Լրահոս
14.06.16, 13:48

Բնակարանային գողություններ ու կողոպուտ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ

Բնակարանային գողություններ ու կողոպուտ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ
 
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են  Շ.Մաթևոսյանի եւ Ս.Մելիքսեթյանի բնակարաններից կատարված հափշտակությունները, հայտնաբերվել գողոնի հիմնական մասը։

2016 թ. հունիսի 10-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 03-ի սահմաններում առերևույթ հանցագործություն կատարած անձը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտք է գործել Ս.Մելիքսեթյանին պատկանող առանձնատուն, որի բնակիչներն այդ պահին քնած են եղել, և հափշտակել երեք հատ հուշանվեր, բջջային հեռախոս ու դիմել փախուստի։

Նույն օրն ահազանգ է ստացվել, որ ժամը 05-ի սահմաններում գողություն է կատարվել Շ.Մաթևոսյանի բնակարանից։ Առերևույթ հանցագործություն կատարած անձը հափշտակել է ոսկյա զարդեր, առկա կանխիկ գումարն ու դիմել փախուստի։

Նշված երկու դեպքերի կապակցությամբ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր և ձեռնարկվել անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ կատարված հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։ Նախնական քննությամբ պարզվել է, որ նշված երկու բնակարաններից հափշտակությունները կատարվել են նույն անձանց կողմից, որոնց ինքնությունը պարզվել է և երեք անձ ձերբակալվել է։ Որոշում է կայացվել նշված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին։

Կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ նույն խմբի կողմից հափշտակություններ են կատարվել նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ 

 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: