Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համար
մայիս 02, 2024
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի կողմից մասնավոր հարցին առնչվող վեճի լուծումը ստանձնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022թ․ Ալավերդի քաղաքի 49–ամյա բնակիչը համաքաղաքացուց վարձակալությամբ վերցրել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարձակալությունից առաջացած գումարը չի կարողացել վճարել, սակայն պարտավորվել է մաս-մաս վճարել։
Այնուհետև Գեղարքունիքի մարզի բնակիչը, ներգրավված լինելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրագործմանը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, ստանձնել է հիշյալ հարցին առնչվող՝ 49–ամյա տղամարդու կողմից պարտք մնացած գումարի՝ բռնությամբ կամ անօրինական այլ գործողությունների միջոցով վերադարձման խնդրի լուծումը:
Պարզաբանումներ կատարելու նպատակով, 2022թ․ դեկտեմբերից 2023թ․ փետրվարի վերջն ընկած ժամանակահատվածում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը զանգահարել է 49–ամյա տղամարդուն, հայտարարել, որ պարտք մնացած գումարը պետք է տան իրեն, քանի որ ինքն է զբաղվելու գումարը վերադարձնելու հարցով։ Այնուհետև, Գեղարքունիքի մարզի բնակիչը գումարը վերադարձնելու պահանջով պարբերաբար զանգահարել է 49-ամյա տղամարդուն և նրա կնոջը՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» և հարգված անձ է ու պարտք մնացած գումարը պետք է տան իրեն՝ դրա համար սահմանելով վերջնաժամկետ։
Վախենալով իրենց ընտանիքի անդամների համար՝ վերջիններս Գեղարքունիքի մարզի բնակչի կողմից տրամադրված քարտային հաշվեհամարներին կատարել են մի քանի դրամական փոխացնումներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ նշված անձի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց տնային կալանք։
Նախաքննությունը շարունակվում է։