հայտնաբերել է մահացած վիճակում:

Ժամեր անց տուժածի քրոջ որդին ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով՝ ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ անձինք, կատարվել է դեպքի վայրի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի