Լրահոս
25.12.18, 13:57

Վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

Վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ Քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում հարուցված քրեական գործը:

Կազմակերպության տնօրենի կողմից 2018 թվականի դեկտեմբերի 5-ին տրված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ  քաղաքաշինության պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի տեսուչը,  ով հանդիսացել է  իրականացված շինարարական աշխատանքների ընդունող հանձնաժողովի անդամը, ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովի ակտում տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության վերաբերյալ մտցրել է կեղծ տեղեկություններ, իսկ համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետը, առանց շինության շահագործման պիտանելիության վերաբերյալ համապատասխան տեխնիկական հետազննության եզրակացության, կազմել և համայնքի ղեկավարին  է ներկայացրել ավարտական ակտի նախագիծ, որը հաստատվել է համայնքի ղեկավարի կողմից: Արդյունքում՝ ավարտված շինարարական օբյեկտը պետական գրանցում է ստացել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, կատարված առերևույթ չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: