Երևան քաղաքի Մերգելյան պուրակում 37-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով կալանավորվել է 25-ամյա երիտասարդ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Մերգելյան պուրակում կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քննությամբ իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը, շարժառիթը:
Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչ Դ.Գ.-ն դեպքին նախորդող ժամանակահատվածում անձնական հարցերի շուրջ տարաձայնություններ է ունեցել համաքաղաքացու հետ, որի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, 2023թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 23:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի «Մերգելյան» պուրակի հարակից տարածքում հանդիպել է վերջինիս և նրա ընկերներին:
Հանդիպումը վեր է ածվել վիճաբանության, որի ընթացքում Դ.Գ.-ն, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով հարվածել է 37-ամյա տղամարդու կրծքավանդակին՝ վերջինիս պատճառելով ծակած-կտրած, թափանցող մարմնական վնասվածք, որի հետևանքով տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:
Բացի այդ, քննությամբ պարզվել և հիմնավորվել է նաև, որ Դ.Գ.-ն նշված միջադեպի ժամանակ իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել նաև միջադեպին մասնակից ևս մեկ անձի՝ պատճառելով վնասվածք, իսկ վերջինս էլ իր հերթին սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել Դ.Գ.-ին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ սպանության դեպքի առթիվ քննվող վարույթից մեղադրյալ Դ.Գ.-ին մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ մասն առանձնացվել է, որով նախաքննությունը շարունակվում է: