Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար
![Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար](http://investigative.am/storage/files/2020/09/1600322174,3016.jpeg?token=db520b05c5eb6c430aa4a23c5811d1a1aae89e3c)
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արամ Սիմոնյանը, 2015թ. հանդիսանալով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, ունեցել է նշված համալսարանի ֆինանսական գործունեությունը ղեկավարելու և մինչև հիսուն միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր կնքելու իրավասություն: Վերջինս, իրեն վստահված ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով պայմանագրային հիմքով ԵՊՀ մասնաշենքերում պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության տնօրենի հետ, 2015թ. հուլիսի 3-ին կնքված համաձայնագրի շրջանակներում մինչև 2019թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, առանց ծառայությունների մատուցման «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ֆինանսական միջոցներից վատնել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 34.362.581 ՀՀ դրամ գումար՝ բանկային եղանակով փոխանցելով վերոնշյալ ՍՊ ընկերության տնօրենին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: