Քննչական կոմիտեի մեդալները և կրծքանշանները
«Պատվավոր քննիչ» կրծքանշան

Կրծքանշանը ՀՀ քննչական կոմիտեի բարձրագույն գերատեսչական պարգև է:
Կրծքանշանով պարգևատրվում են ՀՀ քննչական կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 20 տարի մասնագիտական ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների արժանացած ծառայողները՝ իրենց ծառայողական պարտականությունների գերազանց կատարման, աշխատանքի հմուտ կազմակերպման և ծառայողական գործունեության երկարամյա բարձր ցուցանիշների համար:
Կրծքանշանով կարող են պարգևատրվել նաև օտարերկրյա պետությունների քննչական մարմինների՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 20 տարի մասնագիտական ստաժ ունեցող աշխատակիցները՝ ՀՀ քննչական կոմիտեի խնդիրների իրականացման գործում աջակցության և երկարամյա համագործակցության համար:
«Հավատարմության համար» մեդալ
![]()
Մեդալը ՀՀ քննչական կոմիտեի գերատեսչական պարգև է:
Մեդալով պարգևատրվում են ՀՀ քննչական կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 15 տարի մասնագիտական ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների, այդ թվում՝ «Անձնվիրություն և անվեհերություն» կամ «Վաստակի համար» մեդալների արժանացած ծառայողները՝ ծառայողական գործունեության բարձր ցուցանիշների, ՀՀ քննչական կոմիտեում ձևավորված քննչական ավանդույթներին հավատարիմ լինելու և ՀՀ քննչական կոմիտեի գործունեության ապահովման մեջ զգալի ավանդ ունենալու համար:
Մեդալով կարող են պարգևատրվել նաև ՀՀ քննչական կոմիտեի պետական և (կամ) քաղաքացիական ծառայության առնվազն 15 տարվա ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների, այդ թվում՝ «Վաստակի համար» մեդալի արժանացած ծառայողները՝ ծառայողական գործունեության բարձր ցուցանիշների և ՀՀ քննչական կոմիտեի գործունեության ապահովման գործում զգալի ավանդ ունենալու համար:
«Անձնվիրություն և անվեհերություն» մեդալ

Մեդալը ՀՀ քննչական կոմիտեի գերատեսչական պարգև է:
Մեդալով պարգևատրվում են ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները՝ կյանքի և առողջության համար վտանգավոր իրադրությունում, համարձակ որոշումներ պահանջող արտակարգ իրավիճակներում խիզախություն, անձնվիրություն և անվեհերություն ցուցաբերելու համար:
«Վաստակի համար» մեդալ

Մեդալը ՀՀ քննչական կոմիտեի գերատեսչական պարգև է:
Մեդալով պարգևատրվում են ՀՀ քննչական կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 10 տարի մասնագիտական ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների արժանացած ծառայողները՝ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու և ՀՀ քննչական կոմիտեի գործունեության ապահովման մեջ զգալի ավանդ ունենալու համար:
Մեդալով կարող են պարգևատրվել նաև ՀՀ քննչական կոմիտեի պետական և (կամ) քաղաքացիական ծառայության առնվազն 10 տարվա ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների արժանացած ծառայողները՝ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու և ՀՀ քննչական կոմիտեի գործունեության ապահովման գործում զգալի ավանդ ունենալու համար:
«Անբասիր ծառայության համար» մեդալ


Մեդալը ՀՀ քննչական կոմիտեի գերատեսչական պարգև է:
Մեդալն ունի չորս աստիճան․
առաջին աստիճանի մեդալ՝ 15 տարվա ծառայության համար,
երկրորդ աստիճանի մեդալ՝ 10 տարվա ծառայության համար,
երրորդ աստիճանի մեդալ՝ 6 տարվա ծառայության համար,
չորրորդ աստիճանի մեդալ՝ 3 տարվա ծառայության համար:
Մեդալի բարձրագույն աստիճանն է համարվում առաջին աստիճանը: Մեդալով պարգևատրումն իրականացվում է հաջորդաբար՝ չորրորդ, երրորդ, երկրորդ և առաջին աստիճան: Մեդալի նախորդ աստիճանը չունենալու դեպքում հաջորդ աստիճանով պարգևատրումն արգելվում է:
Մեդալով պարգևատրվում են ՀՀ քննչական կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում համապատասխան մասնագիտական ստաժ ունեցող ծառայողները՝ երկարամյա և անբասիր ծառայության համար:
Մեդալով կարող են պարգևատրվել նաև ՀՀ քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայողները:
«Համագործակցության համար» մեդալ

Մեդալը ՀՀ քննչական կոմիտեի գերատեսչական պարգև է:
Մեդալով պարգևատրվում են ՀՀ պետական այլ մարմինների աշխատակիցները, օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների աշխատակիցները՝ հանցագործությունների բացահայտման և քննության գործում ՀՀ քննչական կոմիտեի գործունեությանն աջակցելու, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի խնդիրների իրականացման գործում երկարամյա համագործակցության համար, ՀՀ քաղաքացիները, ՀՀ և օտարերկրյա պետությունների հասարակական և քաղաքական գործիչները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ ՀՀ քննչական կոմիտեի զարգացման և գործունեության ապահովման գործում զգալի ավանդ ունենալու համար, ՀՀ քննչական կոմիտեի վետերանները՝ երկարամյա և արգասաբեր համագործակցության, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի երիտասարդ քննիչներին մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար:
«Լավագույն քննիչ» կրծքանշան

Կրծքանշանը ՀՀ քննչական կոմիտեի գերատեսչական պարգև է:
Կրծքանշանով պարգևատրվում են ՀՀ քննչական կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 3 տարի մասնագիտական ստաժ ունեցող ծառայողները՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման և քննության գործում բարձր ցուցանիշների, ինչպես նաև քննության ժամանակակից տեխնիկա-կրիմինալիստիկական միջոցների և մեթոդների ներդրման համար:
«Պատվավոր գործընկեր» կրծքանշան

Կրծքանշանը ՀՀ քննչական կոմիտեի գերատեսչական պարգև է:
Կրծքանշանով պարգևատրվում են ՀՀ քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձինք:
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 10-ամյակ»

Հոբելյանական մեդալը գերատեսչական պարգև է, որով պարգևատրվում են ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման հոբելյանական 10-ամյակի կապակցությամբ:
Մեդալով պարգևատրվում են ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայողները, տեխնիկական սպասարկում իրականացնող, աշխատանքային պայմանագրով աշխատող այլ անձինք, այդ թվում՝ ծառայությունից կամ աշխատանքից ազատված, ՀՀ քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձինք՝ ՀՀ, օտարերկրյա պետությունների պետական մարմինների ղեկավարները, աշխատակիցները, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարները և դրանց աշխատակիցները, ֆիզիկական և իրավաբանական անձինք (այդ թվում՝ իրավաբանական անձանց ներկայացուցիչները), ՀՀ քննչական կոմիտեի վետերանները, դատավորները, դատախազները, փաստաբանները, լրագրողները, իրավաբան-գիտնականները, փորձագետները: