Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակիչը, ինքնիրավչությանն օժանդակելով, էական վնաս է պատճառել համաքաղաքացուն. քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակչի կողմից ինքնիրավչություն կատարելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակիչը ՌԴ-ում բնակվող բարեկամուհուց տեղեկացել է, որ վերջինս բանավոր պայմանավորվածության համաձայն՝ 38-ամյա համաքաղաքացուն 3.500 ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել է սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող՝ Էջմիածին քաղաքի «Մատուռ» կոչվող տարածքում գտնվող հողատարածքը, սակայն վերջինս ամբողջությամբ չի վճարել հողատարածքի դիմաց սահմանված գումարը և որպես պարտք` պարտավորվել է 773.000 ՀՀ դրամ գումարը վճարել կնոջը։
Այնուհետև 49-ամյա տղամարդը, համաքաղաքացու կողմից սահմանված ժամանակահատվածում պարտավորությունները չկատարելու պայմաններում, ինքնակամ ֆիզիկական օժանդակություն է ցուցաբերել. մասնավորապես՝ 2018թ. հոկտեմբերի 17-ին` ժամը 13:30-ի սահմաններում, վերջինս վարձակալել է տեխնիկա և նշված տեխնիկայի վարորդին ցուցումներ տալով՝ դրա գործադրմամբ քանդել է սեփականության իրավունքով բարեկամուհու ընտանիքին պատկանող` վերոհիշյալ հողամասի վրա 38-ամյա համաքաղաքացու կողմից ինքնակամ կառուցված կիսակառույց շինությունը, որի արդյունքում վերջինիս օրինական շահերին պատճառվել է էական վնաս։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-322-րդ հոդվածի (ինքնիրավչությանը օժանդակելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: