Ավազակային հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի
սեպտեմբեր 06, 2018
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակության դեպքի բոլոր հանգամանքները:
Լոռու մարզի բնակիչը հաղորդում է տվել առ այն, որ ինքը և ևս երկու տղամարդիկ ուրիշի՝ զգալի չափերով գույքը հափշտակելու նպատակով, նախնական համաձայնությամբ, խմբով, 2018թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Լոռու մարզի «Արջիթալա» կոչվող վայրում հարձակվել են Լոռու մարզի բնակիչ Ա.Աղաջանյանի վրա և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, այն է՝ փայտերով հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին, հափշտակել նրա ոսկյա շղթան, ոսկյա մատանին և կանխիկ գումար:
Դեպքի առթիվ 2018թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Նախաքննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած երեք տղամարդիկ նախնական համաձայնություն են ձեռք բերել՝ «Արջիթալա» կոչվող վայրում գտնվող շինությունների նկատմամբ պահպանություն իրականացնող աշխատակցի՝ Ա.Աղաջանյանի գույքը հափշտակելու շուրջ, կատարել դերաբաշխում:
Ըստ քրեական գործի նյութերի՝ հաջորդ օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, տաքսի ավտոմեքենայով նրանք մեկնել են «Արջիթալա» կոչվող վայր: Ըստ դերաբաշխման՝ տղամարդկանցից մեկը, ով հաղորդում տվողն է, պահպանություն իրականացնող աշխատակցի հետ հանդիպել է մոտակա գարեջրատանը, միասին ալկոհոլ են օգտագործել: Տեղեկանալով Ա.Աղաջանյանի մոտ ոսկյա շղթա և մատանի լինելու մասին՝ տղամարդը հեռախոսով պայմանավորվածություն է ձեռք բերել մյուս երկուսի հետ այն մասին, որ տանը մոտենալուն պես՝ դիմակավորված հարձակվեն նրա վրա և հափշտակեն ոսկյա զարդերը:
Երբ ժամը 20:00-ի սահմաններում Ա.Աղաջանյանը մոտեցել է իր տանը, հաղորդում տվող անձը թիկունքից հարվածել է նրան, որից հետո թաքստոցից դուրս են եկել նաև մյուս երկուսը՝ դիմակավորված և փայտերով զինված, և Ա.Աղաջանյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, որպես զենք օգտագործվող առարկաներով՝ փայտերով, հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ապա հափշտակել ոսկյա մատանին, ոսկյա շղթան և կանխիկ գումար, այնուհետև՝ նրան քարշ տվել իր բնակարան և դիմել փախուստի:
Բացի այդ, քննությամբ պարզվել է նաև, որ նշված անձինք մուտք են գործել Ա.Աղաջանյանի պահպանությանը հանձնված շինություն և այնտեղից ևս հափշտակել տարբեր տեսակի իրեր:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեք տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակություն կատարելու համար: Նրանք ցուցմունքներ են տվել դեպքի շուրջ: Նրանցից երկուսն իրենց մեղավոր են ճանաչել մասնակի:
Օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկությամբ նրանցից մեկի աշխատավայրից հայտնաբերվել և առգրավվել է հափշտակված ոսկյա մատանին և ոսկյա շղթան:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ նա մանրամասն նկարագրել է ավազակային հարձակման դեպքի հանգամանքները, տեղը, հայտնաբերվել և առգրավվել են նաև այն իրերը, որոնք հափշտակվել էին Ա.Աղաջանյանի պահպանության տակ գտնվող շինությունից: Կատարվել են առերես հարցաքննություններ, ստուգվել ցուցմունքներում մատնանշված հանգամանքները:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: