Սյունիքում առևանգել են անչափահաս աղջկա. 2 անձի առաջադրվել է մեղադրանք
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքները. 2 անձի առաջադրվել է մեղադրանք։
Նոյեմբերի 11-ի երեկոյան ահազանգ է ստացվել Սյունիքի մարզի բնակչից, որ նույն օրն առևանգել են իր անչափահաս դստերը, ով քոլեջի 1-ին կուրսի ուսանողուհի է։ Անմիջապես ձեռնարկվել են անհետաձգելի գործողություններ՝ անչափահաս աղջկան հայտնաբերելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ աղջկան առևանգել են 2016թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 14-ի սահմաններում. Գորիս քաղաքի Ակսել Բակունցի փողոցում բռնության գործադրմամբ, կամքին հակառակ նրան նստեցրել են ավտոմեքենան, ապա տեղափոխել ու պահել «Սդըղի գյոլ» կոչվող տեղանքում գտնվող տնակում։
Հստակեցվել են առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ՝ 2անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետի հատկանիշներով, որոնցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մյուսի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Եվս մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: