Լրահոս
02.11.23, 15:59

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Երևանում սեպտեմբերին կատարված զանգվածային ակցիաների ընթացքում ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու ևս մեկ դեպքի նախաքննությունը

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Երևանում սեպտեմբերին կատարված զանգվածային ակցիաների ընթացքում ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու ևս մեկ դեպքի նախաքննությունը

Ավարտվել է Երևանի 24-ամյա բնակչի կողմից ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մի շարք աշխատակիցներ 2023թ. սեպտեմբերի 21-ին' ժամը 15:30-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ընթացքում նկատել են, որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացնելու միտումով դուրս են եկել Երևան քաղաքի Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկ, փակել ճանապարհների երթևեկելի հատվածը' խոչընդոտելով երթևեկությանը: Իրենց ծառայողական պարտականությունները կատարելու և հասարակական կարգը վերականգնելու նպատակով ոստիկանության աշխատակիցները, մոտենալով հիշյալ քաղաքացիներին, անհնազանդությունները դադարեցնելու և ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս գալու օրինական պահանջ են ներկայացրել: Սակայն, քաղաքացիները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, իսկ երբ վերջիններս, շղթա կազմելով, փորձել են նրանց դուրս բերել ճանապարհահատվածից, 24-ամյա երիտասարդը բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցներից մեկի նկատմամբ.  դիտավորությամբ հարվածել է վերջինիս ձախ աչքի քունքային հատվածին' պատճառելով մարմնական վնասվածք:

Այնուհետև, դեպքի վայրում գտնվող ոստիկանության այլ աշխատակիցների օգնությամբ հաջողվել է օրինախախտում կատարող քաղաքացիներին դուրս բերել ճանապարհի բանուկ հատվածից, իսկ 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Հետագայում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը, բեկանել է այն, և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: