Լրահոս
14.02.17, 15:07

Փլուզվել են առևտրի սրահի տանիքը և պատերը. հարուցվել է քրեական գործ

Փլուզվել են առևտրի սրահի տանիքը և պատերը. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝2 մարդու մահվան պատճառ հանդիսացած՝ առևտրի սրահի պատերն ու տանիքը փլուզվելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2017 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում,  փլուզվել  են Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի միջնակարգ դպրոցի հարևանությամբ գտնվող, առևտրի սրահի պատերն ու տանիքը, ինչի հետևանքով նույն գյուղի բնակչուհիներ Ալմիդա Մեսրոպյանը և Անուշ Սարգսյանը մնացել են փլատակների տակ և ստացած վնասվածքներից տեղում մահացել: Եվս երեք հաճախորդ՝  նույն գյուղի բնակիչներ Տաթևիկ Սարգսյանը, Սարգիս Ալոյանը և Հրազդան քաղաքի բնակիչ Արթուր  Ալոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան ԲԿ» ՓԲԸ։

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է քննություն՝ փլուզման պատճառները պարզելու համար։