Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Քննչական կոմիտեի մասին

ՀՀ քննչական կոմիտեն ստեղծվել է 2014 թվականի մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի հիման վրա, որով ամբողջական իրավական կարգավորման ենթարկվեցին նորաստեղծ նախաքննական մարմնի կազմավորման, գործունեության, դրանում ծառայության անցնելու կարգը և պայմանները, ծառայողների իրավունքներն ու պարտականությունները, իրավական և սոցիալական երաշխիքները, ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները:

Օրենքը ստորագրվելուց և ուժի մեջ մտնելուց հետո Քննչական կոմիտեի նախագահը նշանակումներ կատարեց քննչական ծառայության պաշտոններում, որոնք հիմնականում ավարտվեցին 2014 թվականի հոկտեմբերի 8-ին, իսկ այդ օրը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվեց որպես Քննչական կոմիտեի ծառայողի օր:

Քննչական կոմիտեի լիազորություններն են՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված` ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը և իրականացումը:

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի ընդունմանը հաջորդած տարիների ընթացքում դրանում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Ազգային ժողովի կողմից ընդունված ընդհանուր առմամբ 15 օրենքներով, որոնցով վերանայվել ու ամբողջացվել են Քննչական կոմիտեում ծառայության անցմանը, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց իրավունքներին ու պարտականություններին, նրանց կարգավիճակին, աշխատանքի վարձատրությանը, գործունեության իրավական և սոցիալական երաշխիքներին և այլ հարցերին վերաբերող իրավակարգավորումները:

Քննչական միասնական մարմին ձևավորելու ճանապարհին կարևոր էր հետաքննություն իրականացնող մարմինների քննչական ստորաբաժանումները ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածք տեղափոխելու որոշման կայացումը, որի գործնական իրագործմանը ՀՀ Ազգային ժողովը ձեռնամուխ եղավ 2021 թվականին` նոր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մշակման և ընդունման աշխատանքներին զուգահեռ: 2021 թվականի հունիսի 30-ին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ մտավ 2022 թվականի հուլիսի 1-ից: Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումների ուժով չեղարկվեց հետաքննության գործառույթը և հետաքննիչների հաստիքները տեղափոխվեցին Քննչական կոմիտեի հաստիքացուցակ:

Նշված օրենսդրական փոփոխություններին հաջորդեցին Քննչական կոմիտեի նախագահի 2023 թվականի հունվարի 3-ի և 2024 թվականի հունվարի 5-ի՝ համապատասխանաբար թիվ 1-Լ և 3-Լ հրամանները, որոնցով փոփոխություն և լրացումներ կատարվեցին Քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատելու մասին» թիվ 73-Լ հրամանում և ձևավորվեցին Կենտրոնական մարմնի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունը, ինչպես նաև պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունը` իրենց կառուցվածքով ու հաստիքային միավորներով:

Քննչական նշված ստորաբաժանումները ՀՀ քննչական կոմիտեի համակարգ տեղափոխելը լիովին համահունչ էր քննչական մարմինները գործադիր իշխանության համակարգից դուրս բերելու ռազմավարական նպատակին: Քննչական կոմիտեի համակարգ տեղափոխվելու արդյունքում այդ կառույցները թոթափեցին գերատեսչական ենթակայության բեռը, ինչպես նաև չեզոքացվեցին նախաքննության օբյեկտիվությունն ու անաչառությունն ապահովելու հարցում այդ ենթակայությամբ պայմանավորված անխուսափելի ռիսկերը: Միասնական կառույցի կազմում դրանց ինտեգրումը նպաստեց նախաքննության կազմակերպման և իրականացման սկզբունքների, աշխատանքի կազմակերպման, նախաքննության պլանավորման մեթոդների և ձևերի միասնականացմանը, քննչական համակարգի կենտրոնացմանը, դրա կառուցվածքի կատարելագործմանը և քննչական ստորաբաժանումների գործունեության համակարգման մակարդակի բարձրացմանը, որոնք հուսալի երաշխիքներ ապահովեցին նախաքննության կազմակերպման ու իրականացման արդյունավետության համար:

Դրան էր նպատակաուղղված նաև ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 650-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադրումը: Օբյեկտիվորեն հասունացած այս փոփոխությունը հնարավորություն տվեց բարձրացնել քննիչի կողմից ապացուցողական կամ վարութային այլ գործողությունների կատարման ընթացքում ցուցաբերվող փորձագիտական օժանդակության, ինչպես նաև՝ նախաքննության, քրեական վարույթի մասնակիցների՝ վարույթները ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական իրավունքի ապահովման արդյունավետությունը:

Քննչական մարմնի կողմից նախաքննական լիազորությունների արդյունավետ իրականացումը քրեական արդարադատության համակարգի կայացած լինելու և պետության կողմից իրականացվող քրեական քաղաքականության հաջողության գրավականներից է: Ճիշտ կազմակերպված նախաքննությունը երկրում օրինականության հաստատման, հանցավորության դեմ պայքարի ուժեղացման, հանցագործությունների արագ ու լիարժեք բացահայտման և հանցանք կատարած անձանց նկատմամբ օրինական, հիմնավորված ու արդարացի դատական ակտերի կայացման կարևոր երաշխիք է: Հետևաբար, նախաքննական լիազորությունների իրականացման օրենսդրական կառուցակարգերի հետագա բարելավումը, քննիչների դատավարական անկախության ու ինքնուրույնության բարձրացումը, նրանց գործունեության իրավական ու սոցիալական երաշխիքների ընդլայնումը կարևոր ուղենիշներ են նախաքննության արդյունավետության բարձրացման ճանապարհին: