Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Հաշվետվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետի կատարած աշխատանքների վերաբերյալ

հունվար 27, 2021

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Ա.Շ-ի կողմից՝ 22.07.2020-22.01.2021թթ. ժամանակահատվածում պարբերաբար մասնագիտական խորհրդատվություն է իրականացվել ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ծառայողների վարույթում քննվող մի շարք քրեական գործերով, այդ թվում՝ պետությանը պատճառված գույքային վնասով կոռուպցիոն և ոչ կոռուպցիոն բնույթի գործերով, որոնք վերաբերել են քննության համար անհրաժեշտ ելակետային տվյալների ձեռքբերմանը, նախաքննության պլանավորմանը, քննության համար հետաքրքրություն ներկայացնող հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսագիտական փաստաթղթերի առգրավմանը, դրանց ճիշտ ընտրությանը, փորձաքննությունների նշանակմանը և այլն:

Բացի այդ, Ա.Շ-ն, ստորև ներկայացված քրեական գործերով որպես դատահաշվապահական և ֆինանսատնտեսագիտական բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող անձ, քննչական գործողությունների շրջանակներում ներգրավվել է որպես մասնագետ.

1. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության  վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Ա.Շ-ի մասնակցությամբ իրականացվել է թվով 6 համակարգիչներում առկա հաշվապահական հաշվառմանը վերաբերող տեղեկատվության, հաշվարկային հաշիվների քաղվածքների, հարկային մարմնին ներկայացված շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի հաշվարկների, այդ թվում՝ ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ արտացոլված տվյալների զննություն և վերլուծություն, որի արդյունքում ձեռք են բերվել քննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստական տվյալներ:

2. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության  ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության  վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Ա.Շ-ի մասնակցությամբ իրականացվել է ֆինանսական շրջանառությանը վերաբերող փաստաթղթերի, մասնավորապես՝ շուրջ 5 /հինգ/ տարիների ընթացքում կազմված ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև դուրս գրված ու ստացված հաշիվ-ապրանքագրերի զննություն, որի արդյունքում ձեռք են բերվել քննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստական տվյալներ:

3. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության  ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության  վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվել է մեծածավալ, մի քանի տասնյակ թղթապանակներից բաղկացած հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսագիտական փաստաթղթերի զննություն, որի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել կատարված հափշտակությունների վերաբերյալ: Կատարվել է նաև նշված փաթեթների թղթապանակներում առկա պայմանագրերի, հաշիվ-ապրանքագրերի, հանձնման-ընդունման ակտերի, արձանագրությունների ուսումնասիրություն:Վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված առգրավումների և հարցումների արդյունքում ստացված մաքսային գործերի ու ՊԵԿ էլեկտրոնային տեղեկատվական բազաներում ապրանքատեսակների ներմուծումների տվյալների ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել քննության համար հետաքրքրություն ներկայացնող  տեղեկությունները։

4. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Ա.Շ-ի մասնակցությամբ առգրավվել են 2014-2019 թվականներին կազմված թվով 14 թղթապանակներում ներառված հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսագիտական փաստաթղթերը, մասնավորապես՝  ներմուծման փաստաթղթերը, հաշիվ-ապրանքագրերը, հաշվարկ-հաշվետվությունները, գործուղման թերթիկները, դրամարկղի գիրքը և կից օրդերները, գնումների վերաբերյալ պայմանագրերը և պետական գնումներին մասնակցելու հայտերը, աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը, աշխատակիցների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, ինչպես նաև ընկերության վերաբերյալ վարվող համակարգչային ծրագրերի բազաներ:

 

ՀՀ քննչական կոմիտե