Լրահոս
01.12.21, 07:51

Վեցամյա երեխային վրաերթի ենթարկելու գործի նախաքննությունն ավարտվել է (լուսանկարներ)

Վեցամյա երեխային վրաերթի ենթարկելու գործի նախաքննությունն ավարտվել է (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է տրակտորավարի կողմից վեցամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի բնակիչը,  չունենալով մեխանիկական տրանսպորտային միջոցներ վարելու համապատասախան թույլտվություն և վարորդական իրավունք, 2021թ. սեպտեմբերի 16-ին, «Մեղրի ՃՇՇՁ» ՍՊ ընկերությանը պատկանող մեխանիկական տրանսպորտային միջոց համարվող «CLG-856» մակնիշի տրակտորը հետընթաց վարելով, խախտել է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների  համապատասխան պահանջները, ինչի արդյունքում վրաերթի է ենթարկել իր երթևեկությանը համընթաց քայլող վեցամյա աղջկան` անզգուշությամբ պատճառ հանդիսանալով  վերջինիս մահվան համար:

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ տրակտորավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով: