Լրահոս
20.02.15, 12:38

Փետրվարի 19-ին ձերբակալվել է վարորդ Ռազմիկ Ավետիսյանը

Փետրվարի 19-ին ձերբակալվել է վարորդ Ռազմիկ Ավետիսյանը

Երևանի քննչական վարչությունում շարունակվում է Երևանում փետրվարի 19-ին տեղի ունեցած 4 անձի վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննության նախնական տվյալներով՝ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղաքացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Մարաշի Արմենակյան փողոցով դեպի Հերացու փողոց՝ շուրջ 40կմ/ժ արագությամբ: Հասնելով Արմենակյան փողոցի թիվ 122 հասցեի դիմաց՝ վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա՝ դուրս եկել երթևեկելի գոտուց և, բարձրանալով մայթ, վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետև բախվել ցանկապատին: Վրաերթի հետևանքով մանկահասակ երեխաներից մեկը մահացել է, մյուս երեք քաղաքացիները գտնվում են բժշկական կենտրոններում։

Վթարի հետևանքով վնասվածքներ է ստացել նաև ավտոմեքենայի ուղևորը՝ վարորդի կինը, ով ամբուլատոր բուժօգնություն է ստացել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։

Նախաքննություն է ընթանում՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական-դատաքիմիական և մանրաթելային համալիր փորձաքննություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: