Լրահոս
15.10.15, 08:18

Ավազակային հարձակում փաստաբանի նկատմամբ. կասկածյալը ձերբակալվել է

Ավազակային հարձակում փաստաբանի նկատմամբ. կասկածյալը ձերբակալվել է


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գույք հափշտակելու դիտավորությամբ փաստաբան Գեղամ Հակոբյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։

2015 թվականի հոկտեմբերի 14-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 14:45-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Արշակունյաց 16ա շենքի բակում ուրիշի գույքն ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ հարձակում է գործել Գեղամ Հակոբյանի վրա և վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու` իր ձեռքում եղած ծալովի դանակով հարվածելու սպառնալիքով, գումար պահանջել։ Գ.Հակոբյանին հաջողվել է դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ 1952 թվականին ծնված։ Կասկածյալը ձերբակալվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: